ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակրեպության (ՄՄԿ)  նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանում եւ Վրաստանում միգրանտների իրավունքների եւ լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի համակարգող մարմնի 1-ին հեռավար հանդիպումը, որի նպատակն է գործընկերներին ներկայացնել և քննարկել ծրագրի ընթացքն ու ադրյունքները, ինչպես նաև ծրագրի արդյունավետության բարձրացմանն ուղղված հիմնական առաջարկությունները։

«Ծրագրի երրորդ բաղադրիչն եմ առավել կարևորում, որը նախատեսում է Հայաստանում գտնվող միգրանտների կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրում»,-նկատեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ գնահատելով, որ ծրագիրը Կառավարության օրակարգային կարիքներից բխող հարցի լուծում է ենթադրում։ «Սա Հայաստանում զրոյից ներդրվող ինստիտուտ է, հուսամ կդառնա մեև հիմնական աշխատանքային գործիքներից մեկը և կթեթևացնի Անձնագրային և վիզաների վարչության արտաքսման վարույթների ծանրաբեռնվածությունը»,- ընդգծեց ՄԾ պետը՝ հավելելով, որ այս պրակտիկան հազվադեպ է կիրառվել Հայաստանում՝ դեպքից դեպք՝ ՄՄԿ-ի հետ համագործակցությամբ։ 2018 թ-ին, օրինակ, ութ դեպք է արձանագրվել, երբ կազմակերպվել է միգրանտի վերադարձը իր ծագման երկիր։

Առաջիկա աշխատանքների շրջանակում կմշակվի օրենսդրական բազա, որի հիման վրա կձևավորվի ինստիտուցիոնալ պրակտիկա։

«Ծրագրի առանցքում Հայաստանում գտնվող միգրանտների իրավունքներն են, մինչդեռ, որպես կանոն, մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել են հայ էմիգրանտների հարցերը, հիմա փորձում ենք լրացնել եղած բացը։ Այս համատեստքում խնդրահարույց է Հայաստանում բնակվող միգրանտների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը։»,-նշեց ՄՄԿ Հայաստան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Միանսյանը՝ հավելելով, որ հատկապես տեղեկատվության պակաս կա ոլորտում։ «Համաճարակը փոխել է միգրացիոն հոսքերի պրակտիկան։ Այս պայմաններում, երբ Հայաստանում շատ միգրանտներ ունեն խնդիրներ՝ կապված տեղեկատվության, աշխատանքային, առողջապահական, սոցիալական և այ ծառայությունների հասանելիության հետ, առավել ակտուալ է դառնում ծրագիրը»,-նկատեց նա։

EMERGE ծրագիրը մեկնարկել է 2019 թ-ի դեկտեմբերին, տևելու է մինչև 2022 թ-ի նոյեմբեր։ Ծրագրի նպատակն է բարելավել կառավարման մարմինների կարողությունները միգրանտների իրավունքների և միգրացիայի կառավարման հարցերում, ինչպես նաև խթանել տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը։ Ծրագրի գործընկերներն են Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը/սահմանապահ զորքերը, Ոստիկանությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, միգրացիայի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները։  Առցանց քննարկմանը մասնակցում էին նշված գերատեսչությունների ներկայացուցիչները։

Ալբոմ
Ըստ թեգերի