Այսօր Կառավարության նիստում ընդունվեց բնակարանի գնման վկայականների (ԲԳՎ) տրմադրման վերաբերյալ որոշման նոր նախագիծը, որով կմեկնարկի Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը։
Մասնավորապես, շուրջ 2,1 մլրդ ՀՀ դրամն ուղղվելու է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում ավելի քան 30 տարի բնակվող 185 ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:
Նախորդ փուլում շուրջ 1,5 մլրդ ՀՀ դրամի շրջանակում մեկնարկել է Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 112 փախստական ընտանիքների բնակապահովման ծրագիրը։ Շահառուների կեսից ավելիին արդեն տրամադրվել են վկայագրերը՝ Միգրացիոն ծառայության աշխատակիցների տնայցերի միջոցով՝ հաշվի առնելով թիրախ խմբի տարիքային առանձնահատկություններն ու համաճարակային ռիսկը։
Միաժամանակ, արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված, նախագծով նախատեսվում է մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգել շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։
Այս նախագծով հստակեցվում են նաև ծրագրի առաջին փուլում ի հայտ եկած խնդիրների կարգավորման դրույթները՝ երկրորդ փուլի համար առավել ավելի հարթ և սահուն ընթացք ապահովելու նպատակով: Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ:
Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի պետբյուջեից այս նպատակով որևէ գումար չէր հատկացվել։