-
1
Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն ապաստան հայցողները.
Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու և մի շարք այլ իրավունքներ ունեն։
Նրանք, իրենց իրավունքներից օգտվելիս, պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները և ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:
Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։ -
2
Ապաստան հայցողների անձնական տվյալների պաշտպանությունը
Ապաստան հայցողների հայտնած տեղեկությունները գաղտնի են։ Դրանք չեն հաղորդվում իրենց երկրների իշխանություններին, ներառյալ դեսպանատներին, կամ որևէ այլ անձի: Այդ տեղեկությունները այլ անձանց կարող են տրամադրվել միայն ապաստան հայցողի գրավոր համաձայնության դեպքում: Հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:
Պետական մարմնի կողմից տեղեկատվության փոխանցումը զանգվածային լրատվական միջոցներին միջնորդավորված կերպով հանգեցնում է վերը նշված օրենքի խախտմանը, ուստի նման ցանկացած հայտ մերժվում է Միգրացիոն ծառայության կողմից։ -
3
Ինչպե՞ս է կազմակերպվում օտարալեզու ապաստան հայցողի և միգրացիոն ծառայության աշխատակիցների հաղորդակցությունը։
Ապաստան հայցողի ցանկությամբ հարցազրույցն անցկացվում է իր նախընտրած սեռի աշխատակցի կողմից։ Եթե ապաստան հայցողը հայերեն չի խոսում, ապա հարցազրույցը կանցկացվի ՄԾ-ի կողմից հրավիրված` ապաստան հայցողի նախընտրած սեռի թարգմանչի մասնակցությամբ: Միգրացիոն ծառայության համաձայնությամբ՝ ապաստան հայցողը նաև կարող է նաև ներկայացնել թարգմանիչ իր սեփական ընտրությամբ և սեփական միջոցներով: