ՄԾ մասնագետները հանդիպեցին օտարերկրացիների աշխատանքի թույլտվության նոր հարթակի շահառու գործատուներին

Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման հարթակի շահառու գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում:

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց 2022 թ- հունվարի մեկից գործարկվելիք հարթակի կարևորությունը և առավելությունները նախկին համակարգի նկատմամբ: «Նոր էլեկտրոնային հարթակի գործարկմամբ նախ պարզեցվում է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության ընթացակարգը և կրճատվում վարչարարությունը, և երկրորդը, գործընթացն ամբողջությամբ թվայնացվում է»,- նշեց նա:

ՄԾ պետի օգնական Վարդան Մաթևոսյանը ներկայացրեց համակարգի գործառույթներն ու հնարավորությունները: Ծրագրի իրավաբան խորհրդատուներ Տիրուհի Նազարեթյանն ու Աննա Բարիկյանը ներկայացրին հարթակի գործառնության իրավական հիմքերը և գործառույթների բաշխումը պետական մարմինների միջև:

ՄԾ մասնագետները պատասխանեցին գործատուների հարցերին, արձանագրեցին հնչած նկատառումները:

Աշխատանքի թույլտվության էլեկտրոնային հարթակի գործարկմանն աջակցում է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Ըստ թեգերի