Ընդհանուր տեղեկություններ օրինական միգրացիայի վերաբերյալ
Անձի ազատ տեղաշարժի իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը:
1948թ. ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 13-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած՝ այդ թվում սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադանալու իրավունք»: Իսկ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950թ. եվրոպական կոնվենցիան կոնկրետացնում է հիշյալ իրավունքի իրականացման շրջանակները: Այսպես. տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը վերապահվում է միայն այն անձին, որն «օրինական հիմքերով է գտնվում որևէ պետության տարածքում», սահմանվում են այն հիմքերը, որոնց առկայությամբ կարող է արդարացվել տեղաշարժի ազատության իրավունքի սահմանափակումը:
Հարկ է նշել, որ տեղաշարժի ազատությունը չի ներառում կամայական ընտրությամբ որևէ երկիր մուտք գործելու ընդհանուր, համընդհանուր իրավունք, չնայած դա տեղաշարժի ազատության իրավունքի հենց այն բացակայող բաղադրիչն է, որը մարդիկ շատ հաճախ ցանկանում են ունենալ: Բացի այդ, ընդունված միջազգային նորմերի համաձայն, օտարեկրացուն մուտքի իրավունքի տրամադրումը համարվում է տվյալ երկրի ինքնիշխան իրավունքներից մեկը, և այն օտարերկրացիները, որոնք, տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելով, մուտք են գործում կամ գտնվում (բնակվում են) այնտեղ, համարվում են անօրինական միգրանտներ:
Իսկ ինչպե՞ս օրինական կարգով մուտք գործել և գտնվել (բնակվել) այլ երկրներում:
Դա հնարավոր է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում`
- ընտանիքի վերամիավորում
- կրթություն
- աշխատանք
- ապաստան
Ընտանիքի վերամիավորում
Տվյալ պետությունում օրինական բնակվող անձի ընտանիքի անդամները կարող են ժամանել այդ երկիր` իրենց հարազատի հետ բնակվելու նպատակով: Այս դեպքում որպես ընտանիքի անդամներ դիտարկվում են կինը/ամուսինը, անչափահաս երեխաները, խնամքի տակ գտնվող ծնողները:
Կրթություն
Տվյալ պետության որևէ ուսումնական հաստատություն ընդունված անձը կարող է մուտք գորրծել և բնակվել այդ երկրում ուսանելու ժամանակահատվածում: Սակայն նրա մուտքը կթույլատրվի միայն այն պարագայում, եթե լինի հավաստիացում, որ նա կարող է վճարել (ինքը կամ որևէ հիմնադրամ կամ երրորդ անձ) իր ուսման և կեցության հետ կապված բոլոր ծախսերը:
Աշխատանք
Այս դեպքում անձի մուտքը թույլատրվում է տվյալ երկրում աշխատելու թույլտվություն և գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում: Որպես կանոն նման հնարավորություն է տրամադրվում բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Միաժամանակ երկրների մեծամասնությունն անգամ նրանց դեպքում սահմանում են մուտքի բավականին բարձր չափանիշներ` համապատասխան կրթություն, բավարար աշխատանքային ստաժ և փորձառություն, օտար լեզվի գերազանց իմացություն, իրենց երկրում կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված տարեկան վարձատրության բավականին բարձր չափ և այլն:
Ապաստան հայցողներ
Այլ երկրներում ապաստան փնտրելու և ստանալու իրավունքն ամրագրված է ինչպես միջազգային իրավական փաստաթղթերում /Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, «Փախստականների մասին» 1951թ. ժնևյան կոնվենցիա/, այնպես էլ մի շարք պետությունների սահմանադրություններում և օրենքներում: Ապաստանի տրամադրումը ենթադրում է պաշտպանություն ետ վերադարձվելուց /«non-refoulerment» սկզբունք/ և տվյալ երկրի տարածքում մնալու հնարավորություն այնքան ժամանակ, որքան որ պաշտպանության կարիք կա: Այլ կերպ ասած, մինչև տվյալ երկրի սահմանային կետ հասած և այդ երկրից ապաստան հայցող անձին թույլատրվում է մուտք գործել երկիր և այնտեղ մնալ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ բացասական որոշում չի կայացվել նրա հայցի վերաբերյալ: