ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության պատվիրակությանը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակությանը։ Պատվիրակության անդամները՝ Ֆրոնտեքսի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գիյոմ դը Ռոքինյի-Իրանյի ղեկավարությամբ ներկայացրել են Հայաստանի հետ արդեն իսկ կատարված, ինչպես նաև առաջիկայում ուրվագծվող համագործակցության ծրագրերը։

2022 թվականից Ֆրոնտեքսը Հայաստանում իրականացնում է «Երրորդ երկրների համար նախատեսված՝ վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման տեխնիկական աջակցության նախագծեր» (TAP4RRR): Ծրագրի նպատակն է աջակցել երրորդ երկրների կառավարություններին՝ մշակելու իրենց ազգային ուղղորդման և վերաինտեգրման մեխանիզմները, ինչպես նաև՝ ուժեղացնել նրանց վերաինտեգրման խորհրդատվության կարողությունները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերադարձի և վերաինտեգրման ոլորտում փորձի փոխանակման այցերի կազմակերպում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի շրջանակներում Ֆրոնտեքսի հետ ՀՀ համագործակցության կարևորությանը։ Շեշտադրվել են ՄՔԾ աշխատակազմի, սահմանապահ ծառայության և ոստիկանության աշխատակիցների կարողությունների զարգացման մասով համագործակցության ուղղությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև աշխատել համագործակցության գործող իրավական հիմքերի թարմացման ուղղությամբ։

Ալբոմ
Ըստ թեգերի