Հայկական պատվիրակությունը Էստոնիայում ծանոթացավ ՆԳՆ փորձառությանը

Էստոնիայի ներքին գործերի նախարարության մանդատի և գործունեության հետ կապված հարցերին ծանոթանալու նպատակով, «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ-ի կողմից ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների համար 2022թ. դեկտեմբերի 4-9–ը կազմակերպվել էր փորձի փոխանակման այց։


Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարություններից, Միգրացիոն ծառայությունից, Ոստիկանության շտաբից, ակադեմիայից և օպերատիվ կառավարման կենտրոնից։ Ուսումնական այցի հինգ օրերի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ինչպես Էստոնիայի ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ  նախարարության կազմում գործող մյուս մարմիններում։ Այսպես պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան այցելել և տեղում ծանոթանալ Ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտի,
Փրկարար դեպարտամենտի, Արագ արձագանքման կենտրոնի, ՆԳՆ ակադեմիայի, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին։


Ուսումնական այցի ընթացքում ձեռք բերված փորձը կօգտագործվի ՀՀ-ում Ներքին գործերի նախարարության և դրա կազմում ներառվելիք երեք կառույցների՝ Ոստիկանության, Փրկարարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքում։

Ալբոմ
Ըստ թեգերի