Միգրացիոն փորձի փոխանակում՝ Գերմանիայում

Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, մայիսի 14-18-ը մասնակցել է Վերադարձի և վերաինտեգրման կառույցի (RRF) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) նախաձեռնությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ք․Բեռլին) կայացած փորձի փոխանակման այցին։

Այցի նպատակն էր վերադարձի և վերաինտեգրման ոլորտում գերմանական փորձի ուսումնասիրումը, Հայաստանում վերաինտեգրման ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, աշխատակիցների կարողությունների զարգացումը։

Հայկական կողմը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Փախստականների և միգրացիայի հարցերով դաշնային գրասենյակի (BAMF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM)՝ վերադարձի հարցերով խորհրդատվական կենտրոնի, Ներքին գործերի նախարարության (BMI) և Վերադարձի աջակցության միասնական կենտրոնի (ZUR) ներկայացուցիչների, ինչպես նաև Բեռլինում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ։

Հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ միգրացիայի և ապաստանի գերմանական համակարգին, փորձառությանը, ինչպես նաև ենթակառուցվածքների տեխնիկական հագեցվածությանը և աշխատանքային գործիքակազմին՝ լավագույն փորձը Հայաստանում ներդնելու նպատակով։

Գերմանացի գործընկերներին ներկայացվել են Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները, այդ թվում՝ ինտեգրման և վերաինտեգրման  սոցիալական բաղադրիչ պարունակող գործառույթների փոխանցումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Քննարկվել են երկկողմ համագործակցության որոշ ուղություններ՝ այդ թվում Գերմանիայի հետ միգրացիոն գործընկերության համաձայնագրի կնքման հնարավորության հարցը։

Գերմանացի գործընկերները շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով հետագայում ևս միգրացիայի ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունը։

 

Ալբոմ
Ըստ թեգերի