Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի աջակցել վերադարձի և վերաինտեգրման գործընթացներին Հայաստանում

Միգրացիոն ծառայության (ՄԾ) պետի տեղակալ Իրինա Դավթյանն այսօր ընդունեց Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միգրացիոն երկխոսությունների և համագործակցության գծով տնօրեն Մարտաին Փլյումի և ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրային։

Կողմերն ամփոփեցին երկկողմ համագործակցության ընթացիկ փուլն ու քննարկեցին նոր ծրագրերը։ ՄԾ վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց վերադարձի ոլորտի առաջնահերթությունները, համագործակցությունը ինչպես միջազգային, այնպես էլ հասարակական հատվածի դերակատարների հետ։

Մ․ Փլյումը, ամփոփելով Վերադարձի և վերաինտեգրմնա եվրոպական ցանցի հայաստանյան ծրագիրը, հայտնեց, որ այն ավարտվում է ընթացիկ տարվա մայիսին, և ՄՔՄՄԿ-ն այս ուղղությամբ Հայաստանում կշարունակի գործունեություն ծավալել հուլիսի 1-ից նոր՝ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի ներքո։

«Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագիրը Հայաստանում շատ ոգեշնչող էր, և մենք կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանն այս ուղղությամբ՝ պահպանելով կարողությունների զարգացման և վերադարձող միգրանտներին վերաինտեգրման աջակցության բաղադրիչները»,-նշեց նա՝ հավելելով, որ ծրագիրը կծառայի ոլորտի կարիքներին և եղած բացերին։

Ըստ թեգերի