Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) և Եգիպտոսի Սոցիալական համերաշխության նախարարության հրավերով ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակից Հայկանուշ Չոբանյանը մասնակցեց ս․թ․ նոյեմբերի 15-16-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (ք․ Կահիրե) կազմակերպված աշխատաժողովին՝ վերադարձի և վերաինտեգրման ոլորտի լավագույն փորձով կիսվելու նպատակով։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկեցին Հայաստանում և այլ երկրներում առկա ու գործող ուղղորդման և վերաինտեգրման ազգային մեխանիզմները՝ Եգիպտոսի իշխանություններին տրամադրելով հաստատված լավ փորձը՝ աջակցելու Եգիպտոսի վերադարձի և վերաինտեգրման ազգային մեխանիզմի մշակմանը:
Աշխատաժողովին Հ․ Չոբանյանը ներկայացրել է «Վերադարձի և վերաինտեգրման մեխանիզմները Հայաստանում» թեմայով ելույթը, խոսել քաղված դասերի և առաջիկա անելիքների մասին, ներկայացրել խոցելի խմբերի (առանց ուղեկցության երեխաներ, ծերեր, հաշմանդամներ) հետ աշխատանքը, շահառուների կարիքների գնահատման և ուղղորդման ընթացակարգերը, ինչպես նաև Վերաինտեգրման ֆորումի աշխատանքները, որպես վերաինտեգրման դերակատարների համակարգման արդյունավեր օրինակ և այլն։ Առանձին անդրադարձ է կատարվել ներկայումս ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում վերաինտեգրման գործառույթը փոխանցվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Գործառույթների սահուն անցման նպատակով Միգրացիայի և քաղաքացիության ծառության նախաձեռնությամբ աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը։
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարարության և Ֆրոնտեքսի հետ՝ Հայաստան այցելելու և տեղում ծանոթանալու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հայկական փորձին։