Միգրացիոն ծառայությունն այսուհետներկայացված կլինի նաև Վ․ Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում

Հրապարակված է հուլ 26, 22

Այսուհետ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում կմատուցվի նաև Միգրացիոն ծառայության՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման ծառայությունը.

✓ Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն workpermit.am հարթակով էլեկտրոնային հայտ է ներկայացնում։ Այն էլեկտրոնային տարբերակով շրջանառվում է իրավասու մարմինների միջև։ Դրական որոշման պարագայում օտարերկրացին ստանում է ծանուցում, որպեսզի ներկայանա Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնի քարտը՝ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը։

✓ ԵԱՏՄ անդամ պետությունների` Հայաստանում աշխատող քաղաքացիներն անձամբ են գրանցվում workpermit.am կայքում, ավելի կարճ ժամկետում ստանում ծանուցում՝ ներկայանալու Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ և վերցնելու բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը՝ քարտի տեսքով։

✓ Քաղաքացիական ծառայության կենտրոնում կարող է իրականացվել նաև օտարերկրացի գործատուների օգտահաշվի ստեղծում՝ Միգրացիոն ծառայության աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի մասնագետի կողմից։

Գրասենյակի՝ միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ կարելի է կապ հաստատել 010 593921 հեռախոսահամարով։

Միգրացիոն ծառայությունն ու «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ը կխորացնեն համագործակցությունը թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում

Հրապարակված է հուլ 20, 22

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի  Դուդակլյանը այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում գործակցային հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։

Հուշագրով կողմերը կհամագործակցեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի նախանույնացման ուղղությամբ ջանքերի մեկտեղման հարցում՝ մասնագիտական գործունեության ընթացքում միգրացիոն շղթայում ընդգրկված պետական ծառայողների գիտելիքների ու հմտությունների ամրապնդման միջոցով։

Առաջիկայում Միգրացիոն ծառայության, «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի և այլ շահագրգիռ կառույցների ներկայկացուցիչների ներգրավմամբ կմշակվի միգրացիոն շղթայում ընդգրկված պետական ծառայողների մասնագիտական վերապատրաստման ծրագրի մոդուլը։

 

Միջազգային պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը բարելավվում է ԵՄ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությամբ

Հրապարակված է հուլ 15, 22

Եվրոպական միության և ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից համաֆինա«Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում այսօր տրվեց միջազգային պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության  համապարփակ բարեփոխման նախաձեռնության մեկնարկը՝ բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

          ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն նշեց, որ այսպիսի մեծ ընդգրկումով աշխատանքը կտա ցանկալի արդյունք փախստականներին և ապաստանին առնչվող իրավական դաշտը բարելավելու ուղղությամբ։ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ միգրացիայի և միգրացիոն կառավարման ոլորտում առաջնայինը ինստիտուցիոնալ պատշաճ բարեփոխումների իրագործումն է նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարության շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ապահովել համապատասխան գործիքակազմ և պատշաճ որակավորում ունեցող աշխատակազմ: Նախարարի տեղակալը թեև բավարար գնահատեց Հայաստանում առկա միջազգային պաշտպանության մեխանիզմները, սակայն ներկայացրեց իրավիճակ, երբ անձը չի բավարարում փախստականի կարգավիճակի պահանջներին, բայցև չի կարող վերադարձվել իր երկիր, ուստի պետությունը պատշաճ մոտեցում պետք է ունենա նմանօրինակ իրավիճակներում։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հիշեցրեց, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գրեթե բոլոր տարեկան զեկույցներում, այդ թվում նաև ոլորտին վերաբերող արտահերթ զեկույցի շրջանակներում, այդ թվում  Պաշտպանը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե օրենսդրական և թե գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նկատեց, որ առաջնահերթ խնդիրներից է պետության անվտանգությունն ու փախստականների իրավունքները հավասարակշռելը և նշեց, որ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարությանը նմանօրինակ բարեփոխումների ճանապարհին, մասնավորապես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)  շրջանակում։ ՄԱԿ ՓԳՀ-ի միջազգային պաշտպանության բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը նշեց այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների կարիք է արձանագրվել, մասնավորապես ապաստան հայցողներին մատուցվող թարգմանչական ծառայությունների, կացարանային պայմանների վերաբերյալ։          Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի այլ դերակատարներ ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպություններից։ Քննարկված հարցերի թվում կարևորվեց ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը, նրանց համար հասանելիության ապահովումը հանրային ծառայություններին։ Օրենսդրական փոփոխությունների մշակման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։

          Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 364 անձ, որից 240-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Փախստականի կարգավիճակ է տրամադրվել 22 անձի, մերժվել՝ 28-ի, կարճվել են 37 դիմումներ։

         

 

 

ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի տարեկան կատարումը համատեղ կոմիտեի նիստին բարձր գնահատվեց

Հրապարակված է հուլ 14, 22

Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի 8-րդ նիստը տեղի ունեցավ այսօր։ Հայաստանյան կողմից ներգրավված էին Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի, Արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Եվրոպական կողմի հետ քննարկումը կազմակերպվեց տեսակապով։

Կոմիտեի համանախագահ, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բարձր գնահատեց ռեադմիսիայի ոլորտում համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաև ԵՄ օժանդակությունը Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում նախատեսված ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրին, այդ թվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ «Մեզ համար իսկապես կարևոր է փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցությունը, որ ստանում ենք ԵՄ-ից, քանի որ բարեփոխումների համատեքստում մենք շարժվում ենք գործընթացների թվայնացման ճանապարհով»,-ասաց նա՝ ներկայացնելով 2022 թ-ի հունվարի մեկից գործարկված workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար, ինչպես նաև ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի արդյունավետ շահագործումը 2019 թ-ից ի վեր։

Կոմիտեի համանախագահ, Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի տնօրինության անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի ղեկավարի տեղակալ Մաուրո Գալիարդին իր հերթին բարձր գնահատեց ռեադմիսիայի ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանի կատարողականը և կառուցողականությունը։ «Այժմ մենք աշխատում ենք ոչ ԵՄ անդամ երկրների հետ ռեադմիսիոն համագործակցության վերաբերյալ երրորդ գնահատման զեկույցի ուղղությամբ։ Նախորդ զեկույցներում, Հայաստանի ցուցանիշները բավականին տպավորիչ են եղել»,-նշեց նա։

 

         

«Մեդիա և միգրացիա 2022» աշխատաժողովին քննարկվեցին փախստականների ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները

Հրապարակված է հուլ 11, 22

«Մեդիա և միգրացիա 2022» ծրագրի շրջանակում Միգրացիոն ծառայությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) Աղվերանում կազմակերպեցին երկօրյա աշխատաժողով՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան, որը ողջ աշխարհում նշվում է հունիսի 20-ին։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին վերջին միտումները փախստականության ոլորտում, տեղահանված անձանց, փախստականների ու ապաստան հայցողների վերաբերյալ համաշխարհային վիճակագրական տվյալներ, քննարկվեցին ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները՝ ուղղված փախստականների ու տեղահանված անձանց խնդիրները հմտորեն բարձրաձայնելուն։ Աշխատաժողովին մասնակցում էին նախորդ տարիներին «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթին մասնակցած լրագրողներ, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ, ոլորտով հետաքրքրված այլ մեդիա ներկայացուցիչներ։ Իրենց փորձով երիտասարդ գործընկերների հետ կիսվեցին ոլորտը երկար տարիներ լուսաբանող, «Ճամպրուկ» մրցույթի հաղթող լրագրողները։ Անդրադարձ եղավ փախստականների վերաբերյալ հայաստանյան մեդիա ծածկույթի լավագույն ու վատագույն փորձառությանը, պատճառներին։

Հիշեցնենք, որ «Մեդիա և միգրացիա 2022» ծրագրի այս տարվա մեկնարկը տեղի ունեցավ ս․թ․ ապրիլի 29-ին՝ ԶԼՄ տնօրենների և գլխավոր խմբագիրների մասնակցությամբ։ Ծրագրի երկարաժամկետ նպատակը Հայաստանում միգրացիոն գործընթացների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելն է։

