ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

Հրապարակված է հուլ 23, 20

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի՝ փախստականության խնդիրներին ուղղված նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին և կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանին։

Ամփոփելով ս․թ․ հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջազգային կոնֆերանսի արդյունքները՝ կողմերը քննարկեցին փախստականների հայկական հարթակ ստեղծելու գաղափարը։ ՄԾ պետ Ա․Ղազարյանը ողջունեց միասնական հարթակի ստեղծման մտահաղացումը և ներկայացրեց ոլորտում առկա մարտահրավերներն ու ընթացիկ աշխատանքները։

Ա․ Ղազարյանը, ներկայացնելով ՄԶՄԿ-ի նախաձեռնող խմբի նախնական հանդիպումների բովանդակությունը, հնչած մտահոգություններն ու հարթակի երկարաժամկետ տեսլականը, հայտնեց, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում ոլորտի այլ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ, աշխատանքներ կտարվեն Ազգային ժողովի հետ համատեղ, ինչպես նաև կլինի համագործակցություն հասարակական հատվածի հետ։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հրապարակված է հուլ 10, 20

ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակրեպության (ՄՄԿ)  նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանում եւ Վրաստանում միգրանտների իրավունքների եւ լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի համակարգող մարմնի 1-ին հեռավար հանդիպումը, որի նպատակն է գործընկերներին ներկայացնել և քննարկել ծրագրի ընթացքն ու ադրյունքները, ինչպես նաև ծրագրի արդյունավետության բարձրացմանն ուղղված հիմնական առաջարկությունները։

«Ծրագրի երրորդ բաղադրիչն եմ առավել կարևորում, որը նախատեսում է Հայաստանում գտնվող միգրանտների կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրում»,-նկատեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ գնահատելով, որ ծրագիրը Կառավարության օրակարգային կարիքներից բխող հարցի լուծում է ենթադրում։ «Սա Հայաստանում զրոյից ներդրվող ինստիտուտ է, հուսամ կդառնա մեև հիմնական աշխատանքային գործիքներից մեկը և կթեթևացնի Անձնագրային և վիզաների վարչության արտաքսման վարույթների ծանրաբեռնվածությունը»,- ընդգծեց ՄԾ պետը՝ հավելելով, որ այս պրակտիկան հազվադեպ է կիրառվել Հայաստանում՝ դեպքից դեպք՝ ՄՄԿ-ի հետ համագործակցությամբ։ 2018 թ-ին, օրինակ, ութ դեպք է արձանագրվել, երբ կազմակերպվել է միգրանտի վերադարձը իր ծագման երկիր։

Առաջիկա աշխատանքների շրջանակում կմշակվի օրենսդրական բազա, որի հիման վրա կձևավորվի ինստիտուցիոնալ պրակտիկա։

«Ծրագրի առանցքում Հայաստանում գտնվող միգրանտների իրավունքներն են, մինչդեռ, որպես կանոն, մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել են հայ էմիգրանտների հարցերը, հիմա փորձում ենք լրացնել եղած բացը։ Այս համատեստքում խնդրահարույց է Հայաստանում բնակվող միգրանտների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը։»,-նշեց ՄՄԿ Հայաստան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Միանսյանը՝ հավելելով, որ հատկապես տեղեկատվության պակաս կա ոլորտում։ «Համաճարակը փոխել է միգրացիոն հոսքերի պրակտիկան։ Այս պայմաններում, երբ Հայաստանում շատ միգրանտներ ունեն խնդիրներ՝ կապված տեղեկատվության, աշխատանքային, առողջապահական, սոցիալական և այ ծառայությունների հասանելիության հետ, առավել ակտուալ է դառնում ծրագիրը»,-նկատեց նա։

EMERGE ծրագիրը մեկնարկել է 2019 թ-ի դեկտեմբերին, տևելու է մինչև 2022 թ-ի նոյեմբեր։ Ծրագրի նպատակն է բարելավել կառավարման մարմինների կարողությունները միգրանտների իրավունքների և միգրացիայի կառավարման հարցերում, ինչպես նաև խթանել տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը։ Ծրագրի գործընկերներն են Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը/սահմանապահ զորքերը, Ոստիկանությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, միգրացիայի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները։  Առցանց քննարկմանը մասնակցում էին նշված գերատեսչությունների ներկայացուցիչները։

