«Մեդիա և միգրացիա 2022» աշխատաժողովին քննարկվեցին փախստականների ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները

«Մեդիա և միգրացիա 2022» ծրագրի շրջանակում Միգրացիոն ծառայությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) Աղվերանում կազմակերպեցին երկօրյա աշխատաժողով՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան, որը ողջ աշխարհում նշվում է հունիսի 20-ին։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին վերջին միտումները փախստականության ոլորտում, տեղահանված անձանց, փախստականների ու ապաստան հայցողների վերաբերյալ համաշխարհային վիճակագրական տվյալներ, քննարկվեցին ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները՝ ուղղված փախստականների ու տեղահանված անձանց խնդիրները հմտորեն բարձրաձայնելուն։ Աշխատաժողովին մասնակցում էին նախորդ տարիներին «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթին մասնակցած լրագրողներ, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ, ոլորտով հետաքրքրված այլ մեդիա ներկայացուցիչներ։ Իրենց փորձով երիտասարդ գործընկերների հետ կիսվեցին ոլորտը երկար տարիներ լուսաբանող, «Ճամպրուկ» մրցույթի հաղթող լրագրողները։ Անդրադարձ եղավ փախստականների վերաբերյալ հայաստանյան մեդիա ծածկույթի լավագույն ու վատագույն փորձառությանը, պատճառներին։

Հիշեցնենք, որ «Մեդիա և միգրացիա 2022» ծրագրի այս տարվա մեկնարկը տեղի ունեցավ ս․թ․ ապրիլի 29-ին՝ ԶԼՄ տնօրենների և գլխավոր խմբագիրների մասնակցությամբ։ Ծրագրի երկարաժամկետ նպատակը Հայաստանում միգրացիոն գործընթացների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելն է։

          Ծրագրի շրջանակում հաջորդ հանդիպումը լրագրողների հետ տեղի կունենա երրորդ եռամսյակում և նվիրված կլինի իմիգրացիայի թեմային։

          Հընթացս Միգրացիոն ծառայությունն ու ՄԱԿ ՓԳՀ-ն կհայտարարեն նաև «Ճամպրուկ 2022» լրագրողական մրցույթի՝ դիմումների ընդունման մեկնարկը։

 

Ըստ թեգերի