Վերադարձի ոլորտում հայաստանյան փորձառությունը բարձր գնահատվեց ԵՄ գործընկերների կողմից

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցեց Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) բարձրաստիճան պաշտոնյաների 7-րդ կլոր սեղան քննարկմանը վերադարձի հարցերի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցեցին ադամ պետությունների այն մարմինների ղեկավարները, որոնք լիազորված են մշակելու և իրականացնելու վերադարձի ոլորտի քաղաքականությունը, այդ թվում կամավոր վերադարձը և վերադարձից հետո իրականացվող գործընթացները։ Քննարկմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էին նաև ERRIN-ի անդամ չհանդիսացող պետությունների միգրացիոն մարմինների պատասխանատուները։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԵՄ անդամ-պետությունների արտաքին սահմաններում համագործակցության կառավարման եվրոպական գործակալության (FRONTEX) վերադարձի ոլորտում իրականացվող գործունեությունը և գործակալության աջակցությամբ անդամ պետություններում իրականացվող ծրագրերը։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագրի արդյունավետությունը, նշեց, որ այն էական աջակցություն է ցուցաբերել վերջին տարիներին ԵՄ պետություններից Հայաստան վերադարձող քաղաքացիներին՝ նոր մակարդակի բարձրացնելով վերաինտեգրման փորձառությունը Հայաստանում։ «Մենք կուտակված փորձառության հիման վրա նաև պետական ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծեցինք և վերաիտեգրման առաջնային աջակցության ծրագիր մշակեցիք, որը երկու տարի է՝ իրականացնում ենք»,-փաստեց նա։

Նիդերլանդների Արդարադատության և անվտանգության նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայության ղեկավար Յանիտա Ռոբերսը բարձր գնահատեց Հայաստանի փորձը՝ այն որակելով լավագույններից ոլորտում։ Քննարկման մյուս մասնակիցները ևս կարևորեցին հատկապես Հայաստանի միգրացիոն ծառայության ջանքերն ու հաջողությունները վերադարձի ոլորտում գործնական քայլերի, հետևողականության և ինստիտուտների ստեղծման ու զարգացման ուղղությամբ։

Շատ դիտվածներ