Կայացավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 10-րդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 10-րդ հանդիպումը:  

Հանդիպմանը մասնակցեցին ոլորտին առնչվող պետական մարմինների (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն), միջազգային կազմակերպությունների (Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչություն, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն, Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանց)  և  տեղական հասարակական կազմակերպությունների («Կայուն զարգացման հայկական հիմնադրամ», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ (People in Need), «Գործարար Նախաձեռնությունների Հզորացում և Զարգացում» ՀԿ (BIRD NGO), «Քվոլիֆայդ Սմարտ Էսիստանց») մոտ 30 ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով մասնակիցներին, համառոտ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության միգրացիայի  պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների  ծրագիրը հաստատելու  մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի N801-Լ որոշումը:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան ներակայացրեց Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) կողմից իրականացվող ծրագրի նոր` «Կարողությունների զարգացում» բաղադրիչը, որի նպատակն է Հայաստանի միգրացիոն ծառայության մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացումը: Գործընկերներին ներկայացվեցին նաև երկու նոր փորձագետ՝ ծրագրի պատասխանատուն և հոգեբանը, որոնք այսուհետ կկատարեն «Կարողությունների զարգացում» բաղադրիչի աշխատանքները:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) ղեկավար Հյու Գեբհարթը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները Հայաստանում, մասնավորապես` Ֆրանսիայից Հայաստանի քաղաքացիների վերադարձի և վերաինտեգրման ոլորտում:

Հանդիպման մասնակիցների միջև տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում: Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները միմյանց հետ կիսվեցին տարբեր երկրներից վերադարձածներին ծառայություններ մատուցելիս իրենց կազմակերպությունների հանդիպած մարտահրավերներով: Քննարկման կարևոր մաս էր կազմում նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում պետության դերն ու այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքները:

Ալբոմ
Ըստ թեգերի