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ Է. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՕՐՎԱՆ

Հրապարակված է հուն 20, 20

         Այսօր տեղի ունեցավ առցանց համաժողով «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան։

               Համաժողովը մեկնարկեց ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի տեսաուղերձով, որին հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսաուղերձը։ Նախարարը ներկայացնելով վերջին երեսնամյակում դեպի Հայաստան տեղահանված զանգվածային հոսքերը՝ մասնավորապես Ադրբեջանից, Իրաքից և Սիրիայից, մատնանշեց ոլորտի մարտահրավերները։ «Երկու կետ եմ ուզում ընդգծել։ Առաջինը, միջազգային համերաշխությունն է, որը սահմանված է նաև 1951 թ-ի փախստականների կոնվենցիայում, երկրորդը, որը մնում է ժամանակի հրամայականը, մարդասիրական ճգնաժամի քաղաքականցումը բացառելն է։ Ոչ մի հանգամանք չպետք է ստիպի գործիքավորել փախստականներին և տեղահանված անձանց քաղաքական նպատակներով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ միջազգային համագործակցությունը մարդասիրական մարտահրավերներին, մասնավորապես փախստականությանը, արդյունավետորեն ծառայեցնելու գործը պետք է սահմաններ չունենա և լինի հնարվորինս ներառական։

ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, պատմությունը, վկայակոչեց Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, նրա ծավալած մարդասիրակ գործունեությունը։ «Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատել է որպես աշխարհում փախստականների նատուրալիզացման լավագույն փորձերից: Ավելորդ է նշել, որ մեզ համար մշտապես քաղաքակրթորեն խորթ է եղել փախստականների խնդիրները շահարկելու և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը»,-ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ չնայած սահմանափակ ֆինանսական կարողություններին Հայաստանը այժմ էլ հանդես է գալիս որպես փախստականներ ընդունող երկիր՝ ապաստան տրամադրելով տարբեր ժամանակներում պատերազմից և ներքին տագնապներից տուժած մարդկանց:

               Միջոցառմանը, որն ուղղված էր փախստականների խնդիրների բարձրաձայնմանը, դրանց գույքագրման հարցում նոր մոտեցումների մշակմանը՝ հետագայում քաղաքականությունների մշակմանն աջակցելու, նոր մարտահրավերներին դիմակայելու և լուծումներ առաջարկելու նպատակով, մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։

     Մեջբերելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփն ասաց․ «Այս տարի կորոնավիրուսի համաճարակը հավելյալ ուշադրություն թելադրեց փախստականների և տեղահանված անձնաց նկատմամբ, որոնք խոցելի անձնանց շարքում են։ Իմ վերջին՝ Covid-19 հակիրճ քաղաքականության և «Մարդիկ շարժման մեջ» փաստաթուղթը կոչ է կառավարություններին՝ համոզված լինելու, որ իրենք առավելագույնս ընդգրկված են արձագանքի և վերականգնողական գործողություններում»։  

      ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի խոսքով՝ Փախստականների համաշխարհային օրը նշանավորվում է այն մարդկանց ուժն ու տոկությունը, ովքեր ստիպված են եղել դիմել փախուստի և գտել են ապահով հանգրվան, նոր կյանք սկսելու  խիզախություն են ունեցել նոր երկրում, որը կարող են տուն համարել։ «Փախստականներն իրենց հետ հմտությունների, գիտելիքների և փորձառության մեծ բազմազանություն են բերում։ Հնարավորության դեպքում նրանք կարող են շոշափելի ներդրումներ ունենալ իրենց ընդունող երկրի զարգացման գործում»,-նշեց նա՝ հավելելով, որ ՄԱԿ ՓԳՀ-ն դիմում է բոլորին ՝ օգնելու շարունակել համերաշխության գլոբալ շարժումը, որում յուրաքանչյուրը կարող է փոփոխություն կատարել, և բոլորը հաշվվում են, երբ խոսքը վերաբերում է բոլորի, ներառյալ փախստականների, տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց ներառման, հարգանքի և արժանապատվության խթանմանը:

               Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձավ օրեցօր ի հայտ եկող նոր մարտահրավերներին՝ նշելով Հայաստանում ապաստանի համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։ «Նախորդ տարի մեկնարկել ենք բնակարանի գնման վկայականների ծրագիրը։ Միջազգային գործընկերների հետ փորձում ենք օժանդակել սիրիահայ փախստականների ինտեգրման հարցերին»,-ասաց նա՝ որպես հայաստանյան ինտեգրման լավագույն փորձ փախստականների՝ ՀՀ քաղաքացուն գրեթե համահավեսարեցված իրավունքների շարքում ընդգծելով աշխատանքի իրավունքը։

               Մարդու իրավունքների պաշտպան Արմանը Թաթոյանն ընդգծեց փախստականների՝ իրավունքների խախտման առումով առավել խոցելի լինելու հանգամանքը՝ պայմանավորված լեզվալկան, մշակութային և այլ տարբերություններով և այդ առիթով շեշտադրեց, որ պետության պաշտպանական մեխանիզմների նշաձողը պետք է առավել բարձր լինի։

               ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանի առաջարկը՝ ստեղծելու փախստականների միասնական հարթակ, ողջունեցին մասնակիցներից շատերը։

               Հավաքագրված հարցերի շրջանակը կմշակվի կազմակերպիչների կողմից՝ որպես ոլորտի հիմնախնդիրների, մարտահրավերների և լավագույն փորձի կատեգորիաներ։ Դրանց հիման վրա կմշակվեն առանձին օրակարգեր՝ գրանցված հարցերը առանձին քննության առարկա դարձնելու նպատակով։

               Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հկ-ի համատեղ ջանքերով։

ԿԱՅԱՑԱՎ ԻՐԻՍ ԲԻԶՆԵՍ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հրապարակված է նոյ 07, 19

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկա է գտնվել ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական արարողությանը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է Սիրիական Ճգնաժամին ի պատասխան ստեղծված Եվրոպական Միության Տարածաշրջանային Թրասթ ֆոնդի` «ՄԱԴԱԴ» ֆոնդի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում՝ Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի կողմից։

ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է (3 միլիոնը՝ հատկացված Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ) կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բյուջեն:

Միջոցառումը համախմբել է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ֆինանսավորող և հիմնադիր կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, պետական և մասնավոր ոլորտների գործընկերներին, միջազգային կառույցներին, փորձագետներին և մեդիա ներկայացուցիչներին՝ նշելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնումը:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շնորհանդեսին բացման հանդիսավոր խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երևանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը, Ավստրիական Կարմիր խաչի գործառնությունների և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Վոլտեր Հայեկը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Ռուբեն Օսիպյանը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ծրագրի ղեկավար Նարինե Թերզյանը ներկայացրել է ինկուբատորի առաքելությունը, նպատակներն ու գործառույթները:

Մանրամասն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ՝ ՀՕԳՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԲ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Հրապարակված է նոյ 07, 19

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկա գտնվեց Համաշխարհային բանկի "Աշխատել Հայաստանի ավելի լավ ապագայի ապահովման համար. աշխատաշուկայի դինամիկայի վերլուծություն" աշխատաշուկայի ախտորոշիչ ուսումնասիրության և միգրացիային նվիրված "Աշխատուժի միջազգային շարժունության ավելի լավ ընկալում" շրջանակային փաստաթղթի ներկայացմանը:

Հետազոտությունների ներկայացումից հետո տեղի ունեցավ աշխատանքային քննարկում Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և զբաղվածության թիմի հետ, որի ղեկավարը՝ սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտի ավագ տնտեսագետ Մադդալենա Հոնորատին, ներկայացրեց հաջորդ հետազոտության համար նախատեսվող աշխատանքները։

ՄԾ պետ Ա. Ղազարյանը շեշտադրեց առաջնահերությունները միգրացիոն քաղաքանության համատեքստում՝ անդրադառնալով սեզոնային ախատանքային միգրանտների կողմից իրականացվող դրամական փոխանցումներին։ «Առաջիկայում մի ծրագիր ենք իրականացնելու ԵՄ ֆինանսական օժանդակությամբ՝ 1+1 սկզբունքով, որի գաղափարը աշխատանքային միգրանտի ֆինանսական միջոցները կրկնապատկելն ու այն ներդրումային նպատակների ուղղելն է»,-ասաց Ղազարյանը՝ առաջարկելով նմանօրինակ այլ մեխանիզմների մշակում՝ համայնքների զարգացման տրամաբանությամբ։

