Վերադարձի և վերաինտեգրման ոլորտը՝ 2021 թ-ին

Ռեադմիսիոն հայցերի վիճակագրություն

Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում 2021թ-ին ստացվել են 785  ռեադմիսիոն հայցեր՝ 1354 անձանց մասին: Ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%):

 

Վերաինտեգրման աջակցության պետական ծրագիր

ՀՀ Կառավարության 2021թ․ մայիսի 6-ին N 706-Լ որոշմամբ ՀՀ Կառավարության 2020թ․ մարտի 19-ի N 336-Լ «Հայաստանի Հանրապետության վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակացության պետական ծրագրի» մասին որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որի արդյունքում ընդլայնվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուների շրջանակը։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում հարկադիր, առանձին դեպքերում՝ նաև կամավոր վերադարձողներին։

ՀՀ Կառավարության կողմից 2021թ․ մայիսի 6-ին N 336-Լ որոշման փոփոխության արդյունքում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում այժմ կարող են դիմել ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, ովքեր կհամապատասխանեն հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝

1) բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող).

2) հաշմանդամություն ունեցող անձինք։

Ծրագրի շրջանակում՝ 2021թ․  ընթացքում Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից ընդունվել է 25 դիմում, որի արդյունքում 21 դիմում բավարարվել է, 4-ը՝ մերժվել։ Շահառուները Գերմանիայից (12), ՌԴ-ից (4), Շվեդիայից (2), Ֆրանսիայից (1),Ավստրիայից (1) և Շվեյցարիայից (1) են։ Ընդ որում, 4-ը կամավոր են վերադարձել, 17-ը՝ հարկադիր։ Ընդհանուր առմամբ բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել է 66 անձ՝ 21 շահառու։

Վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ վերադարձող հատուկ կարիքներ ունեցող շահառուներին օդանավակայանից դիմավորելու, իրենց կարիքներին համապատասխան հաստատություններում տեղավորելու ուղղությամբ։

Միգրացիոն ծառայություն դիմած շահառուներին տրամադրվել է տեղեկատվություն ՀՀ օրենսդրական դաշտի, պետական կառավարման համապատասխան հիմնարկների ու վերադարձողների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ կազմակերպությունների գործունեության մասին։ Ծառայության աշխատակիցները Հայաստան վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման հարցաթերթի միջոցով վարել են հարցազրույց՝ վեր հանելով շահառուների հիմնական կարիքները, իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները շահառուներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։ Շահառուներին ներկայացվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը ինչպես Միգրացիոն ծառայությունում, այնպես էլ տնայցերի կամ հեռախոսազանգերի միջոցով։ Բնակվարձի փոխհատուցման գումարը նպատակային օգտագործելը պարզելու համար՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել է ծրագրի շահառուների ամենամսյա մշտադիտարկում՝ հեռախոսազանգերի միջոցով։

 

Հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրեր և կիրարկման արձանագրություններ

Ծառայությունն ակտիվորեն մասնակցել է միգրացիայի հարցերով միջազգային համաձայնագրերի, մասնավորապես` հետընդունման (ռեադմիսիայի) մի շարք միջպետական համաձայնագրերի նախապատրաստման և կնքման գործընթացներին: 2013թ.-ի ապրիլի 19-ին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական  Միության միջև  առանց  թուլտվության  բնակվող անձանց   հետընդունման (ռեադմիսիայի) մասին»  համաձայնագրի շրջանակներում 2021թ.-ի ընթացքում կիրարկման երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել  Լեհաստանի Հանրապետության (հոկտեմբերի 29-ին) և Լիտվայի Հանրապետության (հունիսի 15-ին) հետ։  2021թ․ հոկտեմբերի 8-ին ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը։

 

Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի աշխատանքներ

2021թ․ ընթացքում Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնա­խնդիրներով զբաղվող կազմակերպություն­ների ֆորումի երեք հանդիպում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան վերադարձի և վերաինտեգրման հետ կապված խնդիրներ, դրանց լուծմանը միտված քայլեր, ոլորտի պետական քաղաքականության հետ կապված հարցեր։ Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են արձանա­գրութ­յուն­ների մեջ, որտեղ, բացի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերի ներկայացումից, ամփոփվել են նաև ֆորումի անդամ հանդիսացող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրերում 2021թ․ ընթացքում տեղի ունեցած վերջին զարգացումները, փոփոխություններն ու առաջիկա անելիքները։

 

Միջազգային համագործակցություն

  • Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Միգրացիոն Քաղաքականության Միջազգային Կենտրոնի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի հզորացման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT ARMENIA) ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել մարտի 15-ին: Ընտրվել է ծրագրի կրթական փուլի իրականացման գործընկերը՝ «ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամը։ Կազմակերպվել է հանրային իրազեկման լայնածավալ արշավ։ Իրականացվել են 12 մարզային և համայնքային իրազեկման այցեր։ Մինչև նոյեմբերի 30-ը ծրագիրն ստացել է 126 հայտադիմում: Ներկայում կատարվում է հայտադիմումների նախնական ուսումնասիրում ու հեռախոսային հարցազրույցներ դիմորդների հետ, ինչի հիման վրա կառանձնացվեն ուսումնական փուլի մասնակիցները: Ուսումնական փուլի մեկնարկը նախատեսվում է 2022թ. հունվարից: Դասընթացին առանց բացակայությունների մասնակցած, քննությունը հաջողությամբ հանձնած ու մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած բիզնես-պլան մշակած 25-30 մասնակիցները կդառնան ծրագրի շահառու և ծրագրի կողմից հատկացվելիք 2.000-10.000 եվրո չափի դրամաշնորհի (և նույն չափի սեփական ներդրման)  օգնությամբ հնարավորություն կստանան հիմնել կամ ընդլայնել սեփական գործը:
  • 2021թ-ին ավարտվեց ՀՀ և ԵՄ և Ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) վավերացման գործընթացը և մարտի 1-ից այն ամբողջովին ուժի մեջ մտավ։ Համաձայնագրի  3-րդ մասի 14 և 15-րդ հոդվածները վերաբերում են «Միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման հարցերի վերաբերյալ համագործակցությանը, անձանց տեղաշարժին և հետընդունմանը»։
  • Միգրացիոն ծառայության կողմից աշխատանքներ են տարվում Եվրոպական միգրացիոն ցանցին (ԵՄՑ) դիտորդի կարգավիճակով միանալու ուղղությամբ: Այն Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և համայնքային կառույցների պատկան մարմինների հետ։ Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008 թ-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը  և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելն է`  Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Հոկտեմբերի 25-ին ԵՄՑ հետ համագործակցության տեսլականը և Հայաստանի՝ դիտորդի կարգավիճակով Ցանցին միանալու հնարավորությունը քննարկելու նպատակով Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությունը այցելեց Հայաստան։ Ներկայումս ընթացքի մեջ է Հայաստանի կողմից Ցանցին միանալու գործընթացը։
  • Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի շրջանակում «Վերաինտեգրման» բաղադրիչին ավելացած 2-րդ՝ «Կարողությունների զարգացման» բաղադրիչը մեկնարկեց հուլիսի 1-ից և աշխատանքներում ներգրավվեց հոգեբան, որը հոգեբանական խորհրդատվություն է տրամադրել ինչպես Ծառայության շահառուներին, այնպես էլ աշխատել է քաղաքացիներին սպասարկող մասնագետների հետ։  Վերջիններս վերապատրաստվել են նաև հաղորդակցության հմտությունների զարգացման ուղղությամբ։  «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021թ-ի դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։

Միջոցառումներ, հանդիպումներ

  • Հոկտեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցավ ՄՄԿ Միգրացիայի մասին Միջազգային երկխոսության (IOM’s International Dialogue on Migration (IDM)) երկրորդ առցանց նիստը՝ «Արձագանքելով ճգնաժամերին ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում» թեմայով՝ ՄԾ պետի մասնակցությամբ։
  • Նոյեմբերի 15-16-ը ՄԾ և ՄՄԿ հայաստանյան առաքելության համատեղ ջանքերով՝ Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի շրջանակում  կազմակերպվել էր «Վերադարձը, վերաինտեգրումը և աշխատանքային միգրացիան նոր կորոնավիրուսային համավարակի համատեքստում» թեմայով տարածաշրջանային երկրորդ թեմատիկ առցանց ձևաչափով համաժողովը, որն այս տարի հյուրընկալում էր Հայաստանը։  
  • Նոյեմբերի 29-ին կայացել է «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստը՝ ՄԾ պետի մասնակցությամբ։
  • Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՄՄԿ «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի համակարգող մարմնի 2-րդ նիստը, որին մասնակցում էր նաև Միգրացիոն ծառայության պետը։
  • Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից (Ժնև) կազմակերպվել էր բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը: Միգրացիոն ծառայության պետն առցանց մասնակցեց հանդիպմանը։
  • Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Վիեննայի 2021թ. միգրացիոն ամենամյա համաժողովը, որն անցկացվում էր «Միգրացիոն գործընկերության վերանայում. մարտահրավերներ, հնարավորություններ և ռազմավարություններ» խորագրով։ Միգրացիոն ծառայության պետը Վիեննայում մասնակցել է համաժողովին։
  • Նոյեմբերի 22-ին Պրահյան գործընթացների անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացել է առցանց հանդիպում՝ նվիրված Նախարարական հռչակագրի և գործողությունների ծրագրի քննարկմանը, որը պետք է ընդունվի հաջորդ տարում՝ Նախարարական համաժողովի ընթացքում։ Նախարարական հռչակագրի և Պրահայի գործընթացի գործողությունների ծրագրի (2023-2027) տեքստերի աշխատանքային տարբերակները քննարկվել են Միգրացիոն ծառայությունում։
  • Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) բարձրաստիճան պաշտոնյաների 7-րդ կլոր սեղան քննարկումը՝ վերադարձի հարցերի վերաբերյալ։
  • 2021թ․ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական` 7-րդ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։
Ըստ թեգերի