Տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՆԳՆ, Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դեսպանությունների, ինչպես նաև «FRONTEX» կազմակերպության ներկայացուցիչները: Նիստը համանախագահում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի հետընդունման բաժնի պետ Սիլվենա Պեստան: Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ իրենց կողմից շարունակական աշխատանքներ են տարվում միգրացիայի կառավարման ոլորտում անվտանգ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, բարձր են գնահատվում ներքին գործերի նախարարության ստեղծման համատեքստում նախաձեռնված ոլորտային բարեփոխումները, և առկա է պատրաստակամություն շարունակել աջակցությունը այդ փոփոխություններին, մասնավորապես Ծառայության կարողությունների հզորացման ուղղությամբ: Ա. Ղազարյանը ներկայացրեց ռեադմիսիոն համագործակցության համատեքստում հայաստանյան կողմի արդյունավետ ցուցանիշները, որոնք, նիստի մասնակիցների հավաստամամբ, բարձր են գնահատվում եվրոպացի գործընկերների կողմից: Նշվեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 237 ռեադմիսիոն հայց 382 անձանց մասին: Ստացված հայցերի համատեսքտում անձանց 89.66 տոկոսի ՀՀ քաղաքացիությունը հաստատվել է: Հայցերի մեծ մասը՝ 129-ը՝ 212 անձանց վերաբերյալ, ստացվել են Գերմանիայից: Ղազարյանը հիշեցրեց, որ 2020 թ-ին ստացված հայցերի թիվը կազմել է 503, դրանցում ընդգրկված անձանց թիվը՝ 867:

ՄՔ ծառայության պետը խոսեց նաև Հայաստանում միգրացիոն գործընթացների՝ վերջին տարիներին նկատվող միտումների մասին՝ նշելով, որ Հայաստանը էմիգրացիայի երկրից վերածվել է նաև տրանզիտ և իմիգրացիոն երկրի, իսկ ԵՄ երկրներում արձանագրվող ապաստանի չարաշահվող դիմումների մեծ մասը կապված է առողջապահական խնդիրների հետ, ինչի ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Ս. Պեստան, անդրադառնալով ԵՄ երկրների սահմանը ապօրինի հատած ՀՀ քաղաքացիների ցուցանիշներին, նկատվող միտումներին, նշեց վերջին տարիներին ապաստանի մերժված դիմումների և դրանց հետևանքով առաջացող հարկադիր ու կամավոր վերադարձի գործընթացների մասին: Կողմերը քննարկել են հետընդունման հարցերով վիճակագրությունը, համաձայնագրի երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ինչպես նաև համաձայնագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։ Անդրադարձ կատարվեց ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, դեպի Հայաստան կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Եվրոպական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերեցին շարունակել գործուն քայլերը Հայաստան-ԵՄ հետընդունման հարցերով համաձայնագրի հետագա կիրարկման ուղղությամբ:

Ալբոմ
Ըստ թեգերի