ՄՔԾ պատվիրակությունը Ալբանիայում մասնակցեց վերադարձի և վերաինտեգրման թեմայով միջազգային աշխատաժողովի

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցներ Արուս Աթանեսյանը և Անահիտ Չոբանյանը ս․թ․ նոյեմբերի 7-8-ը Ալբանիայի Հանրապետության Տիրանա քաղաքում մասնակցել և ելույթով հանդես են եկել Ալբանիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Հետընդունման, կամավոր վերադարձի և կայուն վերաինտեգրման խթանում» թեմայով աշխատաժողովին, որին մասնակցում էին Պրահյան գործընթացի մասնակից 2 տասնյակից ավել երկրների 40 ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր Պրահյան գործընթացի գործողությունների ծրագրի (2023-2027) շրջանակներում նախանշված գործողությունների, մասնավորապես՝ հետընդունման, հարկադիր և կամավոր վերադարձի գործընթացների քննարկմանը, ազգային և տարածաշրջանային հեռանկարների ու փորձառությունների  ներկայացմանը, ինչպես նաև պետությունների կողմից իրականացվող քաղաքականությունների բացերի ու կարիքների վեր հանմանը։

Ա․ Չոբանյանը ներկայացրել է հետընդունման հայաստանյան քաղաքականությունն ու լավագույն փորձը։ Այդ համատեքստում խոսել է Հայաստանի կողմից հետընդունման համաձայնագրերի և դրանց կիրարկման արձանագրությունների կատարման ընթացքի մասին, ներկայացրել Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգն ու վիճակագրական տվյալներ ստացված հետընդունման հայցերի վերաբերյալ, անդրադարձել հետընդունման ոլորտում Հայաստանի համագործակցությանը գործընկեր երկրների պատասխանատու կառույցների հետ, ինչպես նաև մատնանշել գործնականում առկա այն մարտահրավերներն ու կարիքները, որոնք առկա են ոլորտում։

Աշխատաժողովի երկրորդ օրը նվիրված էր ազգային և տեղական մակարդակներում վերաինտեգրման ոլորտում իրականացվող քաղաքականությունների և ծրագրերի ներկայացմանն ու քննարկմանը։

Ա․ Աթանեսյանը ներկայացրել է վերադարձի և վերաինտեգրման ոլորտում հայաստանյան լավագույն փորձը, խոսել վերադարձի  պետական աջակցության ծրագրի և դրա շրջանակներում հատկացվող աջակցության տեսակների մասին, ներկայացրել վիճակագրական տվյալներ ծրագրի շրջանակներում բնակվարձի աջակցություն ստացած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանում տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման աջակցության ծրագրերը։

ՄՔԾ աշխատակիցները մասնակցել են նաև խմբային աշխատանքների ընթացքում տեղի ունեցած քննարկումներին՝ մասնավորապես ներկայացնելով հետընդունման, ինչպես նաև վերադարձի և վերաինտեգրման ոլորտում լավագույն փորձի  և մարտահրավերների մասին։

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել կիսվել հետընդունման, ինչպես նաև վերաինտեգրման ոլորտներում իր ունեցած լավագույն փորձով Պրահյան գործընթացի մասնակից երկրների հետ։

 

 

 

Ըստ թեգերի