Հայաստանի պատվիրակը մասնակցել է ԵԽ միգրացիայի հարցերով ազգային համակարգողների հանդիպմանը
Հրապարակված է հուն 05, 23
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը հունիս 1-2-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հրավերով մասնակցել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի հարցերով ազգային համակարգողների ցանցի 7-րդ հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցում էին 43 անդամ պետությունների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և Միգրացիայի հարցերով ազգային համակարգողների ցանցի ղեկավար տիկին Լեյլա Կայաչիկը ներկայացրեց 2022թ-ին իրականացված աշխատանքները, որոնք հիմնականում փաստահավաք առաքելություններ են ուկրաինացի փախստականներ հյուրընկալող երկրներ՝ Ռումինիա, Լեհաստան, Չեխիա, Մոլդովա և Սլովակիա, տեղում ծանոթանալու իրավիճակին և երկրներին աջակցություն տրամադրելու նպատակով։
Հ․ Չոբանյանը ներկայացրել է Ուկրանիայից տեղահանված և Հայաստանում փախստականի կագավիճակ ստացած երեխաների, այդ թվում՝ առանց ուղեկցության և ընտանիքներից անջատված երեխաների վերաբերյալ վիճակագրական տվյալներ և նրանց ինտեգրման մարտահրավերները։ Նա նաև անդրադարձել է Հայաստանի միգրացիայի կառավարման ոլորտում վերջին զարգացումներին և ձեռքբերումներին:
Միգրացիոն փորձի փոխանակում՝ Գերմանիայում
Հրապարակված է մայ 25, 23
Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, մայիսի 14-18-ը մասնակցել է Վերադարձի և վերաինտեգրման կառույցի (RRF) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) նախաձեռնությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ք․Բեռլին) կայացած փորձի փոխանակման այցին։
Այցի նպատակն էր վերադարձի և վերաինտեգրման ոլորտում գերմանական փորձի ուսումնասիրումը, Հայաստանում վերաինտեգրման ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, աշխատակիցների կարողությունների զարգացումը։
Հայկական կողմը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Փախստականների և միգրացիայի հարցերով դաշնային գրասենյակի (BAMF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM)՝ վերադարձի հարցերով խորհրդատվական կենտրոնի, Ներքին գործերի նախարարության (BMI) և Վերադարձի աջակցության միասնական կենտրոնի (ZUR) ներկայացուցիչների, ինչպես նաև Բեռլինում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ։
Հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ միգրացիայի և ապաստանի գերմանական համակարգին, փորձառությանը, ինչպես նաև ենթակառուցվածքների տեխնիկական հագեցվածությանը և աշխատանքային գործիքակազմին՝ լավագույն փորձը Հայաստանում ներդնելու նպատակով։
Գերմանացի գործընկերներին ներկայացվել են Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները, այդ թվում՝ ինտեգրման և վերաինտեգրման սոցիալական բաղադրիչ պարունակող գործառույթների փոխանցումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Քննարկվել են երկկողմ համագործակցության որոշ ուղություններ՝ այդ թվում Գերմանիայի հետ միգրացիոն գործընկերության համաձայնագրի կնքման հնարավորության հարցը։
Գերմանացի գործընկերները շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով հետագայում ևս միգրացիայի ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունը։
Լիսաբոնում կայացել է միգրացիայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովը
Հրապարակված է մայ 03, 23
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը Լիսաբոնում մասնակցել են Պրահյան գործընթացների բարձրաստիճան պաշտոնյաների համաժողովին:
Նախաձեռնության հեղինակը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն է. այն բազմակողմ միջազգային համագործակցություն է ապահովում միգրացիայի կառավարման հարցերի շուրջ:
Հանդիպմանը քննարկվել են 2022 թ-ի հոկտեմբերին նախարարների համաժողովի ընթացքում հաստատված 2023-2027 թթ-ի գործողությունների ծրագիրը՝ ըստ ազգային, տարածաշրջանային և համաշխարհային առաջնահերթությունների, օրակարգային հարցերի շուրջ երկկողմ ու բազմակողմ համագործակցության մեխանիզմներն ու հնարավորությունները, Պրահյան գործընթացների անդամ-երկրների շրջանում իրականացված հարցումների արդյունքները:
ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում ընթացող կառուցվածքային բարեփոխումները՝ շեշտադրելով գործընթացների և ծառայությունների թվայնացման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել այս համատեքստում դիտարկել գործընկերների շրջանում լավագույն փորձառությունը, պայմանավորվածություններ ձեռք բերել տեղեկատվության փոխանակման և ապագա համագործակցության հնարավորությունների շուրջ:
Որոշվեց ստեղծել միջազգային digital lab, որը հարթակ կլինի ոլորտի դերակատարների համար՝ փոխանակվելու միգրացիայի կառավարման համատեքստում թվայնացված գործընթացների և էլեկտրոնային հարթության մեջ մատուցվող ծառայությունների վերաբերյալ փորձառությամբ:
Համաժողովին մասնակցում էին 60 ներկայացուցիչներ՝ աշխարհի 28 երկրներից, ինչպես նաև միգրացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների պատվիրակներ:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն
