ՄՔԾ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՆԵՐ
Հրապարակված է փետ 28, 25
ՆՈՐ ՀԱՍՑԵ
Հրապարակված է հուլ 01, 24
ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու դիմումների ընդունումն ու հրավերի ձևակերպումը իրականացվում է նոր հասցեով՝
Երևան, Թաիրով 14 փողոց։
Խնդրում ենք այսուհետ վերոհիշյալ հարցերով Ձեր հերթագրման օրն ու ժամին մոտենալ նշված հասցե:
Եվրոպացի գործընկերների հետ քննարկվում է կամավոր վերադարձի ինստիտուտի զարգացման հնարավորությունները
Հրապարակված է հուն 17, 24
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Տիմեն Կաովենարին։
Կողմերը քննարկեցին միգրացիոն ոլորտում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրման հարցում Նիդերլանդների կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև քննարկվեց այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունը։
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ վիզա ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող հարցերին։
Նույն օրը ծառայության պետն ընդունեց նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի ներքին անվտանգության հարցերով կցորդ Օլիվիե Լեֆեվրին։ Արմեն Ղազարյանը նախ ներկայացրեց Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր ձևավորված համակարգը, ինչպես նաև բարեփոխումների ներկա ընթացքը։
Քննարկվեցին միգրացիոն ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերը, հնարավոր զարգացման ուղիները։
Հաշվի առնելով ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն պայմանագրի իրականացման դրական արդյունքները՝ կողմերը անդրադարձան ՀՀ-ից երրորդ երկրների քաղաքացիների կամավոր վերադարձի ոլորտում ֆրանսիական փորձի հնարավոր կիրառությանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցն ընդգրկել համատեղ իրականացվելիք առաջիկա ծրագրերում։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացի թվայնացման վերաբերյալ օրենսդրական նախագիծ
Հրապարակված է հուն 12, 24
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացի թվայնացման վերաբերյալ օրենսդրական նախագիծ։
Նախագծի քննարկման նպատակով կազմակերպվել է միջգերատեսչական հանդիպում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի դրույթներին։
Օրենսդրական նախաձեռնությամբ Ծառայությունն առաջարկել է վարչարարության թվայնացման միջոցով բարձրացնել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործերով վարույթների իրականացման արդյունավետությունը, որն իր հերթին կհանգեցնի ռեսուրսների խնայողության, վարչարարության ժամկետների կրճատման, ինչպես նաև քաղաքացիներին և օտարերկրացիներինմատուցվող ծառայությունների որակի բարելավման։
Քաղաքացիության ոլորտում թվայնացման ծրագրի իրականացման հարցում Ծառայությանն օժանդակում է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։
Հրապարակված է հուն 10, 24
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Քննարկվեցին տարեսկզբին մեկնարկած համագործակցության ծրագրերի շրջանակն ու նախնական քայլերը։
Արմեն Ղազարյանը բարձր գնահատեց միգրացիայի կառավարման ոլորտի բարեփոխումների փուլում ԵԽ գրասենյակի աջակցությունն ու պատրաստակամությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու հարցում։
Մ. Լոնգանգեն պատրաստակամություն հայտնեց արձագանքելու Ծառայության թիրախային կարիքներին և քննարկելու նպատակային լուծումներ ու մեխանիզմներ։
Ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը մատնանշեց <<Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում>> ծրագրի շրջանակում նախաձեռնված աշխատանքների կարևորությունը Ծառայության սպասարկող անձնակազմի կարողությունների զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը տեղահանության համատեքստում բազմակողմանի լուծումներ ներդնելու նպատակով, մասնավորապես կենտրոնանալով հանրության հետ հետադարձ կապի ապահովման կարևորության վրա։ Շեշտվեց նաև Ծառայությունում զանգերի կենտրոնի ներդրման կարևորությունը, որին ԵԽ-ն ևս պատրաստակամություն հայտնեց աջակցել։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության պատվիրակությանը
Հրապարակված է հուն 05, 24
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակությանը։ Պատվիրակության անդամները՝ Ֆրոնտեքսի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գիյոմ դը Ռոքինյի-Իրանյի ղեկավարությամբ ներկայացրել են Հայաստանի հետ արդեն իսկ կատարված, ինչպես նաև առաջիկայում ուրվագծվող համագործակցության ծրագրերը։