          Ծրագրի շրջանակում հաջորդ հանդիպումը լրագրողների հետ տեղի կունենա երրորդ եռամսյակում և նվիրված կլինի իմիգրացիայի թեմային։

          Հընթացս Միգրացիոն ծառայությունն ու ՄԱԿ ՓԳՀ-ն կհայտարարեն նաև «Ճամպրուկ 2022» լրագրողական մրցույթի՝ դիմումների ընդունման մեկնարկը։

 

Հայկական պատվիրակությունը Հաագայում է՝ Վերադարձի ոլորտում փորձի փոխանակման նպատակով

Հրապարակված է հուլ 01, 22

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Ծառայության վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը հայկական պատվիրակության կազմում մասնակցում են դեպի Նիդերլանդներ կազմակերպված ճանաչողական այցին՝ վերադարձի ոլորտում փորձի փոխանակման նպատակով: Պատվիրակության կազմում են նաև Արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչները:

Հայկական կողմը Հաագայում հանդիպումներ է ունեցել կամավոր վերադարձի և վերաինտեգրման ոլորտում Նիդերլանդների Թագավորության համապատասխան կառույցների գործընկերների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել ՄՄԿ Նիդերլանդների գրասենյակի, Ամստերդամի ՄՄԿ կենտրոնի, Ռոտերդամի՝ չփաստաթղթավորված անձնանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության, Հայրենադարձության և մեկնման հոլանդական ծառայության, Հատուկ կացարանի, Սոստերբերգի պահման կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաև Հաագայում Հայաստանի դեսպանության գործընկերների հետ:

Քննարկումների առանցքում եղել է անկանոն միգրանտի կարգավիճակում գտնվող օտարերկրացիների կամավոր վերադարձի եվրոպական փորձառությունը՝ նույն համակարգը Հայաստանում հաջողությամբ ներդնելու նպատակով։

Այցի շրջանակում ՄԾ պետ Արմեն Ղազարյանը և Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել նաև Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության Մեկնման և վերադարձի ծառայության տնօրեն Յանիտա Ռոբերսի և Իմիգրացիայի և նատուրալիզացիայի ծառայության տնօրեն Ռոդիա Մաասի հետ։

            Այցը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի և Վրաստանի առաքելությունների կողմից իրականացվող «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» եռամյա (2019-2022թթ․) տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

            Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի և Վրաստանի կառավարման մարմինների կարողությունները միգրանտների իրավունքների և միգրացիայի կառավարման հարցում, ինչպես նաև խթանել  տարածաշրջանային համագործակցությունն այս հարցում։

Եվրոպական միգրացիոն ցանցի տարեկան համաժողովին

Հրապարակված է հուն 22, 22

Հայաստանի միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը Փարիզում մասնակցում է Եվրոպական միգրացիոն ցանցի տարեկան համաժողովին, որը կազմակերպում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության օտարեկրացիների հարցերով գլխավոր գրասենյակի կողմից և նվիրված է կամավոր վերադարձի և վերաինտեգրման աջակցելու հարցերին։

Համաժողովում քննարկվող թեմաների առանցքում ԵՄ և ԵՄ անդամ չհանդիսացող երկրների մոտեցումները և եվրոպական համակարգման հարցերն են։

Համաժողովը կազմակերպված է չորս թեմատիկ բաժանմամբ․

  • ԵՄ քաղաքական և ֆինանսական շրջանակը,
  • Ուղղորդված կամավոր վերադարձի և վերաինտեգրման սխեմաների ավելի լավ փոխըմբռնում և գործակցություն,
  • Կամավոր վերադարձը խթանող մարտահրավերների և նորարարական փորձառության քարտեզագրում,
  • Վերաինտեգրման ծրագրեր, դեպի կայուն վերաինտեգրում:

Այս ձևաչափով հանդիպումը միավորում է քաղաքականություն մշակողներին, գործնական աշխատակիցներին՝ մասնագետներին, հետազոտողներին, հասարակական կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին՝ ազգային և եվրոպական մակարդակներում։ Այն փորձի կառուցողական փոխանակման հարթակ ծառայելու նպատակ ունի:

Հ․ Չոբանյանը ներկայացրել է Հայաստանի վերաինտեգրման փորձը՝ պետական ծրագիրը, որն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ, ծրագրի շրջանակում կուտակված փորձը՝ շահառուների թիվը, բաշխվածությունը՝ ըստ վերադարձի երկրների, կարիքների ընդհանուր նկարագրությունը, ինչպես նաև ծրագրի ուղղորդիչ-խորհրդատվական և բնակվարձի փոխհատուցման բաղադրիչները։ Ոլորտի պատասխանատուն նշել է նաև, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը աջակցում է նաև Ուկրաինայից վերադարձող ՀՀ քաղաքացիներին, ովքեր համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին․ ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անդամ կամ ընտանիքը բազմազավակ է, ունի 4 կամ ավելի երեխաներ։

Համաժողովի շրջանակում այսօր ևս հանդիպում կա նախատեսված, որը նվիրված է Եվրոպական միգրացիոն ցանցի անդամ պետությունների ներկայացուցիչների գործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

 

Այսօր փախստականների համաշխարհային օրն է․2022-ի դրությամբ աշխարհում բռնի տեղահանված է ավելի քան 100 միլիոն մարդ

Հրապարակված է հուն 20, 22

Աշխարհում այսօր՝ հունիսի 20-ին, նշվում է Փախստականների համաշխարհային օրը։

Ըստ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) «Գլոբալ միտումների» տարեկան զեկույցի՝ 2021 թվականի վերջի դրությամբ պատերազմի, բռնության, հալածանքների և մարդու իրավունքների խախտումների հետևանքով տեղահանվածների թիվը կազմել է 89,3 միլիոն, ինչը 8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կրկնապատկվել է 10 տարի առաջ գրանցված ցուցանիշի համեմատ:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2021 թ-ին 23 երկրներ՝ ընդհանուր 850 միլիոն բնակչությամբ, բախվել են միջին կամ բարձր ինտենսիվության հակամարտությունների․ նշված է ՄԱԿ ՓԳՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Փախստականների (փախստականի իրավական կարգավիճակ ունեցողների) թիվը 2021 թվականին աճել է՝ հասնելով 27,1 միլիոնի։ Տեղահանվածների թիվը, ի թիվս այլ երկրների, բարձրացել է Ուգանդայում, Չադում և Սուդանում: Փախստականների մեծ մասը կրկին հյուրընկալվում է հարևան՝ սակավ ռեսուրսներով երկրներում: Ապաստան հայցողների թիվը հասել է 4,6 միլիոնի՝  ավելանալով 11 տոկոսով:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ բռնության և կոնֆլիկտների հետևանքով տեղահանության ծավալները տարեցտարի աճում են, մինչդեռ  տեղահանված անձանց խնդիրների ուղղությամբ դեռ բավարար լուծումներ չկան, մասնավորապես վերադարձի, վերաբնակեցման կամ տեղում ինտեգրման հնարավորությունները։ Այնուամենայնիվ որոշ դրական միտումներ արձանագրվել են․փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի ցուցանիշը 2021 թ-ին աճել է, 71 տոկոսով էլ աճել է կամավոր հայրենադարձության ցուցանիշը՝ մնալով այնուամենայնիվ փոքր։

Փախստականության համաշխարհային միտումների վերաբերյալ ընդհանուր պատկերացում տալու նպատակով ներկայացնում ենք նաև որոշ տվյալներ և փաստեր ՄԱԿ ՓԳՀ-ի գլոբալ զեկույցից․

  • 2022 թվականի մայիսի դրությամբ ավելի քան 100 միլիոն մարդ ամբողջ աշխարհում բռնի տեղահանված է հակամարտությունների, բռնությունների, մարդու իրավունքների խախտումների կամ հասարակական կարգը լրջորեն խախտող իրադարձությունների պատճառով:
  • 2021 թվականի վերջի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 89,3 միլիոն, որը ներառում է.
    • 27,1 միլիոն փախստական, որից
      • 21,3 միլիոն փախստական՝ ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո,
      • 5,8 միլիոն պաղեստինցի փախստական՝ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) մանդատի ներքո;
  • 53,2 մլն ներքին տեղահանված անձ,
  • 4,6 մլն ապաստան հայցողներ,
  • 4,4 միլիոն տեղահանված վենեսուելացիներ։

