Մեկնարկել է EU4IMPACT ծրագիրը

EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրի համապատասխան փուլերը հաջողությամբ ավարտելուն պես ծրագրի շահառուներն իրենց սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհ ստանալու հնարավորություն կունենան: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից: Ծրագրի տևողությունը 48 ամիս է (2020 – 2024թթ.)։

Ո՞վ կարող է դիմել․

Ներկա պահին միգրանտ (այդ թվում ՝ աշխատանքային) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում): Վերադարձած միգրանտներ. ՀՀ քաղաքացիներ, որոնք Հայաստան են վերադարձել վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում) գտնվելուց հետո3 : Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամներ (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ). ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը չի տարածվում ընտանիքի այն անդամների վրա, որոնք օրինական հիմքերով մշտապես բնակվում են ՀՀ-ում: Դիմորդները պետք է պատրաստ լինեն կատարել իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում (համաֆինանսավորում), որը դրամաշնորհը ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում:

 

Նշենք, որ ՄԱԿ-ի կողմից միգրանտը սահմանվում է որպես անձ, որը ավելի քան մեկ տարի բնակվել է օտարերկրյա պետությունում ՝ անկախ պատճառներից, կամավոր թե ոչ կամավոր, և անկախ միգրացիայի դիմելու համար օգտագործված միջոցներից՝ կանոնավոր թե անկանոն։

Իսկ աշխատանքային միգրացիան անձանց տեղաշարժն է մեկ պետությունից մեկ այլ պետություն կամ իրենց բնակության երկրի ներսում ՝ աշխատանք գտնելու նպատակով:

Աշխատանքային միգրանտը անձ է, որը պետք է զբաղվի, զբաղվում է կամ զբաղվել է վարձատրվող գործունեությամբ այն պետությունում, որի քաղաքացին չէ:

Օտարերկրյա պետությունում ուսում անցած (ուսանող)՝ վերը նշված պայմաններին համապատասխանող ՀՀ քաղաքացիները նույնպես կարող են մասնակցել ծրագրին:

 

Ծանոթություն. ներկայացված հայտադիմումների ուսումնասիրման և մասնակիցների ընտրության փուլի տևողությունը միջինում կկազմի 2-ից 3 ամիս: Բիզնես դասընթացների և բիզնես պլանի մշակման փուլի տևողությունը միջինում կկազմի մինչև 2 ամիս: Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքում ՝ բացառությամբ ք. Երևանի: Ծրագրի շրջանակում սկսնակ բիզնես է համարվում այն բիզնեսը, որի հիմնադրումից (գրանցումից) անցել է ոչ ավել, քան երեք տարի: Ուստի, ծրագրի շահառու կարող են դառնալ ինչպես սկսնակ ձեռնարկատերերն, այդպես էլ արդեն որոշ ժամանակ գործող բիզնեսները:

 

Ինչպե՞ս դիմել․

1. Լրացրեք մասնակցության հայտն առցանց՝ հետևելով https://forms.gle/WYL23bemsbvA9SVS8 հղմանը կամ սկանավորելով QR կոդը: Մասնակցության հետ կապված բոլոր մանրամասներին կարող եք նաև ծանոթանալ մեր ծրագրի ֆեյսբուքյան էջերում (fb.com/ICMPDinArmenia և fb.com/EU4IMPACT),  ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կայքէջերում (www.irisbi.am):

2. Հայտի հետ միասին որպես հավելվածներ կցեք.

  •  անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը՝ ներառյալ արտերկիր մուտքի վիզաները և ելքի/մուտքի կնիքները պարունակող էջերը (եթե միգրանտի ընտանիքի անդամ եք՝ ապա Ձեր անձնագրի պատճենը և միգրանտ անդամի անձնագրի պատճենը՝ ներառյալ արտերկիր մուտքի վիզաները և ելքի/մուտքի կնիքները պարունակող էջերը),
  •  Ձեր միգրացիոն պատմությունը հավաստող փաստաթղթերի (օր.՝ արտերկրում զբաղվածությունը հավաստող աշխատանքային պայմանագրերի) պատճենները, (եթե միգրանտի ընտանիքի անդամ եք՝ ապա այդ փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները),
  • աջակցվելիք բիզնեսի սեփականատերը (համասեփականատերը) հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթի՝ պետական գրանցման վկայականի պատճենը (առկայության դեպքում),
  • Ձեր բանկային հաշվում համաֆինանսավորման համար անհրաժեշտ գումարի առկայությունը հավաստող ապացույցներ, ինչպես նաև տեղեկություններ, որոնք հաստատում են այդ ներդրման “միգրացիոն” ծագումը (օր.՝ արտերկրից դրամական փոխանցումների բանկային անդորրագրեր):

3. Սահմանված պահանջներին համապատասխանությունը հաստատվելուն պես Ձեզ հետ կանցկացվի հարցազրույց, որի արդյունքների հիման վրա կթույլատրվի Ձեր մասնակցությունը ծրագրի կողմից կազմակերպվելիք հատուկ դասընթացներին որոնք մշակվելու են՝ հաշվի առնելով դիմորդների անհատական կարիքները:

4. Դասընթացի ավարտին Դուք կհանձնեք թեստ, որից հետո Ձեզ կառաջարկվի երկու-երեք շաբաթվա ընթացքում կազմել անհատական բիզնես պլան, ինչում Ձեզ կօգնեն որակավորված մասնագետներ:

5. Անհատական բիզնես պլանի հիման վրա մշակված դրամաշնորհային առաջարկները կներկայացվեն մրցութային հանձնաժողովի գնահատմանն ու հաստատմանը: Հավանության արժանացած առաջարկներն ապա կարող են իրագործվել ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի և Ձեր կողմից ներդրված նույնչափ գումարի համադրմամբ:

6. Այնուհետ, ծրագրի որակավորված մասնագետները վեց ամսվա ընթացքում կհետևեն Ձեր ձեռնարկատիրական գործունեությանը և բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն կտրամադրեն:

 

Ծանոթություն. ներկայացված հայտադիմումների ուսումնասիրման և մասնակիցների ընտրության փուլի տևողությունը միջինում կկազմի 2-ից 3 ամիս: Բիզնես դասընթացների և բիզնես պլանի մշակման փուլի տևողությունը միջինում կկազմի մինչև 2 ամիս:

 

Դրամաշնորհի չափը - 2.000 - 10.000 եվրո

• դրամաշնորհը պարտադիր պետք է համալրվի Ձեր կողմից հատկացվող նույն չափի գումարով,

• այն կարող է օգտագործվել բացառապես հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով:

Ձեռնարկատիրական գործունեություն, որը չի կարող ֆինանսավորվել ծրագրի շրջանակներում

• Առևտրային գործունեություն

• Մասնակցություն ներդրումային հիմնադրամներին

• Ֆինանսավարկային և ֆինանսական այլ գործունեություն

• Արտարժույթի փոխանակում

• Մոլեխաղերի կազմակերպում

Ալբոմ
Ըստ թեգերի