Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է․ փախստականության հայաստանյան փորձառությունը

Հունիսի 20-ն աշխարհում նշվում է՝ որպես Փախստականների համաշխարհային օր։ Ներկայացնում ենք փախստականության համատեքստում հայաստանյան փորձառությունը։

Ընդհանուր միտումներ ապաստանի համակարգ

Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։ 2022 թ-ի հունվար-մարտ ժամանակահատվածում Միգրացիոն ծառայությունը (ՄԾ) ապաստանի հայցեր է ստացել աշխարհի 13 երկրներից՝ Ուկրաինա, Իրան, Իրաք, Կուբա, Լիբանան, Սիրիա և այլն։  Վերջին տասը տարիների ՀՀ-ը փախստականի կարգավիճակ է տրամադրել ավելի քան 1500 ապաստան հայցողների։ Վերջին 5 տարիներին ՄԾ-ը տարեկան միջինը 220 ապաստանի հայց է ստանում։

Արցախից տեղահանվածներ

Ծառայությունը 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին իրականացրել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրում, մշակում և, ըստ աշխատանքային անհրաժեշտության, այլ գերատեսչությունների է տրամադրում։ Տվյալները հավաքագրվել են տնայցերի միջոցով՝ Երևանում քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության տարածքային աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մարզերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչների միջոցով: Էլեկտրոնային շտեմարանում գրանցվել են մոտ 91 հազար անձանց տվյալներ՝ 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ:

Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների բնակապահովման ծրագիր

ՄԾ-ն իրականացնում է Կառավարության 2019-ի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ մեկնարկած բնակարանային ապահովման ծրագիրը՝ 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած փախստական ընտանիքների համար: Բնակարանի գնման վկայականներ են տրամադրվել 270 ընտանիքների՝ 3.7 մլրդ. դրամի ընդհանուր արժողությամբ։ Նրանցից մոտ 200 ընտանիքներ (ԲԳՎ ստացածների շուրջ 75 տոկոսը) արդեն իսկ ձեռք է բերել բնակարան։

2022 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 283-Ն որոշումը, որով կմեկնարկի ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։ Ըստ 2013 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մարզերում ծրագրի հավակնորդ շահառու են հանդիսանում 254 ընտանիքներ։ Ներկայումս ընթանում է մարզերում բնակվող հավակնորդ շահառուների վերահաշվառման գործընթացը։

         

         

Հղումներ

Միգրացիոն ծառայության՝ փախստականների ինտեգրմանն ուղղված աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://migration.am/general_information

Ապաստանի համակարգը բնութագրող վիճակագրական ցուցանիշները հասանելի են հետևյալ հղումով՝ http://migration.am/statistics

Փախստականների օրվան նվիրված տեղեկատվական նյութեր առկա են նաև ՄԾ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/media/set/?set=a.2398027603590868&type=3

Ըստ թեգերի