Հրապարակված է մար 24, 23
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն նոր կարգով, ինչը կբարձրացնի հանրային ծառայությունների մատուցման որակը:
Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ փոխվարչապետի որոշմամբ հաստատվել է «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարգը»։
Տեղեկացնում ենք, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրության հաստատման ուժով ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը դադարեցրել է իր գործունեությունը ոստիկանությունում եւ համարվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մաս։
Ըստ հաստատված կարգի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ անձնակազմը տասը ամիսների ընթացքում կվերապատրաստվի ծառայության մասնագիտական թեմաներով՝
• քաղաքացիության հարցեր,
• օտարերկրացիներին վերաբերող կարգավորումներ,
• ապաստան և փախստականներ,
• ռեադմիսիա,
• անձնագրային ծառայություններ,
• բնակչության ռեգիստրի հետ աշխատանք,
• աշխատանք փաստաթղթերի և տվյալների շտեմարանների հետ,
• սահմանային հսկողություն,
• ինչպես նաև սպասարկման և հաղորդակցության հմտություններ:
Երկշաբաթյա դասընթացից հետո յուրաքանչյուր աշխատակից անցնելու է թեստավորում: Թեստավորման փուլի համար սահմանված ներքին շեմը հաղթահարած մասնակիցների շրջանում անցկացվելու է հարցազրույց՝ Ներքին գործերի նախարարի հրամանով ձևավորվելիք հանձնաժողովի կողմից:
Վերապատրաստումն անցած աշխատակիցները կնշանակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան պաշտոններում:
Կարգն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից, վերապատրաստման գործընթացը տևելու է տասը ամիս:
Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերների աջակցությամբ:
Միջազգային գործընկերների հետ քննարկվել են վերաինտեգրման ոլորտի հարցեր
Հրապարակված է մար 09, 23
Միգացիայի և քաղաքացիության ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբայնանը մարտի 9-ին մասնակցեց Միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD, Վիեննա) կողմից կազմակերպված «Return and Reintagration Facility/ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի» մասին վեբինարին։ 2022 թվականին ստեղծված Վերադարձի և վերաինտեգրման կառույցը ԵՄ վերադարձի քաղաքականության իրականացմանն աջակցելու գործիք է։ Ի թիվս այլ 11 երկրների՝ այն նաև իր գրասենյակն ունի Հայաստանում։ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող և ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը օպերատիվ և ֆինանսական կարողություններ ունի՝ մշակելու և իրականացնելու ծրագրային հայեցակարգերը կոնկրետ գործողությունների մեջ: Վերադարձն ու վերաինտեգրումը նաև Պրահյան գործընթացի 2022թ-ի նախարարական հռչակագրի գերակա ուղղություններից է՝ հզորացնելու ծագման երկրներում վերաինտեգրման տեղական կարողությունը։ Վեբինարի ընթացքում ներկայացվեց հայաստանյան փորձը վերադարձի և վերաինտեգրման ուղղությամբ, խոսվեց ԵՄ անդամ երկրների կառավարությունների հետ ոլորտում արդյունավետ համագործակցության մասին, նաև քննարկվեցին կոնկրետ միջոցառումներ, մասնավորապես Վերաինտեգրման հարցերով համակարգման ֆորումը, աշխատակիցների կարողությունների զարգացման ծրագրերը, որոնք իրականացվում և նպաստում են Հայաստանում վերաիտեգրման ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։
ՄՔԾ պետ Ա. Ղազարյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը
Հրապարակված է փետ 21, 23
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի պատվիրակությանը:
Ծառայության պետը ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունները: Որպես առաջնահերթություն՝ ընդգծվեց գործընթացների թվայնացումը և ծառայությունների մատուցման տեղափոխությունը դեպի էլեկտրոնային հարթություն: Ա. Ղազարյանը ներկայացրեց նաև Եվրոպական միության հետ համագործակցությունը Ներքին գործերի նախարարության կազմում նոր մարմնի կայացման համատեքստում: ԵԽ գործընկերները պատրաստակամություն հայտնեցին ոլորտում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու:
Կողմերը քննարկեցին ԵԽ «Ներքին տեղահանության ծրագրի» նախագիծը:
Վերադարձի և վերաինտեգրման ոլորտի դերակատարների մասնակցությամբ կայացավ հերթական ֆորումը
Հրապարակված է փետ 16, 23
ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) կողմից կազմակերպվող վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 15-րդ հանդիպումն այսօր տեղի ունեցավ ոլորտի դերակատարների մասնակցությամբ:
Եռամսյակային ֆորումներին մասնակցում են ինչպես պետական հատվածի շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնակիցները քննարկում են Հայաստանի սահմաններից դուրս անկանոն միգրանտի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների կամավոր կամ հարկադիր վերադարձի միտումները, ամփոփում նախորդ եռամսյակում կատարած աշխատանքները: Այս ձևաչափը հնարավորություն է տալիս պարբերաբար փոխանակվել վերաինտեգրման գործող ծրագրերի վերաբերյալ տեղեկություններով և փորձառությամբ:
ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ միգրացիոն ծառայության և անձնագրային և վիզաների վարչության հիմքով նոր ձևավորված մարմնի գործառույթներն ու նպատակները: RRF Հայաստան ծրագիր, կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց ՄՔԾ աշխատակազմի համար կազմակերպված դասընթացներն ու առաջիկա ծրագրերը: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի վերաինտեգրման ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրեց FrontEx-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրի մանրամասները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ:
ՄՔԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում վերադարձողների վերաբերյալ 2022թ․ տարեկան վիճակագրությունը, որն արդեն 5-րդ տարին է հավաքագրվում և ամփոփվում է ՄՔԾ-ի կողմից։ Վիճակագրության համաձայն, 2022թ. ընթացքում Հայաստան է վերադարձել և վերաինտեգրման ծրագրերին, այդ թվում՝ ՄՔԾ կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրին դիմել 828 քաղաքացի։ Քանի որ ոլորտում իրականացվող ծրագրերի մեծ մասն աջակցում է կամավոր վերադարձին, ուստի վերադարձողների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես կամավոր վերադարձողները։ 2019թ․ գրանցվել են վերադարձի ամենաբարձր ցուցանիշները, այնուհետև կտրուկ անկում է արձանագրվել հաջորդ բոլոր՝ 2020, 2021 և 2022թթ․-ի համար։ Նման միտումը պայմանավորված է ինչպես կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջացած սահմանափակումներով և դրանց հետևանքներով, այնպես էլ մի շարք այլ գործոններով։
Ֆորումին մասնակցեցին նաև Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև «Միգրացիայի միջազգային կազմակերպության» Հայաստանի առաքելության, Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD), «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (People in Need) ներկայացուցիչները:
ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
Հրապարակված է փետ 02, 23
2022 թ-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Հայաստանի միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։
Ներկայում երկու գերատեսչությունների վերակազմավորման անցումային փուլն է. հանրային ծառայությունների մատուցումը քաղաքացիներին և օտարերկրացիներին շարունակվում է առանց փոփոխությունների:
Սույն կայքի հանրային հասանելիությունը պահպանվում է, քանի որ կայքի բովանդակությունը պարունակում է օգտակար տեղեկություններ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքէջը մշակման փուլում է:
Ծառայությունների մատուցման, ինչպես նաև մարմնի գործառույթների ոլորտում փոփոխությունների մասին ժամանակին կապահովվի պատշաճ հանրային իրազեկում:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է միջազգային գործընկերների
Հրապարակված է հուն 18, 23
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային:
Արմեն Ղազարյանը ներկայացրեց ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվեց միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնեց, որ առաջնահերթությունների ցանկում են գործընթացների թվայնացումը, ծառայությունների մատուցման որակի բարելավումը և նոր ձևավորված մարմնի գործառույթների և վարչարարության օպտիմալացումը:
Կողմերը քննարկեցին նաև համագործակցության շարունակականությունը: ՄՔՄՄԿ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աջակցությունը սահմանների կառավարմանն ու միգրացիոն գործընթացներին առնչվող հարցերում, վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում, ինչպես նաև տեխնիկական վերազինման և փորձագիտական աջակցության տեսքով:
Հայկական պատվիրակությունը Էստոնիայում ծանոթացավ ՆԳՆ փորձառությանը
Հրապարակված է դեկ 12, 22
Էստոնիայի ներքին գործերի նախարարության մանդատի և գործունեության հետ կապված հարցերին ծանոթանալու նպատակով, «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ-ի կողմից ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների համար 2022թ. դեկտեմբերի 4-9–ը կազմակերպվել էր փորձի փոխանակման այց։
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարություններից, Միգրացիոն ծառայությունից, Ոստիկանության շտաբից, ակադեմիայից և օպերատիվ կառավարման կենտրոնից։ Ուսումնական այցի հինգ օրերի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ինչպես Էստոնիայի ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ նախարարության կազմում գործող մյուս մարմիններում։ Այսպես պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան այցելել և տեղում ծանոթանալ Ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտի,
Փրկարար դեպարտամենտի, Արագ արձագանքման կենտրոնի, ՆԳՆ ակադեմիայի, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին։
Ուսումնական այցի ընթացքում ձեռք բերված փորձը կօգտագործվի ՀՀ-ում Ներքին գործերի նախարարության և դրա կազմում ներառվելիք երեք կառույցների՝ Ոստիկանության, Փրկարարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքում։