ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը։
Այս ծրագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Նշված ժամկետով աջակցության տրամադրման նպատակն է հնարավորություն տալ փախստականներին 6 ամսվա ընթացքում սովորելու լեզուն, լուծելու իրենց զբաղվածության հարցերը՝ այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։
Փոխհատուցման տրամադրման շահառուների ընտրության հայտանիշներն են.
1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելը.
2) ընտանիքի անդամներից առնվազն մեկի ինքնասպասարկման ունակություն ունենալը.
3) սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը և վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածություն օտարած չլինելը.
4) ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելը և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը.
5) ստանալու պահին կացարանով ապահովման որևէ պետական ծրագրում, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից կացարանով ապահովման որևէ ծրագրում ընդգրկված չլինելը:
Յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է ամսական 60,000 ՀՀ դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքին՝ անկախ ընտանքի անդամների թվից։