Միջազգային պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը բարելավվում է ԵՄ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությամբ

Եվրոպական միության և ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից համաֆինա«Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում այսօր տրվեց միջազգային պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության  համապարփակ բարեփոխման նախաձեռնության մեկնարկը՝ բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

          ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն նշեց, որ այսպիսի մեծ ընդգրկումով աշխատանքը կտա ցանկալի արդյունք փախստականներին և ապաստանին առնչվող իրավական դաշտը բարելավելու ուղղությամբ։ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ միգրացիայի և միգրացիոն կառավարման ոլորտում առաջնայինը ինստիտուցիոնալ պատշաճ բարեփոխումների իրագործումն է նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարության շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ապահովել համապատասխան գործիքակազմ և պատշաճ որակավորում ունեցող աշխատակազմ: Նախարարի տեղակալը թեև բավարար գնահատեց Հայաստանում առկա միջազգային պաշտպանության մեխանիզմները, սակայն ներկայացրեց իրավիճակ, երբ անձը չի բավարարում փախստականի կարգավիճակի պահանջներին, բայցև չի կարող վերադարձվել իր երկիր, ուստի պետությունը պատշաճ մոտեցում պետք է ունենա նմանօրինակ իրավիճակներում։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հիշեցրեց, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գրեթե բոլոր տարեկան զեկույցներում, այդ թվում նաև ոլորտին վերաբերող արտահերթ զեկույցի շրջանակներում, այդ թվում  Պաշտպանը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե օրենսդրական և թե գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նկատեց, որ առաջնահերթ խնդիրներից է պետության անվտանգությունն ու փախստականների իրավունքները հավասարակշռելը և նշեց, որ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարությանը նմանօրինակ բարեփոխումների ճանապարհին, մասնավորապես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)  շրջանակում։ ՄԱԿ ՓԳՀ-ի միջազգային պաշտպանության բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը նշեց այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների կարիք է արձանագրվել, մասնավորապես ապաստան հայցողներին մատուցվող թարգմանչական ծառայությունների, կացարանային պայմանների վերաբերյալ։          Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի այլ դերակատարներ ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպություններից։ Քննարկված հարցերի թվում կարևորվեց ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը, նրանց համար հասանելիության ապահովումը հանրային ծառայություններին։ Օրենսդրական փոփոխությունների մշակման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։

          Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 364 անձ, որից 240-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Փախստականի կարգավիճակ է տրամադրվել 22 անձի, մերժվել՝ 28-ի, կարճվել են 37 դիմումներ։

         

 

 

Ըստ թեգերի