Օգտակար ինֆորմացիա Իմիգրանտների համար
Կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու ընթացակարգը աշխատանքի թույլտվության հիմքով՝ www.workpermit.am հարթակով
ՔԱՅԼ 1. Օտարերկրացին դիմում է գործատուին՝ մեկ պատուհանով աշխատանքի թույլտվության և կացության ժամանակավոր կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ստանալու գործընթացը կազմակերպելու համար:
ՔԱՅԼ 2. Գործատուն կազմակերպում է էլեկտրոնային հարթակում իր գրանցումը: Գրանցվելու համար գործատուն անցնում է խիստ նույնականացում:
ՔԱՅԼ 3. Հարթակում գրանցվելուց և մուտք գործելուց հետո գործատուն ստեղծում է թափուր աշխատատեղի նոր նկարագիր: Նկարագրի ստեղծման ընթացքում հարթակն առաջարկում է ընտրել երկու տարբերակներից մեկը` ա. «Աշխատանքի թույլտվություն», բ. «Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններ»․
ՔԱՅԼ 4. Ընտրվում է «Աշխատանքի թույլտվություն» տարբերակը և համապատասխան դաշտում լրացվում է առաջարկվող աշխատատեղի և (կամ) պաշտոնի նկարագիրը:
ՔԱՅԼ 5. Նկարագիրը ավտոմատ եղանակով ուղարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: 15 աշխատանքային օրվա ընթացքում հարթակում նկարագրի վերաբերյալ կատարվում է նշում:
ՔԱՅԼ 6. Եթե հարթակում կատարվում է հետևյալ նշումը՝ «Թափուր աշխատատեղը կարող է լրացվել օտարերկրյա քաղաքացիով», գործատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում հարթակում մուտքագրում է օտարերկրացու տվյալները՝
1) անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը, սեռը
2) քաղաքացիությունը,
3) մշտական բնակության երկիրը,
4) անձնագրի սերիան, տրման ամսաթիվը և վավերականության ժամկետը,
5) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) կրթության մակարդակի վերաբերյալ նշումը,
7) վերբեռնում է անձնագրի լուսապատճենը,
8) վերբեռնում է գործատուի կողմից համապատասխան օտարերկրացուն աշխատանքի ընդունելու պարտավորությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
9) վերբեռնում է կրթությունը հաստատող փաստաթղթի լուսապատճենը,
10) ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարանիշը,
11) վերբեռնում է գունավոր լուսանկարը՝ 35*45 մմ չափի,
12) վերբեռնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, ամ կատարում է նշում հարթակի համապատասխան դաշտում՝ պետական տուրք վճարելուց ազատված լինելու մասին կամ պետական տուրքի վճարումն իրականացնում է հարթակի միջոցով:
ՔԱՅԼ 7. Գործատուի կողմից օտարերկրացու տվյալները մուտքագրելուց հետո ԱԱԾ-ի և ոստիկանության համապատասխան օպերատորները ինքնաշխատ եղանակով ստանում են ծանուցում՝ հարթակ մուտքագրված օտարերկացու տվյալների վերաբերյալ: ԱԱԾ-ն և ոստիկանությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնում են եզրակացություն՝ օտարերկրացուն հայցվող կարգավիճակի տրամադրման վերաբերյալ: Եթե նշված ժամկետում ԱԱԾ-ն և ոստիկանությունը եզրակացություն չեն տալիս, ապա եզրակացությունը համարվում է դրական:
ՔԱՅԼ 8. Ստացված եզրակացությունների հիման վրա Միգրացիոն ծառայությունը կայացնում է որոշում:
ՔԱՅԼ 9․ Օտարերկրացին միգրացիոն ծառայությունից ստանում է կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը և 15-օրյա ժամկետում ներկայանում է ըստ բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար։ Տվյալ դեպքում օտարերկրացին ներկայացնում է՝
1) կացության քարտը,
2) եթե բնակելի տարածության սեփականատեր է, սեփականության վկայականը, եթե հաշվառվում է սեփականատիրոջ համաձայնությամբ, նրա (եթե սեփականատերերը մեկից ավել են՝ բոլորի) գրավոր համաձայնությունը, եթե հաշվառվող անձը սեփականատեր չէ կամ չի կարող ապահովել բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունը, անձնագրային ծառայությունում նշում է բնակության հասցեն, որից հետո բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից,
3) պետական տուրքի վճարման անդորրագիր։