2021 թվականին տեղահանված անձանց վերաբերյալ․

  • Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները հյուրընկալել են տեղահանվածների 83 տոկոսին,
  • Ամենաքիչ զարգացած երկրները ապաստան են տրամադրել ընդհանուր թվի 27 տոկոսին:
  • 72 տոկոսն հանգրվանել է իր ծագման երկրին հարևան երկրներում,
  • Փախստականների ամենամեծ ծավալը մեկ շնչի հաշվով ընդունել է Լիբանանը (1-ը 8-ի), որին հաջորդում են Հորդանանը (1-ը 14-ի) և Թուրքիան (1-ը 23-ի):
  • Տեղահանված փախստականների և վենեսուելացիների ավելի քան երկու երրորդը (69 տոկոս) եկել է ընդամենը հինգ երկրից՝ Սիրիա (6,8 միլիոն), Վենեսուելա (4,6 միլիոն), Աֆղանստան (2,7 միլիոն), Հարավային Սուդան (2,4 միլիոն) և Մյանմար (1,2 միլիոն):
  • 2021 թ-ին 1,4 միլիոն նոր ապաստանի հայց է ներկայացվել աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եղել է աշխարհում նոր անհատական ​​դիմումների ամենամեծ ստացողը (188,900), որին հաջորդում են Գերմանիան (148,200), Մեքսիկան (132,700), Կոստա Ռիկան (108,500) և Ֆրանսիան (90,200):
  • 2021 թվականին 5,7 միլիոն տեղահանված անձ վերադարձել է ծագման երկիր, այդ թվում՝ 5,3 միլիոն ներքին տեղահանվածներ և 429,300 փախստականներ։

 

ՄԱԿ ՓԳՀ-ի այս տարվա մամուլի հաղորդագրությունը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/news/press/2022/6/62a9d2b04/unhcr-global-displacement-hits-record-capping-decade-long-rising-trend.html

ՄԱԿ ՓԳՀ-ի «Գլոբալ միտումների» զեկույցը տարբեր լեզուներով հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/unhcr-global-trends-2021-media-page.html

Զանգվածային լրատվության միջոցների համար օգտակար կոնտակտներ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/international-media-contacts.html#media-contacts

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է․ փախստականության հայաստանյան փորձառությունը

Հրապարակված է հուն 20, 22

Հունիսի 20-ն աշխարհում նշվում է՝ որպես Փախստականների համաշխարհային օր։ Ներկայացնում ենք փախստականության համատեքստում հայաստանյան փորձառությունը։

Ընդհանուր միտումներ ապաստանի համակարգ

Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։ 2022 թ-ի հունվար-մարտ ժամանակահատվածում Միգրացիոն ծառայությունը (ՄԾ) ապաստանի հայցեր է ստացել աշխարհի 13 երկրներից՝ Ուկրաինա, Իրան, Իրաք, Կուբա, Լիբանան, Սիրիա և այլն։  Վերջին տասը տարիների ՀՀ-ը փախստականի կարգավիճակ է տրամադրել ավելի քան 1500 ապաստան հայցողների։ Վերջին 5 տարիներին ՄԾ-ը տարեկան միջինը 220 ապաստանի հայց է ստանում։

Արցախից տեղահանվածներ

Ծառայությունը 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին իրականացրել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրում, մշակում և, ըստ աշխատանքային անհրաժեշտության, այլ գերատեսչությունների է տրամադրում։ Տվյալները հավաքագրվել են տնայցերի միջոցով՝ Երևանում քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության տարածքային աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մարզերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչների միջոցով: Էլեկտրոնային շտեմարանում գրանցվել են մոտ 91 հազար անձանց տվյալներ՝ 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ:

Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների բնակապահովման ծրագիր

ՄԾ-ն իրականացնում է Կառավարության 2019-ի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ մեկնարկած բնակարանային ապահովման ծրագիրը՝ 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած փախստական ընտանիքների համար: Բնակարանի գնման վկայականներ են տրամադրվել 270 ընտանիքների՝ 3.7 մլրդ. դրամի ընդհանուր արժողությամբ։ Նրանցից մոտ 200 ընտանիքներ (ԲԳՎ ստացածների շուրջ 75 տոկոսը) արդեն իսկ ձեռք է բերել բնակարան։

2022 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 283-Ն որոշումը, որով կմեկնարկի ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։ Ըստ 2013 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մարզերում ծրագրի հավակնորդ շահառու են հանդիսանում 254 ընտանիքներ։ Ներկայումս ընթանում է մարզերում բնակվող հավակնորդ շահառուների վերահաշվառման գործընթացը։

         

         

Հղումներ

Միգրացիոն ծառայության՝ փախստականների ինտեգրմանն ուղղված աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://migration.am/general_information

Ապաստանի համակարգը բնութագրող վիճակագրական ցուցանիշները հասանելի են հետևյալ հղումով՝ http://migration.am/statistics

Փախստականների օրվան նվիրված տեղեկատվական նյութեր առկա են նաև ՄԾ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/media/set/?set=a.2398027603590868&type=3

Կայացավ վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների 13-րդ ֆորումը

Հրապարակված է մայ 27, 22

 

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնա­խնդիրների շուրջ այսօր տեղի ունեցավ ոլորտի կազմակերպությունների ֆորումի հերթական` 13-րդ հանդիպումը:

Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նկատեց, որ եռամսյակային պարբերականությամբ կազմակերպվող այս ֆորումները արդյունավետ ձևաչափ է տեղեկություններով փոխանակվելու համար: «Բավականին նյութ է կուտակվել այս ընթացքում, որով փոխանակվելը օգտակար կլինի ոլորտում մեր ջանքերն ավելի արդյունավետ իրականացնելու համար»,-ասաց նա:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրան ևս կարևորեց հանդիպումը՝ նշելով, որ ՄՔՄՄԿ-ն ներկայացնելու կարևոր նյութեր ունի, այդ թվում Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN)  հայաստանյան ծրագրի ամփոփումը, EU4Impact ծրագրի ընթացքը և նոր ծրագիրը վերադարձի ուղղությամբ, որ մեկնարկելու է առաջիկայում:

Կլինիկական հոգեբանության դոկտոր, ERRIN ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց իրականացրած աշխատանքները ինչպես Միգրացիոն ծառայության աշխատակազմի ուղղությամբ՝ վիկարային տրավմա, սահմանի պահպանում շահառուի հետ և այլն, այնպես էլ վերադարձող միգրանտների հետ՝ թերապիայի կուրսեր, խորհրդատվություն:

ERRIN ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց ծրագրի աջակցությամբ իրականացված փորձագիտական, հետազոտական աշխատանքները և դասընթացների շարքը՝ ուղղված Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի կարիքներին և կարողությունների զարգացմանը:

«Հայկական Կարիտաս» կազմակերպության վերադարձի ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրեց Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FrontEx) կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագիրը, որը մեկնարկել է շուրջ երկու ամիս, սակայն դեռ աշխատակազմի վերապատրաստման փուլն է, և շահառուների ընդունելությունը կսկսվի առաջիկայում: Ծրագիրը Հայաստանում կիրականացվի 3 տարի ժամկետով, մեկ տարի երկարացվելու հնարավորությամբ, յուրաքանչյուր տարի մինչև 375 ընտանիքի աջակցելու ներուժով: «Աջակցության փաթեթը նման է նախկին ծրագրերի ներառումներին՝ սոցիալական, իրավական, բիզնեսի հիմնման աջակցություն՝ ըստ կարիքի»,-նշեց նա:  

Ֆորումին մասնակցում էին վերադարձի գործընթացներում ներգրավված պետական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, միջազգային գործընկերները՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, Միգրացիայի միջազգային կազմակերպությունից, Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակից (OFII), ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Մարդը կարիքի մեջ, Հայկական Կարիտաս: