Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն նոր կարգով, ինչը կբարձրացնի հանրային ծառայությունների մատուցման որակը:

Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ փոխվարչապետի որոշմամբ հաստատվել է «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարգը»։

Տեղեկացնում ենք, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրության հաստատման ուժով ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը դադարեցրել է իր գործունեությունը ոստիկանությունում եւ համարվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մաս։

Ըստ հաստատված կարգի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ անձնակազմը տասը ամիսների ընթացքում կվերապատրաստվի ծառայության մասնագիտական թեմաներով՝

• քաղաքացիության հարցեր,

• օտարերկրացիներին վերաբերող կարգավորումներ,

• ապաստան և փախստականներ,

• ռեադմիսիա,

• անձնագրային ծառայություններ,

• բնակչության ռեգիստրի հետ աշխատանք,

• աշխատանք փաստաթղթերի և տվյալների շտեմարանների հետ,

• սահմանային հսկողություն,

• ինչպես նաև սպասարկման և հաղորդակցության հմտություններ:

Երկշաբաթյա դասընթացից հետո յուրաքանչյուր աշխատակից անցնելու է թեստավորում: Թեստավորման փուլի համար սահմանված ներքին շեմը հաղթահարած մասնակիցների շրջանում անցկացվելու է հարցազրույց՝ Ներքին գործերի նախարարի հրամանով ձևավորվելիք հանձնաժողովի կողմից:

Վերապատրաստումն անցած աշխատակիցները կնշանակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան պաշտոններում:

Կարգն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից, վերապատրաստման գործընթացը տևելու է տասը ամիս:

Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերների աջակցությամբ:

Վերապատրաստման կարգ

Փոխվարչապետի որոշում

Ըստ թեգերի