Մաշտոցի և Արաբկիրի անձնագրային ծառայություններում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Մաշտոցի /Շինարարների 10/2/ և Արաբկիրի /Մամիկոնյանց 1/ անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը հուլիսի 3-ից իրականացվելու է էլեկտրոնային հերթագրմամբ:

Առցանց հերթագրման հարթակը https://migration.e-gov.am/ -ն է:

Հարթակն այսօրվանից հնարավորություն է տալիս հերթագրվել: Էլեկտրոնային հերթագրում է գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում /Ահարոնյան 3/:

Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

- անձնագրավորում,

- նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում,

- հաշվառում,

- հանրային ծառայությունների համարանիշի ձեռբերում,

- տեղեկանքների տրամադրում և այլն:

 

Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայություն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։

Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։

2022 թ-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։

Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։

Ըստ թեգերի