Հայկական պատվիրակությունը Հաագայում է՝ Վերադարձի ոլորտում փորձի փոխանակման նպատակով

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Ծառայության վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը հայկական պատվիրակության կազմում մասնակցում են դեպի Նիդերլանդներ կազմակերպված ճանաչողական այցին՝ վերադարձի ոլորտում փորձի փոխանակման նպատակով: Պատվիրակության կազմում են նաև Արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչները:

Հայկական կողմը Հաագայում հանդիպումներ է ունեցել կամավոր վերադարձի և վերաինտեգրման ոլորտում Նիդերլանդների Թագավորության համապատասխան կառույցների գործընկերների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել ՄՄԿ Նիդերլանդների գրասենյակի, Ամստերդամի ՄՄԿ կենտրոնի, Ռոտերդամի՝ չփաստաթղթավորված անձնանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության, Հայրենադարձության և մեկնման հոլանդական ծառայության, Հատուկ կացարանի, Սոստերբերգի պահման կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաև Հաագայում Հայաստանի դեսպանության գործընկերների հետ:

Քննարկումների առանցքում եղել է անկանոն միգրանտի կարգավիճակում գտնվող օտարերկրացիների կամավոր վերադարձի եվրոպական փորձառությունը՝ նույն համակարգը Հայաստանում հաջողությամբ ներդնելու նպատակով։

Այցի շրջանակում ՄԾ պետ Արմեն Ղազարյանը և Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել նաև Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարարության Մեկնման և վերադարձի ծառայության տնօրեն Յանիտա Ռոբերսի և Իմիգրացիայի և նատուրալիզացիայի ծառայության տնօրեն Ռոդիա Մաասի հետ։

            Այցը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի և Վրաստանի առաքելությունների կողմից իրականացվող «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» եռամյա (2019-2022թթ․) տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

            Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի և Վրաստանի կառավարման մարմինների կարողությունները միգրանտների իրավունքների և միգրացիայի կառավարման հարցում, ինչպես նաև խթանել  տարածաշրջանային համագործակցությունն այս հարցում։

Շատ դիտվածներ