Ավագ տնտեսագետ Սունհվա Յին, մեջբերով համանման երկրների միջազգային փորձեր, խոստացավ առաջարկների փաթեթ մշակել և ներկայացնել համատեղ քննարկման։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ընդգծեց մեծ գործատուների պակասը Հայաստանում և դրանից բխող դժվարությունները աշխատաշուկայում։

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Հրապարակված է նոյ 05, 19

Միգրացիոն ծառայություն վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանն ու Հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը հանդիպում ունեցան Բելգիայի ապաստան հայցողների ընդունման դաշնային գործակալության (FEDASIL), Բելգիայի Կարիտաս բարեսիրական կազմակերպության և նույն երկրի Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Հյուրերը ներկայացրին, որ 2016 թ-ից ի վեր իրականցնում են ծրագիր՝ ուղղված բժշկական խնդիրներով Բելգիայում անօրինական բնակված և վերադարձված օտարերկրացիների աջակցությանը, որում մասնակցություն ունեն նաև ապաստան հայցողներ Հայաստանից։

Հ. Չոբանյանը ներկայացրեց ՄԾ-ի մշակած վերաինտեգրման առաջնային աջակցության ծրագրի նախագիծը։ «Նախատեսում ենք բնակվարձի փոխհատուցման վեցամսյա սուբսիդիա տրամադրել ամենախոցելի ընտանիքներին, ինչպես նաև ստանձնել մեկ պատուհան ծառայության խորհրդատվական և ուղղորդիչ գործառույթներ»,-ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը միջգերատեսչական քննարկումների փուլում է և շուտով ներկայացվելու է Կառավարություն։
Ն. Դավթյանը ներկայացրեց անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված քայլերը՝ տեղեկատվական արշավների և քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելուն նվիրված միջոցառումների միջոցով։ «Սա նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով սահմանված գործառույթ է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք՝ չխնայելով ոչ մի ջանք ու միջոց»,-ասաց նա։

ԱՄԵՆ ԻՆՉ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ «ՀԱՆՁՆՎԵԼՈՒ» ՄԱՍԻՆ

Հրապարակված է նոյ 04, 19

Տեսանյութը պատմում է.

  • Թե ինչ է նշանակում Մարդու ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը,
  • Ինչպե՞ս են անդրադարձել միգրացիոն քաղաքականության խստացումները հայերի վրա,
  • Ի՞նչ հիմքերով ՀՀ քաղաքացին կարող է ապաստան ստանալ Եվրոպայում, ինչքա՞ն է դրա հավանականությունը,
  • Եվրոպան ու այնտեղ բարեկեցիկ բնակվելու հնարավորությունները՝ հայերի աչքերով,
  • Հայաստանը ու երկրում տիրող իրավիճակը՝ Եվրոպայի իշխանությունների տեսանկյունից,
  • Բուժման նպատակով մեկնող քաղաքացիների «ճակատագիրը»,
  • Օրինական պաշտպանության ձևերը Գերմանիայում,  Եվրոպա. Կյանքը «ճամբարում»,
  • Այն մասին, որ 100 «հանձնվողներից» 93-ին չի հաջղվել ստանալ ապաստան,
  • Ինչպե՞ս ՀՀ քաղաքացին դառնում անօրինական միգրանտ Եվրոպայում,
  • Ինչո՞ւ, ե՞րբ և ինչպե՞ս են հարկադրաբար վերադարձվում մեր քաղաքացիները։

Տեսանյութը ներառում է նաև հարցում այն մասին, թե արդյոք մեր քաղաքացիներն ունեն ծանոթ-բարեկամներ, որ «հանձնվել» են Եվրոպայում։

