Միգրացիոն Պրոֆիլ
Միգրացիոն ծառայությունը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) Հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ և ի կատարումն ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 19-ի թիվ 44 արձանագրային որոշման, մշակել և հրապարակել է ՀՀ ընդլայնված միգրացիոն պրոֆիլի առաջին թողարկումը, որը նվիրված է 2013-2017թթ. Միգրացիոն իրավիճակի վերլուծությանը։
Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլ (ԸՄՊ) առաջին վերլուծական զեկույցն, իրենից ներկայացնում է 2013-2017 թվականների միգրացիոն տվյալների մանրամասն վերլուծություն: ԸՄՊ–ի մշակումը բարդ և բազմաշերտ գործընթաց է, որը ենթադրում է շահագրգիռ մարմինների սերտ համագործակցություն, առանց որի հնարավոր չէ իրականացնել ներկայացվող բազմապիսի տվյալների հավաքագրումը, մշակումը և վերլուծությունը։ Միգրացիոն պրոֆիլի առկայությունն առաջնային նշանակություն ունի միգրացիոն արդյունավետ և թիրախավորված քաղաքականության մշակման գործընթացի կազմակերպման և իրականացման համար։ Բացի այդ ԸՄՊ-ը նաև հարուստ աղբյուր է հետազոտողների, լրագրողների և միգրացիոն խնդրով հետաքրքրված մասնագետների համար։ Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից՝ ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 19-ի թիվ 44 արձանագրային որոշման 4-րդ կետի համաձայն։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ սույն զեկույցի մշակումը արդյունք է բազմաթիվ գերատեսչությունների (ՀՀ ոստիկանություն, ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ, միջազգային կազմակերպություններ, անկախ փորձագետներ) սերտ համագործակցության և ջանասեր աշխատանքի։ Այս համատեքստում Միգրացիոն ծառայությունը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին կատարված բեղմնավոր աշխատանքի համար։