Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 12-րդ նիստին:
Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էին նաև Ապաստանի, միգրացիայի և շարժունակություն մասին թեմաները։ Ա․ Ղազարյանը ներկայացրել է միգրացիոն իրավիճակը Հայաստանում, այդ թվում՝ ՀՀ սահմանահատումների և ՀՀ-ում ապաստան հայցողների վերաբերյալ վիճակագրական տվյալները, ոլորտի քաղաքականության վերջին զարգացումները, իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ու ծրագրերը։
Նա նշել է, որ Հայաստանում միգրացիայի կառավարման թվայնացումը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար։ 2019թ-ի փետրվարից Հետընդունման հայցերի էլեկտրոնային համակարգը, իսկ 2022թ-ի հունվարից Աշխատանքի թույլտվության տրամադրման համակարգն արդեն թվայնացված են, ներկայում աշխատանքները շարունակվում են ապաստանի համակարգի թվայնացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով թվայնացնել նաև Հայաստանում տրված բոլոր տեսակի կացության թույլտվությունները:
ՄԾ պետը խոսել է նաև Հայաստանից անկանոն միգրացիայի դեմ պայքարելու նպատակով Միգրացիոն ծառայության, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող տեղեկատվական արշավների ու լրատվամիջոցների հետ շարունակական աշխատանքի մասին։ Նշելով, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ, որոնք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործարկման հիմնական նախադրյալներն են:
Անդրադարձ է եղել ինստիտուցիոնալ բարեփոխումներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, որի ենթակայությամբ կձևավորվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։
Եվրոպական գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի ներդրած ջանքերը վերը նշված բոլոր ուղղություններով՝ պատրաստակամություն հայտնելով շարունակական աջակցություն ցուցաբերել ինչպես միգրացիայի ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այնպես էլ հետագայում թվայնացման և արդյունավետ կառավարմանն առնչվող հարցերում:
Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Հայաստանի՝ Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ անդամի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքը, որը համագործակցության ևս մեկ հարթակ է նշված ոլորտներում: