ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի տարեկան կատարումը համատեղ կոմիտեի նիստին բարձր գնահատվեց

Հրապարակված է հուլ 14, 22

Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի 8-րդ նիստը տեղի ունեցավ այսօր։ Հայաստանյան կողմից ներգրավված էին Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի, Արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Եվրոպական կողմի հետ քննարկումը կազմակերպվեց տեսակապով։

Կոմիտեի համանախագահ, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բարձր գնահատեց ռեադմիսիայի ոլորտում համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաև ԵՄ օժանդակությունը Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում նախատեսված ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրին, այդ թվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ «Մեզ համար իսկապես կարևոր է փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցությունը, որ ստանում ենք ԵՄ-ից, քանի որ բարեփոխումների համատեքստում մենք շարժվում ենք գործընթացների թվայնացման ճանապարհով»,-ասաց նա՝ ներկայացնելով 2022 թ-ի հունվարի մեկից գործարկված workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար, ինչպես նաև ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի արդյունավետ շահագործումը 2019 թ-ից ի վեր։

Կոմիտեի համանախագահ, Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի տնօրինության անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի ղեկավարի տեղակալ Մաուրո Գալիարդին իր հերթին բարձր գնահատեց ռեադմիսիայի ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանի կատարողականը և կառուցողականությունը։ «Այժմ մենք աշխատում ենք ոչ ԵՄ անդամ երկրների հետ ռեադմիսիոն համագործակցության վերաբերյալ երրորդ գնահատման զեկույցի ուղղությամբ։ Նախորդ զեկույցներում, Հայաստանի ցուցանիշները բավականին տպավորիչ են եղել»,-նշեց նա։

 

         

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է․ փախստականության հայաստանյան փորձառությունը

Հրապարակված է հուն 20, 22

Հունիսի 20-ն աշխարհում նշվում է՝ որպես Փախստականների համաշխարհային օր։ Ներկայացնում ենք փախստականության համատեքստում հայաստանյան փորձառությունը։

Ընդհանուր միտումներ ապաստանի համակարգ

Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։ 2022 թ-ի հունվար-մարտ ժամանակահատվածում Միգրացիոն ծառայությունը (ՄԾ) ապաստանի հայցեր է ստացել աշխարհի 13 երկրներից՝ Ուկրաինա, Իրան, Իրաք, Կուբա, Լիբանան, Սիրիա և այլն։  Վերջին տասը տարիների ՀՀ-ը փախստականի կարգավիճակ է տրամադրել ավելի քան 1500 ապաստան հայցողների։ Վերջին 5 տարիներին ՄԾ-ը տարեկան միջինը 220 ապաստանի հայց է ստանում։

Արցախից տեղահանվածներ

Ծառայությունը 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին իրականացրել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրում, մշակում և, ըստ աշխատանքային անհրաժեշտության, այլ գերատեսչությունների է տրամադրում։ Տվյալները հավաքագրվել են տնայցերի միջոցով՝ Երևանում քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության տարածքային աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մարզերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչների միջոցով: Էլեկտրոնային շտեմարանում գրանցվել են մոտ 91 հազար անձանց տվյալներ՝ 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ:

Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների բնակապահովման ծրագիր

ՄԾ-ն իրականացնում է Կառավարության 2019-ի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ մեկնարկած բնակարանային ապահովման ծրագիրը՝ 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած փախստական ընտանիքների համար: Բնակարանի գնման վկայականներ են տրամադրվել 270 ընտանիքների՝ 3.7 մլրդ. դրամի ընդհանուր արժողությամբ։ Նրանցից մոտ 200 ընտանիքներ (ԲԳՎ ստացածների շուրջ 75 տոկոսը) արդեն իսկ ձեռք է բերել բնակարան։

2022 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 283-Ն որոշումը, որով կմեկնարկի ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։ Ըստ 2013 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մարզերում ծրագրի հավակնորդ շահառու են հանդիսանում 254 ընտանիքներ։ Ներկայումս ընթանում է մարզերում բնակվող հավակնորդ շահառուների վերահաշվառման գործընթացը։

         

         

Հղումներ

Միգրացիոն ծառայության՝ փախստականների ինտեգրմանն ուղղված աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://migration.am/general_information

Ապաստանի համակարգը բնութագրող վիճակագրական ցուցանիշները հասանելի են հետևյալ հղումով՝ http://migration.am/statistics

Փախստականների օրվան նվիրված տեղեկատվական նյութեր առկա են նաև ՄԾ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/media/set/?set=a.2398027603590868&type=3

Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրեց Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

Հրապարակված է մայ 20, 22

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումին՝ կարևորելով ֆորումի ձևաչափը՝ որպես Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի և Փախստականների մասին գլոբալ դաշնագրերի ընդունումից ի վեր միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելու և գլոբալ ջանքերը միավորելու հնարավորություն:

Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանը առաջին անգամ 2020 թ-ին և երկրորդ անգամ այս տարի հաստատել է իր ազգային կամավոր զեկույցը՝ Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ դաշնագրի կատարման վերաբերյալ: «Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում երկու դաշնագրերով սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ՝ բարելավելով միգրացիայի կառավարումն ու տեղահանված անձանց պաշտպանությունը»,- ընդգծեց Արմեն Ղազարյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը ներկայացրեց, որ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացված լայնածավալ ծրագրերից մեկն ուղղված է փախստականի ձգձգված իրավիճակում հայտնված անձանց բնարանային ապահովման խնդրին՝ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով: «Միևնույն ժամանակ մենք բախվել ենք տեղահանության ևս մեկ ալիքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ դրսևորված ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով: Արցախից տեղահանվածներից նշանակալի թվով  անձինք ապահով վերադարձի հնարավորություն կարող է չունենան՝ նույնիսկ հիմա՝ հրադադարի հաստատումից հետո»,- նշեց Արմեն Ղազարյանը՝ հավելելով Կառավարության կողմից ձեռնարկված աջակցության միջոցառումների մասին և շեշտելով, որ այս առումով Հայաստանի ջանքերը միանգամայն համընկնում են երկու դաշնագրերին՝ ամրապնդելով փախստականների ինքնուրույնությունը ու ընդունող հասարակություններում սոցիալական համերաշխությունը: Նա հատուկ կարևորեց միջազգային հանրության ներգրավվածությունն ու աջակցությունն այս համատեքստում:

Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությանը Հայաստանի վրա և ձեռնարկված միջոցառումներին, մասնավորապես միգրացիայի ոլորտում, ինչպես նաև այս համատեստքում արձանագրված վերադարձի միգրացիոն հոսքին:

Այնուհետև նա ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում գործընթացների թվայնացման միտումները Հայաստանում՝ անդրադառնալով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության և այդ հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար գործարկված միասնական էլեկտրոնային հարթակին: Ղազարյանը շեշտեց, որ այն համահունչ է դաշնագրով սահմանած նպատակներին՝ դյուրացնել անհրաժեշտ փաստաթղթերին հասանելիությունը, ապահովել կանոնավոր միգրացիայի ուղիները և կանխարգելել թրաֆիքինգը:

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բազմակողմանի ջանքերի և մարդու իրավունքների վրա հիմնված լուծումների ուղղությամբ՝ միգրացիայի և շարժունության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու առումով»,- եզրափակեց իր խոսքը Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ընդհանուր քննարկման ժամանակ անդրադարձ կատարելով ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների արձագանքին՝ Միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ միգրացիային առնչվող ֆորումը այդ եզրույթի միտումների ու զարգացումների քննարկումների հարթակ է, այլ ոչ թե քարոզչության վերարտադրության վայր՝ ամբողջությամբ մերժելով նման դրսևորումները:

ՄԾ աշխատակիցները մասնակցեցին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում. COVID-19 դարաշրջանում նոր միգրացիոն իրողություն» ֆորումին

Հրապարակված է դեկ 13, 21

Միգրացիոն ծառայության միգրացիոն ծրագրերի և մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը, Միգրացիոն ծառայության պետի օգնական Նելլի Դավթյանը և ՄԱԿ-ի բնակչութան հիմնադրամի ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-9-ը Մոսկվայում մասնակցեցին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում. COVID-19 դարաշրջանում նոր միգրացիոն իրողություն» խորագրով 13-րդ միջազգային ֆորումին։

ՄԱԿ-ի բնակչութան հիմնադրամի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված երկօրյա գործնական-ակադեմիական համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ կադրերի գծով պրոռեկտոր Վլադիմիր Մոռոզովը՝ կարևորելով միջոցառումը ինչպես ինստիտուստի ուսանողների համար, այնպես էլ միջազգային գործընկերների հետ համագործակցության տեսանկյունից։ Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ժողովրդագրական և միգրացիոն ֆակուլտետի ղեկավար Սերգեյ Ռյազանցևը ներկայացրեց աշխատըաժողովի հիմնական նպատակներն ու օրակարգերը։ Հնչեցին միգրացիայի և ժողովրդագրության թեմայով տարբեր զեկույցներ, իրենց գիտական աշխատանքները ներկայացրեցին մագիստրոսները։

Քննարկումների հիմնական թեմաները ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով արձանագրված գլոբալ միտումներն էին միգրացիայի կառավարման ոլորտում, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի կրճատում, զուգահեռաբար սահմանների փակման և կառավարման համատեքստում նույնական քաղաքականության բացակայության պայմաններում միգրանտներին առնչվող խնդիրների սրացում, անմիջականորեն միգրանտների վրա ազդող մի շարք սահմանափակումներ, պատվաստանյութերի փոխճանաչման և ՔՈՎԻԴ-19 թեսթավորման տարբեր կանոնակարգեր, ակադեմիական շարժունության կրճատում, աշխատաշուկաների փոխակերպումներ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, միաժամանակ միգրանտների դերի փոփոխություն զբաղվածության համակարգում:

Ըստ ներկայացված զեկույցների՝ համավարակի ազդեցությունը միգրացիայի կառավարման ոլորտում ավելի քիչ դրական ազդեցություն ունի (օրինակ, հեռավար արտասահմանյան կրթության պարագայում կրթական միգրանտի վերադարձի քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը վերանում է), ավելի շատ՝ բացասական: Այս ազդեցությունները դրսևորվում են ինչպես էմիգրացիոն, այնպես էլ իմիգրացիոն հոսքերի ուղղությամբ: Էմիգրացիոն հոսքերի ուղղությամբ հիմնականում տեղեկատվական և հյուպատոսական հավելյալ ծառայությունների մատուցման կարիք է առաջանում, իմիգրացիոն հոսքերի ուղղությամբ՝ կոնկրետ կանոնակարգերի ներմուծման:

Քննարկված առողջապահական բնույթի մի շարք հարցերի թվում  էին իմիգրանտների, այդ թվում՝ փախստականների և ապաստան հայցողների հասանելիությունը պատվաստանյութերին, ինչպես նաև վարակից բուժումը, ինչը առաջարկվում էր կանոնակարգել առողջական ապահովագրության միջոցով:  

          Աշխատաժողովի մասնակիցները փաստեցին նաև, որ համավարակով պայմանավորված համաշխարհային միտում է նաև տնտեսության թվայնացման տեմպերի բազմապատկումը, դրան զուգահեռ աշխատանքային միգրացիայի հնարավորությունների սահմանափակումը: Արդյունքում, շատ միգրանտներ թվային տնտեսության մեջ ադապտացվելու և ինքնաիրացվելու խնդիր ունեցան: Համավարակի պայմաններում սահմանների կառավարման ոլորտում ևս շատ երկրներ կիրառում են թվային գործիքներ, որոնց հասանելիությունը միգրանտներին ապահովելը ևս համակարգային լուծում է պահանջում:

          Միջոցառման մասին մանրամասն տեղեկություններ հասանելի են  https://idrras.ru/news/2021/december/migration-bridges-in-eurasia-2021.html հղումով։

Վ. Մաթևոսյան, «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» 2020 1-2, Մաս Բ, «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»

Հրապարակված է հուն 17, 20

Միգրացիան թվերով վերլուծական տեղեկագիր պարբերականը մշակվում և հրապարակվում է Միգրացիոն ծառայության պետի 2019թ. մայիսի 15-ի N 20-Ա հրամանի համաձայն։ Տեղեկագիրը կազմված է երեք մասերից՝ «Եվրոպայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիները», «ՀՀ քաղաքացիները միջազգային պաշտպանության Եվրոպական համակարգում», «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»։

Պարբերականի այս համարում ամփոփվել են 2019թ. ընթացքում Եվրոպական միության (ԵՄ) անդամ երկրներում որպես անօրինական գտնվող հայտնաբերված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը, ԵՄ անդամ պետությունների համապատասխան մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների վերադարձնելու վերբերյալ ընդունված որոշումների և փաստացի վերադարձվածների թվերը, նշված ցուցանիշների դինամիկան 2009-2018թթ. տասնամյակում։ 

բեռնել

Վ. Մաթևոսյան, «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» 2020 1-1, Մաս Ա, «ՀՀ քաղաքացիները միջազգային պաշտպանության Եվրոպական համակարգում»

Հրապարակված է մայ 12, 20

Միգրացիան թվերով վերլուծական տեղեկագիր պարբերականը մշակվում և հրապարակվում է Միգրացիոն ծառայության պետի 2019թ. մայիսի 15-ի N 20-Ա հրամանի համաձայն։ Տեղեկագիրը կազմված է երեք մասերից՝ «Եվրոպայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիները», «ՀՀ քաղաքացիները միջազգային պաշտպանության Եվրոպական համակարգում», «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»։ Վերլուծական տեղեկագրի այս համարում ամփոփվել են 2019թ. ընթացքում Եվրոպական միության և Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության երկրներում միջազգային պաշտպանություն հայցած և տարեվերջի դրությամբ ապաստան հայցող հանդիսացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը, ապաստանի ցուցանիշների դինամիկան 2010-2019թթ., ինչպես նաև ապաստանի հայցերի վերաբերյալ լիազորված մարմինների (առաջին ատյանների) և վերջնական որոշում կայացնող մարմինների կողմից ընդունված որոշումները և դրանց թվի դինամիկան։

բեռնել

ԿԱՅԱՑԱՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԹԵՄԱՆԵՐԸ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Հրապարակված է փետ 17, 20

«Միգրացիա և ժողովրդագրություն» խորագրով ձմեռային դպրոցը, կազմակերպված Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից, անցկացվեց Ծաղկաձորում:

Եռօրյա միջոցառմանը մասնակցեցին միգրացիայի և ժողովրդագրության ոլորտով հետաքրքրված տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի, պատմության և քաղաքագիտության ֆակուլտետներից 25 ուսանողներ և շրջանավարտներ, ֆակուլտետների անդամներ:

Մասնակիցներին ողջունեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով միգրացիան՝ որպես ժողովրդագրության մեխանիկական բաղադրիչ։

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրապարակված է փետ 05, 20

Հրապարակում ենք 2019 թվականի սահմանահատումների ամփոփ վիճակագրությունը։

Միգրացիոն մնացորդը այս անգամ ևս դրական է. 10 506:

Սահմանահատումների վիճակագրությունը միգրացիոն իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներից մեկն է։

Ցուցանիշները՝ ըստ փոխադրամիջոցների, հասանելի են հետևյալ հղում՝

ՀՀ-ՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ 2019Թ. ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Հրապարակված է փետ 05, 20

Հրապարակում ենք ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների թիվը 2019թ. վերջի դրությամբ։

Հասանելի է այստեղ՝