Ա.Ղազարյանն ընդունեց փախստականության ոլորտում ԵԽ գործընկերներին

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգին: Ա. Ղազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավիճակը, գործընթացների կազմակերպումը՝ անձնական տվյալների հավաքագրումից ու առաջնային կարիքի գնահատումից մինչև կարիքի բավարարման մեխանիզմներ, ներկայացրեց նաև գործառույթների բաշխումը և միջգերատեսչական համագործակցությունը տեղահանված բնակչության հետ տարվող աշխատանքների համատեքստում:

Պատվիրակները հետաքրքրվեցին բռնի տեղահանված անձանց շրջանում և երեխաների թվի մասին: Ի պատասխան՝ ընդհանուր առմամբ հաշվառված ավելի քան 101 հազար անձանց տվյալների շտեմարանից ներկայացվեց 12 հազարը գերազանցող ցուցանիշ՝ 65 և ավելի տարեկան անձանց վերաբերյալ և 30 հազարի հասնող ցուցանիշ՝ մինչև 18 տարեկան անձանց վերաբերյալ: Քննարկվեցին համագործակցության և ստեղծված իրավիճակում հնարավոր աջակցության մեխանիզմներ: Պայամանավորվածություն ձեռք բերվեց այցի արդյունքների ամփոփման հիման վրա համագործակցության ծրագիր նախագծել:

 

 

 

 

Ըստ թեգերի