Գործատուների հետ քննարկվեց workpermit.am կայքի աշխատանքը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության և Միգրացիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ հատկանշական է, որ նորաստեղծ հարթակում մեկտեղվել են տարբեր պետական գերատեսչությունների գործառույթներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել ոլորտին առնչվող այլ պետական մարմինների գործակցությունը կազմակերպել էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով թղաբանությունը և հեշտացնելով շփումը գործատուների հետ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը կարևորեց միջազգային գործընկերների աջակցությունը կատարված բարեփոխումների գործում, մասնավորապես Միգրացիայի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի դերը։ «Միասնական էլեկտրոնային հարթակն արդեն չորրորդ ամիսն է՝ գործարկվել է, սակայն մի շարք գործոններով պայմանավորված՝ այսօր ենք ներկայացնում համակարգի մեկնարկն ու միաժամանակ նրա եռամսյա գործունեության արդյունքները»,-ասաց նա՝ հավելելով, որ գործատուների գոհունակությունը, առաջարկներն ու նկատառումները կարևոր են Հարթակի ուղղությամբ շարունակական աշխատանքներ կատարելու տեսանկյունից և որ նմանօրինակ հանդիպումները հենց այդ նպատակին են ծառայում։

«ՄՄԿ-ի նպատակն է աջակցել աշխատանքային միգրացիայի համակարգի բարելավմանը՝ բարելավելով աշխատանքի թույլտվության տրամադրման մեխանիզմները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Հուսով ենք, որ այս եղանակով մենք նպաստում ենք միգրանտների իրավունքների պաշտպանությանը և կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ բոլորի»,-նշեց ՄՄԿ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։

2022 թ-ի հունվարի 1-ից գործարկված https://workpermit.am/  կայքի միջոցով Միգրացիոն ծառայությունն արդեն ստացել է մոտ 700 հայտ, գրանցվել են մոտ 250 գործատուներ, տրամադրվել է ավելի քան 260 ժամանակավոր կացության կարգավիճակ և ավելի քան 170 բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ ԵԱՏՄ քաղաքացիներին։

Հարթակի միջոցով օտարերկրացի աշխատակից ներգրավելու ցանկություն ունեցող  գործատուներն ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են թեկնածուին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ։

  • Գործընթացն սկսում է գործատուի առցանց գրանցումով։
  • Այնուհետև լրացվում է թափուր աշխատատեղի նկարագիրը։
  • Մինչ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննում է աշխատատեղը օտարերկրացիով լրացնելու հայտը, Գործատուն լրացնում է օտարերկրացու տվյալները։
  • Գերատեսչական հաստատումներից հետո օտարերկրացին իր էլ․փոստի հասցեին ստանում է ծանուցում՝ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Գործընթացի ավարտին օտարերկրացին պետք է մոտենա Միգրացիոն ծառայություն՝ ստանալու փաստաթուղթը։

Մինչև 2022 թ-ի հունվարի 1-ը այս գործընթացն իրականացվում էր 2 մասով: Գործատուն մոտենում էր ԱՍՀՆ՝ աշխատանքի թույլտվության դիմում ներկայացնելու համար: Այն ստանալուց հետո օտարերկրացին մոտենում էր Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու համար: Ողջ գործընթացը տևում էր մինչև 3 ամիս: 2022 թ-ի հունվարի 1-ից նշված 2 բաղադրիչները իրականացվում են միաժամանակ, ամբողջությամբ էլեկտրոնային, դյուրացված վարչարարությամբ և կրճատված ժամկետում: Ողջ գործընթացը տևում է մինչև մեկ ամիս:

Միջոցառման երկրորդ հատվածում գործատուները ներկայացրին իրենց նկատառումներն ու առաջարկները, ՄԾ աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի պետ Վարդան Մաթևոսյանը պատասխանեց հնչեցված հարցերին։

Շատ դիտվածներ