Լիսաբոնում կայացել է միգրացիայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը Լիսաբոնում մասնակցել են Պրահյան գործընթացների բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովին:

Նախաձեռնության հեղինակը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն է. այն բազմակողմ միջազգային համագործակցություն է  ապահովում միգրացիայի կառավարման հարցերի շուրջ:

Հանդիպմանը քննարկվել են 2022 թ-ի հոկտեմբերին նախարարների համաժողովի ընթացքում հաստատված 2023-2027 թթ-ի գործողությունների ծրագիրը՝ ըստ ազգային, տարածաշրջանային և համաշխարհային առաջնահերթությունների, օրակարգային հարցերի շուրջ երկկողմ ու բազմակողմ համագործակցության մեխանիզմներն ու հնարավորությունները, Պրահյան գործընթացների անդամ-երկրների շրջանում իրականացված հարցումների արդյունքները:

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում ընթացող կառուցվածքային բարեփոխումները՝ շեշտադրելով գործընթացների և ծառայությունների թվայնացման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել այս համատեքստում դիտարկել գործընկերների շրջանում լավագույն փորձառությունը, պայմանավորվածություններ ձեռք բերել տեղեկատվության փոխանակման և ապագա համագործակցության հնարավորությունների շուրջ:

Որոշվեց ստեղծել միջազգային digital lab, որը հարթակ կլինի ոլորտի դերակատարների համար՝ փոխանակվելու միգրացիայի կառավարման համատեքստում թվայնացված գործընթացների և էլեկտրոնային հարթության մեջ մատուցվող ծառայությունների վերաբերյալ փորձառությամբ:

Համաժողովին մասնակցում էին 60 ներկայացուցիչներ՝ աշխարհի 28 երկրներից, ինչպես նաև միգրացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների պատվիրակներ:

Ըստ թեգերի