Օգտակար ինֆորմացիա Իմիգրանտների համար
Կացության հատուկ կարգավիճակ ստանալու ընթացակարգը, երբ օտարերկրացին դիմում է անձնագրային և վիզաների վարչություն (դիմելու հիմքերը):
ՔԱՅԼ 1. Oտարերկրացին կամ նրա լիազոր ներկայացուցիչը դիմում է անձնագրային և վիզաների վարչություն Տվյալ դեպքում օտարերկրացին կամ նրա լիազոր ներկայացուցիչը ներկայացնում է՝
1) դիմում,
2) դիմում-հարցաթերթիկ,
3) Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա, կացության քարտ, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների համար` սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթղթում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին կատարված նշումը:
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով նախատեսված՝ ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ (միայն ազգությամբ հայերի համար).
5) Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն իրականացնելը հիմնավորող փաստաթուղթ (միայն ազգությամբ ոչ հայերի համար).
6) անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
7) 3,5 սմ x 4,5 սմ չափսի 6 գունավոր լուսանկար.
8) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
ՔԱՅԼ 2. Անձնագրային և վիզաների վարչությունը փաստաթղթերը ստանալուց հետո երեքշաբաթյա ժամկետում, իր եզրակացության հետ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ այդ փաստաթղթերի պատճենները՝ դրանք ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է Արտաքին գործերի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն, որոնք նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
ՔԱՅԼ 3. Վարչապետի աշխատակազմը փաստաթղթերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
ՔԱՅԼ 4. Հատուկ կացության կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում անձնագրային և վիզաների վարչությունը ձևակերպում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անձնագրային և վիզաների վարչությունում դիմում ներկայացրած անձանց:
ՔԱՅԼ 5․ Հատուկ անձնագիրը ստանալուց հետո օտարերկրացին 15-օրյա ժամկետում ներկայանում է ըստ բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար։ Տվյալ դեպքում օտարերկրացին ներկայացնում է՝
1) հատուկ անձնագիրը,
2) եթե բնակելի տարածության սեփականատեր է, սեփականության վկայականը, եթե հաշվառվում է սեփականատիրոջ համաձայնությամբ, նրա (եթե սեփականատերերը մեկից ավել են՝ բոլորի) գրավոր համաձայնությունը, եթե հաշվառվող անձը
սեփականատեր չէ կամ չի կարող ապահովել բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունը, անձնագրային ծառայությունում նշում է բնակության հասցեն, որից հետո բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից,
3) պետական տուրքի վճարման անդորրագիր։