հայկական պատվիրակությունը ծանոթացավ ապաստանի գործերի դատական քննության գերմանական փորձին

2022թ․ հոկտեմբերի 26-27-ը հայկական պատվիրակությանը, որի կազմում էին Միգրացիոն ծառայության պետի տեղակալը, Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրենը, ՀՀ վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորներ, հյուրընկալել էր Գերմանիայի Մանհայմ քաղաքի վերաքննիչ վարչական դատարանը։ Փորձի փոխանակման այցը կազմակերպվել էր ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի կողմից, նպատակն էր գերմանական գործընկերներին ներկայացնել Հայաստանի դատական համակարգը ապաստանի համատեքստում և ծանոթանալ ապաստանի գործերի դատական քննության գերմանական փորձին։

Հայկական կողմը ներկայացրեց Հայաստանի դատական համակարգն իր եռաստիճան դատարաններով, խոսվեց Բարձրագույն դատական խորհրդի դերի և գործառույթների մասին, հիշատակվեցին վճռաբեկ դատարանի տարբեր պալատները և մասնագիտացված վարչական դատարանները (սնանկության, հակակուռուպցիոն)։ Ներկայացվեցին նաև ապաստանի գործերի քննության հետ կապված մի շարք խնդիրներ։

Հայկական պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Գերմանիայի վարչական դատարանի՝ ապաստանի գործերով ընթացակարգերին։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց հետևյալ հարցերին՝ դատարանի կառուցվածքը, դատական իշխանության անկախությունը և դատարանի հասանելիությունը ապաստանի գործերում, ներքին դատական ընթացակարգերը, էլեկտրոնային գործերը, վարչական դատարանի դատավարության սկզբունքները, բանավոր լսմանը նախորդող վարույթը, բանավոր վարույթը, դատարանի որոշումը։

Հաջորդիվ ներկայացվեց ապաստանի գործերով Գերմանիայի վարչական դատարաններ բերվող բողոքների վերաբերյալ զեկույցը, որը վերաբերում էր Գերմանիայի վարչական արդարադատության համակարգին, բողոքի ընդունմանը, բարձրագույն վարչական դատարանում վերքննությանը, դաշնային վարչական դատարանում վերանայման կարգին, երրորդ կողմի միջնորդությանը,ԵՄ արդարադատության դատարանին, ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի դերին վերաբերող թեմաներ։ Հանդիպմանը հրավիրված էր նաև 30 տարվա պրակտիկա ունեցող փաստաբան, ով ներկայացրեց ապաստանի գործերով դատական ներկայացուցչության իր փորձառությունից քաղված դասերը։
Անդրադարձ եղավ նաև ծագման երկրի մասին տեղեկատվության հավաքման նպատակով Մանհայմի վարչական դատարանում գործող հետազոտական բաժնի աշխատանքներին։ Բաժինն օգտվում է ամենատարբեր աղբյուրներից՝ սկսած կառավարությունների պաշտոնական աղբյուրները մինչև հասարակական կազմակերպությունների կողմից կազմված և լրատվամիջոցներում առկա նյութեր։ Ստացված բոլոր նյութերը զետեղվում են Բադեն–Վյուրտեմբուրգի դատական մարմնի ապաստանի վերաբերյալ փաստաթղթերի գրադարանում, որում առկա նյութերը հասանելի են Գերմանիայի բոլոր դատարանների համար։

Հանդիպման վերջում նախատեսվել էր հնարավորություն քննարկելու/պարզաբանելու ապաստանի գործերի քննության առանձնահատուկ մարտահրավերները և հետաքրքրություն ներկայացնող մնացած հարցերը։

Ի թիվս այլ հարցերի, կարևոր էր ծանոթանալ այն փորձին, թե ինչ մոտեցում է ցուցաբերվում Գերմանիայում ապաստանի հայցերի դատական քննությանը՝ հայցերը քննող դատավորների մասնագիտացման տեսանկյունից։ Գերմանիայում, այսպես կոչված, միգրացիոն դատարաններ չկան, դատավորները քննում են ինչպես ապաստանի, այնպես էլ այլ հայցեր։ Սակայն ապաստանի հայցեր քննող դատավորները մասնագիտանում են ըստ ապաստան հայցողների ծագման երկրների՝ գործընթացն առավել արագ և արդյունավետ դարձնելու նպատակով։


Փորձի փոխանակման այցի արդյունքներով առաջարկություններ կմշակվեն Հայաստանում ապաստանի հայցեր քննող մասնագիտացված դատավորներ ունենալու, և այդ դատավորներին վերապատրաստելու վերաբերյալ։

Ըստ թեգերի