-
1
Փախստականները ե՞րբ կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար
-
2
Դատարաններում պետական տուրքի գծով ի՞նչ արտոնություններ է տրվում փախստականներին
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ փախստականի կարգավիճակ ստացած անձինք իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ դատարաններ հայցեր ու բողոքներ ներկայացնելիս ազատվում են պետական տուրքի վճարումներից:
-
3
Ի՞նչ պայմաններով փախստականներն իրավունք ունեն ՀՀ տարածքում աշխատանք փնտրել և աշխատել
Նույն պայմաններով, ինչ ՀՀ քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
-
4
Ի՞նչ կարգով ՀՀ-ում փախստականներն իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ
ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով
-
5
Ինչպիսի՞ պաշտպանություն է տրամադրվում փախստականներին` մտավոր սեփականության իրավունքների նկատմամբ
ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին գյուտի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ֆիրմային անվանումների, ինչպես նաև գրակա-նության, արվեստի և գիտական ստեղծագործությունների սեփականության իրավունքների նկատմամբ տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ ՀՀ քաղաքացիներին:
-
6
Ո՞ր դեպքում փախստականներն իրավունք ունեն օգտվելու ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային խեղման, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովություն, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք
Եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
-
7
Ինչպիսի՞ իրավունքներ ունեն ապաստան ստացած փախստականները` հիմնական ընդհանուր կրթության հարցում
ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ:
-
8
Ինչպիսի՞ իրավունքներ ունեն փախստականները` ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագրերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից և վճարումներից ազատման, ինչպես նաև կրթաթոշակների շնորհման հարցում
Օտարերկրյա քաղաքացիներին հավասար իավունքներ:
-
9
Ո՞վ կարող է ստանալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ
16 տարեկանը լրացած` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը:
-
10
Ու՞մ փաստաթղթում են լրացվում մինչև 16 տարեկան փախստականի տվյալները
Նրա ծնողների կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում:
-
11
ՄԻնչև 16 տարեկան ո՞ր փախստականին կարող է տրամադրվել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ
Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված փախստականին տրամադրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի ՀՀ-ից դուրս գալու դեպքում:
-
12
Քանի՞ տարի է վավերական կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
2 տարի, որից հետո փախստականի դիմումի հիման վրա փաստաթղթի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացվում է ևս 2 տարով:
-
13
Ի՞նչ ժամկետում է տրվում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
Դիմումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում:
-
14
Ո՞ր դեպքերում կարող է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվել նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով
Դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործելու համար ոչ պիտանի լինելու դեպքում:
-
15
Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխանակման համար
Դիմում, փոխանակման ենթակա փաստաթուղթը և 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար
-
16
Ի՞նչ անել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցնելու դեպքում
Պատասխան. 10-օրյա ժամկետում այդ մասին հայտնել Միգրացիոն ծառայություն, ՀՀ ոստիկանության մարմին, իսկ օտարերկրյա պետություններում փաստաթղթի կորստյան դեպքում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
-
17
Ու՞ր հանձնել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պատճառով անձի փախստականի ճանաչումը և ապաստանի տրամադրումը դադարեցվելու դեպքում
Միգրացիոն ծառայություն, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
-
18
Ու՞ր հանձնել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում
Այդ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
-
19
Ու՞ր հանձնել մահացած փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
Մահվան գրանցումը կատարող մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
-
20
Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում նոր փաստաթուղթը ի՞նչ ժամկետով է տրվում
Նախորդ փաստաթղթի վավերականության ժամկետով:
-
21
Ու՞ր հանձնել գտնված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն:
-
22
Կարո՞ղ է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը գրավ դրվել
Ոչ: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը գրավ դնելն արգելվում է: