Վերադարձի և վերաինտեգրման ոլորտի դերակատարների մասնակցությամբ կայացավ հերթական ֆորումը

ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) կողմից կազմակերպվող վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 15-րդ հանդիպումն այսօր տեղի ունեցավ ոլորտի դերակատարների մասնակցությամբ:

Եռամսյակային ֆորումներին մասնակցում են ինչպես պետական հատվածի շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնակիցները քննարկում են Հայաստանի սահմաններից դուրս անկանոն միգրանտի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների կամավոր կամ հարկադիր վերադարձի միտումները, ամփոփում նախորդ եռամսյակում կատարած աշխատանքները: Այս ձևաչափը հնարավորություն է տալիս պարբերաբար փոխանակվել վերաինտեգրման գործող ծրագրերի վերաբերյալ տեղեկություններով և փորձառությամբ:

ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ միգրացիոն ծառայության և անձնագրային և վիզաների վարչության հիմքով նոր ձևավորված մարմնի գործառույթներն ու նպատակները: RRF Հայաստան ծրագիր, կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց ՄՔԾ աշխատակազմի համար կազմակերպված դասընթացներն ու առաջիկա ծրագրերը: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի վերաինտեգրման ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրեց FrontEx-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրի մանրամասները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ:

ՄՔԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում վերադարձողների վերաբերյալ 2022թ․ տարեկան վիճակագրությունը, որն արդեն 5-րդ տարին է հավաքագրվում և ամփոփվում է ՄՔԾ-ի կողմից։ Վիճակագրության համաձայն, 2022թ. ընթացքում Հայաստան է վերադարձել և վերաինտեգրման ծրագրերին, այդ թվում՝ ՄՔԾ կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրին դիմել 828 քաղաքացի։ Քանի որ ոլորտում իրականացվող ծրագրերի մեծ մասն աջակցում է կամավոր վերադարձին, ուստի վերադարձողների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես կամավոր վերադարձողները։ 2019թ․ գրանցվել են վերադարձի ամենաբարձր ցուցանիշները, այնուհետև կտրուկ անկում է արձանագրվել հաջորդ բոլոր՝ 2020, 2021 և 2022թթ․-ի համար։ Նման միտումը պայմանավորված է ինչպես կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջացած սահմանափակումներով և դրանց հետևանքներով, այնպես էլ մի շարք այլ գործոններով։

Ֆորումին մասնակցեցին նաև Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև «Միգրացիայի միջազգային կազմակերպության» Հայաստանի առաքելության, Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD), «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (People in Need) ներկայացուցիչները: 

 

Ալբոմ
Ըստ թեգերի