Հաղորդման հյուրը ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանն է։

ՄԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Հրապարակված է նոյ 01, 19

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը և Հանրային կապերի համակարգող Նելլի Դավթյանն այսօր մասնակցեցին ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովին՝ «Մասնագիտացված սփյուռքի մասնակցությունը Հայաստանի զարգացման օրակարգում» խորագրով։
ՄԾ պետ Ա. Ղազարյանը նկատեց, որ քննարկումը միանգամայն համահունչ է Կառավարության ծրագրով սահմանված բաղադրիչներին՝ վերադարձող հայերի ներուժը Հայաստանի զարգացմանը ծառայեցնելու տեսանկյունից։ «Ուրախ եմ, որ միգրացիային առնչվող այս տեսակ թեմա ենք քննարկում, որովհետև միգրացիայի մասին խոսելիս ամենից հաճախ սահմանահատումների դինամիկա ու դրա մեթոդաբանությունը կամ այլ տեխնիկական հարցեր են քննարկվում, և երբեմն մոռացվում է, որ այստեղ կա նաև մարդկային ներուժ, որ անգնահատելի դեր կարող է խաղալ մեր օրակարգում»,-ասաց նա։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ կառույցի բյուջեն երկու ուղղությունների է բաժանված՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում և Սփյուռքի ներուժ։ «Երկրորդին անդրադառնալու ենք գլոբալ՝ ամբողջական Սփյուռքի ներգրավվածությամբ»,-հավաստեց նա։
ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը բարձր գնահատեց այս համագործակցությունը ու դրա ձևաչափը, ներկայացրեց կազմակերպության գործադրած ջանքերը՝ մի քանի համայնքների մասնագիտական ներուժի զարգացման գործում։
ՄՄԿ Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Մայքլ Նյուսոնը ներկայացրեց Սփյուռքի ներգրավման տարբեր երկրների հաջողած փորձեր։ «Սփյուռքի ներգրավումը խոշոր հաշվով մարքեթինգ է»,-ասաց նա։
ՄՄԿ փորձագետ Լուշա Մարիա Սավչիկն էլ ներկայացրեց հայկական սփյուռքի հմտությունների ուսումնասիրությունը և քարտեզագրումը ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, որը, ի դեպ իրականացվել է մեծ տվյալների միջոցով։

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ <<ՀԱՆՁՆՎԵԼԸ>>՝ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Հրապարակված է նոյ 01, 19

«...հայտնել է, թե իրեն քաղաքական հայացքների համար Հայաստանի իշխանությունները հետապնդման են ենթարկել, ինքն այստեղ ազատ չէ: Սակայն տարիներ անց պարզվել է, որ նա ընդամենը բանկից, որտեղ աշխատել է, գողություն է կատարել և այդ գումարով էլ հենց մեկնել Եվրոպա՝ լավ, պայծառ կյանքի փնտրտուքներով». ԵՄ-ում «հանձնվելու» դասական պատմություն:

«...մարդիկ տուն-տեղ ծախել են ու փախել, 10-20 տարի հարազատի երես չեն տեսել։ ...Որ դուք մեր անցած ճանապարհի 50 տոկոսի միջով անցնեք, կկախվեք». ԵՄ-ում անօրինական միգրանտ:

«Միգրացիայի դիմելիս նրանք մի քանի անգամ են ստում, հասկանո՞ւմ եք: Նախ՝ խաբում են այն երկրին, որից հայցում են ապաստան (խմբ.-Հայաստանը ներկայացնելով որպես «բարբարոս» երկիր), այնուհետև՝ հայ հանրությանը՝ այնտեղի իրենց կյանքը ներկայացնելով այնպես, ինչպես դրախտում»,-սննդաբան Դավիթ Պիպոյան (աշխատել է Իտալիայում՝ որպես հայ ապաստան հայցողների գործերի թարգմանիչ):

Հոդվածում ներկայացված են ինչպես ապաստանի հայցերի հայտնի ու անհայտ պատմություններ, այնպես էլ կա վերլուծական-գնահատողական մաս «հանձնվելու» ինստիտուտի ու դրա հետևանքների վերաբերյալ։

Կարդացեք ՄԾ պետ Արմեն Ղազարյանի մեկնաբանությունն ու սննդաբան Դավիթ Պիպոյանի հիշողություններն ու զարմանքը ոլորտում աշխատելու տարիներից։⬇   ⬇   ⬇

կարդալ ավելին

ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Հրապարակված է հոկ 31, 19

Լրագրողներ, բաց մի՛ թողեք հնարավորությունը։

Միգրացիոն ոլորտում պատրաստված ձեր նյութերը ուղարկեք և մասնակցեք «Ճամպրուկ 2019» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը։

Կարդալ ավելին