ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցնում վկայագրերը բնակավայրեր։

Պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով՝  մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

 

Ըստ թեգերի