ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետև՝ ՄՔԾ) նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և RRF Հայաստան ծրագրի հետ համագործակցությամբ ս․թ․ հունվարի 23-ին տեղի ունեցավ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի 18-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ` միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխություններով պայմանավորված՝ ՄՔԾ և ԱՎՎ աշխատակազմերի վերապատրաստման շրջանակներում անցկացվող հարցազրույցների ավարտի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով, որ ՄՔԾ վերապատրաստված անձնակազմը կշարունակի ծառայություններ մատուցել քաղաքացիության տրամադրման/դադարեցման, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման, ՀՀ քաղաքացիներին անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման և մի շարք այլ ուղղություններով։ Հ․ Չոբանյանը նշեց նաև, որ վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված՝ ինտեգրման և վերաինտեգրման ոլորտում ՄՔԾ կողմից իրականացվող ծրագրերի իրականացումը վերապահվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների պետ Էլինե Սանթրոսյանը նշեց, որ նախարարությունը կշարունակի ապահովել ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների, տեղահանված անձանց, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձողների համար ոլորտում առկա ծրագրերի իրականացումը։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի (այսուհետև՝ ՄՔՄՄԿ) ծրագրի ղեկավար Անդրեյ Ափոյանը ներկայացրեց «EU4IMPACT ARMENIA» ծրագրի շրջանակներում 2023թ․ ընթացքում կատարված աշխատանքները, վիճակագրական տվյալներ դիմորդների, դասընթացների, հաստատված բիզնես ծրագրերի և դրանց գործունեության ոլորտների մասին։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը, նույն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Զարուհի Տոնոյանը և ծրագրի խորհրդատու Տաթևիկ Բեժանյանը մանրամասն ներկայացրին «Միգրացիոն իրավիճակի դինամիկան և քաղաքականության իրականացումը Հայաստանում» համապարփակ ելակետային ուսումնասիրության զեկույցը, որը ներկայացնում է Հայաստանի ընթացիկ միգրացիոն քաղաքականության համառոտ նկարագիրը։
«RRF Հայաստան» ծրագրի վերադարձի և վերաինտեգրման բաղադրիչի պատասխանատու Մարիա Հարությունյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում 2023թ-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքները։
Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) ծրագրի ղեկավար Վարդուհի Միքայելյանը ներկայացրեց OFII-ի կողմից իրականացվող աշխատանքները։
ՄՔԾ Վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակից Անահիտ Չոբանյանը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում վերադարձողների վերաբերյալ 2023թ․ տարեկան ամփոփված վիճակագրությունը։
Ֆորումի անդամ մասնակից մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց ծրագրերի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու փոփոխությունները։