2022 թվականից Ֆրոնտեքսը Հայաստանում իրականացնում է «Երրորդ երկրների համար նախատեսված՝ վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման տեխնիկական աջակցության նախագծեր» (TAP4RRR): Ծրագրի նպատակն է աջակցել երրորդ երկրների կառավարություններին՝ մշակելու իրենց ազգային ուղղորդման և վերաինտեգրման մեխանիզմները, ինչպես նաև՝ ուժեղացնել նրանց վերաինտեգրման խորհրդատվության կարողությունները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերադարձի և վերաինտեգրման ոլորտում փորձի փոխանակման այցերի կազմակերպում։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի շրջանակներում Ֆրոնտեքսի հետ ՀՀ համագործակցության կարևորությանը։ Շեշտադրվել են ՄՔԾ աշխատակազմի, սահմանապահ ծառայության և ոստիկանության աշխատակիցների կարողությունների զարգացման մասով համագործակցության ուղղությունները։ Կողմերը պայմանավորվել են նաև աշխատել համագործակցության գործող իրավական հիմքերի թարմացման ուղղությամբ։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը մայիսի 6-ին ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակություններին։
Հրապարակված է մայ 08, 24
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը մայիսի 6-ին ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակություններին։ Պատվիրակության անդամները ծանոթացել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքին, Հայաստանում միգրացիոն իրավիճակին, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, թվայնացման օրակարգին, միգրացիոն միտումների փոփոխություններին։ Քննարկվել են նաև միջազգային պաշտպանությանն ու փախստականների ինտեգրմանը, քաղաքացիության ինստիտուտին ու քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերող գործընթացներին, ինչպես նաև՝ վերադարձի, ռեադմիսիայի և վերաինտեգրմանը վերաբերող հարցեր։
Ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ կան հնարավորություններ, որ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության համագործակցությունը շարունակական բնույթ կունենա, և միգրացիոն ոլորտում բարեփոխումները դրական կազդեն երկրների հետագա համատեղ աշխատանքի վրա։
Եգիպտոսի պատվիրակության անդամները հանդիպման ընթացքում ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, որոնք, հիմնականում, վերաբերում էին քաղաքացիների հետընդունման գործընթացի կազմակերպմանն ու մոտեցումներին։
Արմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ
Հրապարակված է ապր 13, 24
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի (CDCJ) միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ (CDCJ-MIG)։
CDCJ-ի բյուրոյի կողմից ձեռնարկված ընտրության գործընթացի արդյունքում, որը ապրիլի 2-ին գրավոր ընթացակարգով հաստատվել է CDCJ-ի կողմից, նոր աշխատանքային խումբը կազմող ութ փորձագետներից մեկն ընտրվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Աշխատանքային խմբի առաջադրանքը քաղաքացիության կամ դրա որոշման ընթացակարգերում իրավաբանական օգնության և ներկայացուցչության, երեխաների համար տեղեկատվության և արդարադատության հասանելիության վերաբերյալ լավ փորձի ամփոփագրի պատրաստումն է (2024-2025 թթ.), ինչպես նաև քաղաքացիություն չունեցող երեխաների քաղաքացիության հասանելիության առնչությամբ ոչ պարտադիր իրավական գործիքի պատրաստման նպատակը:
Բոլոր փորձագետներն ընտրվել են՝ հաշվի առնելով պրակտիկ փորձը և իրավունքի, քաղաքականության ու գործնական հատուկ գիտելիքները քաղաքացիության և քաղաքացիության հասանելիության ոլորտում՝ հատկապես երեխաների համար, ինչպես նաև աշխարհագրական և գենդերային հավասարակշռությունն ու լեզվական հմտությունները:
CDCJ-MIG-ի առաջին հանդիպումը տեղի կունենա առցանց 2024 թ․ մայիսի 2-րդ կեսին:
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով
Հրապարակված է մար 25, 24
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով Պայմանավորված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1988-Ն որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները և ՆԳՆ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները իրենց գործունեության հետ կապված բոլոր վճարումների ստացումն այսուհետ կիրականացնեն POS տերմինալների միջոցով՝ անկանխիկ եղանակով։