Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարված

Հրապարակված է սեպ 28, 20

2020 թ. սեպտեմբեր 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Պաշտոնական կայքէջ. e-gov.am։

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔ

  • Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:
  • Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

Բ. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐ

  • Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
  • Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
  • Այս սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:
  • Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից:

Ճամպրուկ 2020-ը մեկնարկել է

Հրապարակված է սեպ 22, 20

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի տասնամյա ավանդույթը։

Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ի ժամանակահատվածում հրապարակված նյութերը՝ հետևյալ թեմաներով.

  • COVID-19 համավարակի տնտեսական և սոցիալ-հոգեբանական ազդեցությունը տեղահանված անձանց և միգրանտների կյանքում.
  • ապաստան և միջազգային պաշտպանություն.
  • փախստականներ և ինտեգրում.
  • վերադարձ և վերաինտեգրում.
  • քաղաքացիություն չունեցող անձինք և նրանց խնդիրները.
  • միգրացիան համավարակի պայմաններում։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ և թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։

Մրցույթի արդյունքների ամփոփմամբ կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները, ինչպես նաև կընտրվեն երկու խրախուսական մրցանակների հաղթողները։

Մրցույթի մասնակիցների առաջադրած աշխատանքները կքննարկվեն ժյուրիի կողմից և կամփոփվեն մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ՝

2020 թ. դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020 թ. նոյեմբերի 20-ը, ժ. 23։59, էլ-փոստի armye@unhcr.org և migrationservice.sms@mta.gov.am հասցեներով՝ պարտադիր նշելով հետևյալը.

- հեղինակի անունը և ազգանունը,

- կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար, էլ-փոստի հասցե),

- հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը),

- լրատվամիջոցի անվանումը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. 091 41 61 27; 060 27 50 36։

«ՃԱՄՊՐՈՒԿ 2020» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ և ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին առավել ընդգրկուն, ճշմարիտ և անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։

ՀԱՅԱՍՏԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

Հրապարակված է օգո 04, 20

Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է գործընթացի վերաբերյալ բացատրական տեսաուղեցույց: Արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին, որոնք չպետք է գերազանցեն հետևյալ չափաքանակները (ՀՀ կառավարության 02.07.2020թ. 1133-Ն որոշում, հավելված N 1).

1.  կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ (օրինակ` սառնարան, հեռուստացույց),
2. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ (օրինակ` ննջասենյակի կահույքի բոլոր բաղկացուցիչները),
3. անձնական գործածության իրեր և օգտագործված տնային այլ գույք՝ առանց քանակային սահմանափակումների (օրինակ` հագուստ, սպասք),
4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, օրինակ` ավտոմեքենա, մոտոցիկլետ և դրանց կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկական: 

«Չափաքանակները սահմանված են հայտարարատուի, այլ ոչ թե ընդհանուր ընտանիքի համար: Այսինքն` ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ով ունի անձնական օգտագործման ապրանքներ և համապատասխանում է օրենսդրության պահանջներին, կարող է օգտվել արտոնությունից»,-պարզաբանում է ՊԵԿ մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմում ներկայացնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։ Փաստաթուղթը տրամադրվում է օտարերկրյա ֆիզիկական այն անձին, ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված այլ կարգավիճակ: Կարևոր է իմանալ, որ փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում օտարերկրյա անձն առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) պետք է բացակայած լինի Հայաստանից (17.04.2020թ. ընդունված ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք):

Պահանջներին բավարարելու դեպքում՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը տրամադրվում է ոչ ուշ, քան աշխատանքային հինգ օրվա ընթացքում: 
Փաստաթուղթը ստանալուց հետո անձը կարող է դիմում ներկայացնել մաքսային մարմիններին` ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հասցեին (secretariat@petekamutner.am): Անհրաժեշտ է նշել ներմուծված անձնական օգտագործման ապրանքների անվանումը, քաշը և քանակը:

Պետք է կցել նաև հետևյալ փաստաթղթերը (ՀՀ կառավարության 02.07.2020թ. 1131-Ն որոշում).
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Սա չի վերաբերում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացածներին:
2) Օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Իսկ Հայաստանում փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողները պետք է ներկայացնեն կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը:
3)  Մինչև Հայաստան ժամանումն այլ պետությունում անձի բնակության փաստը հաստատող փաստաթուղթը:
4) Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը, օրինակ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման փաստաթղթեր (նավային, ցամաքային բեռնագրեր, ոչ առևտրային հաշիվ-ապրանքագիր կամ մասնացուցակ, տարանցման հայտարարագիր)։
5) Անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծելիս` օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած՝ ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը։

Մաքսային մարմնի պահանջով դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաև փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները:

Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մաքսային մարմինն աշխատանքային երեք օրվա ընթացքում թույլատրում է առանց մաքսային վճարների վճարման հայտարարագրել անձնական օգտագործման ապրանքները նաև տրանսպորտային միջոցը: Կամ մերժում է, եթե չեն պահպանվել օրենքի պահանջները:

Մաքսային մարմինը դիմումին ընթացք է տալիս նաև այն պարագայում, եթե չի ներկայացվել մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Այդ դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային 3 օրվա ընթացքում մաքսային մարմինն է դիմում ոստիկանություն՝ այդ փաստաթուղթը մաքսային մարմին ուղարկելու նպատակով: Միաժամանակ կցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ոչ ուշ, քան աշխատանքային չորս օրվա ընթացքում մաքսային մարմնին տրամադրում է օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ գրավոր մերժում է:

Ի դեպ, մաքսային վճարների արտոնությունը տրվում է, եթե նախկինում անձը նման արտոնությունից չի օգտվել: «Կարևոր պայմաններից է նաև, որ գույքը ձեռք բերված լինի անձի կողմից մինչև մշտական բնակության փաստը հաստատող փաստաթղթի տրամադրումը, իսկ անձնական օգտագործման ավտոմեքենան, մոտոցիկլետն առնվազն 6 ամիս մինչև այդ փաստաթղթի համար դիմելը պետք է հաշվառված լինեն և հանդիսանան տվյալ անձի սեփականությունը բնակության նախորդ երկրում»,-նշում է ՊԵԿ մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Ուշադրություն: Բնակության նախորդ երկրից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծում կարելի է իրականացնել ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` այն պահից, երբ օտարերկրյա ֆիզիկական անձը կստանա մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող կամ Հայաստանում փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթերը։

ՇՈՒՐՋ ԻՆՆՍՈՒՆ ԲԳՎ ԱՐԴԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Հրապարակված է հուլ 27, 20

Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ 1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր։

Այս անգամ ևս կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցրին վկայագրերը բնակավայրեր։Մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

 

 

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

Հրապարակված է հուլ 23, 20

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի՝ փախստականության խնդիրներին ուղղված նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին և կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանին։

Ամփոփելով ս․թ․ հունիսի 20-ին՝ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջազգային կոնֆերանսի արդյունքները՝ կողմերը քննարկեցին փախստականների հայկական հարթակ ստեղծելու գաղափարը։ ՄԾ պետ Ա․Ղազարյանը ողջունեց միասնական հարթակի ստեղծման մտահաղացումը և ներկայացրեց ոլորտում առկա մարտահրավերներն ու ընթացիկ աշխատանքները։

Ա․ Ղազարյանը, ներկայացնելով ՄԶՄԿ-ի նախաձեռնող խմբի նախնական հանդիպումների բովանդակությունը, հնչած մտահոգություններն ու հարթակի երկարաժամկետ տեսլականը, հայտնեց, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում ոլորտի այլ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ, աշխատանքներ կտարվեն Ազգային ժողովի հետ համատեղ, ինչպես նաև կլինի համագործակցություն հասարակական հատվածի հետ։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հրապարակված է հուլ 10, 20

ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակրեպության (ՄՄԿ)  նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հայաստանում եւ Վրաստանում միգրանտների իրավունքների եւ լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի համակարգող մարմնի 1-ին հեռավար հանդիպումը, որի նպատակն է գործընկերներին ներկայացնել և քննարկել ծրագրի ընթացքն ու ադրյունքները, ինչպես նաև ծրագրի արդյունավետության բարձրացմանն ուղղված հիմնական առաջարկությունները։

«Ծրագրի երրորդ բաղադրիչն եմ առավել կարևորում, որը նախատեսում է Հայաստանում գտնվող միգրանտների կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրում»,-նկատեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ գնահատելով, որ ծրագիրը Կառավարության օրակարգային կարիքներից բխող հարցի լուծում է ենթադրում։ «Սա Հայաստանում զրոյից ներդրվող ինստիտուտ է, հուսամ կդառնա մեև հիմնական աշխատանքային գործիքներից մեկը և կթեթևացնի Անձնագրային և վիզաների վարչության արտաքսման վարույթների ծանրաբեռնվածությունը»,- ընդգծեց ՄԾ պետը՝ հավելելով, որ այս պրակտիկան հազվադեպ է կիրառվել Հայաստանում՝ դեպքից դեպք՝ ՄՄԿ-ի հետ համագործակցությամբ։ 2018 թ-ին, օրինակ, ութ դեպք է արձանագրվել, երբ կազմակերպվել է միգրանտի վերադարձը իր ծագման երկիր։

Առաջիկա աշխատանքների շրջանակում կմշակվի օրենսդրական բազա, որի հիման վրա կձևավորվի ինստիտուցիոնալ պրակտիկա։

«Ծրագրի առանցքում Հայաստանում գտնվող միգրանտների իրավունքներն են, մինչդեռ, որպես կանոն, մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել են հայ էմիգրանտների հարցերը, հիմա փորձում ենք լրացնել եղած բացը։ Այս համատեստքում խնդրահարույց է Հայաստանում բնակվող միգրանտների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը։»,-նշեց ՄՄԿ Հայաստան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Միանսյանը՝ հավելելով, որ հատկապես տեղեկատվության պակաս կա ոլորտում։ «Համաճարակը փոխել է միգրացիոն հոսքերի պրակտիկան։ Այս պայմաններում, երբ Հայաստանում շատ միգրանտներ ունեն խնդիրներ՝ կապված տեղեկատվության, աշխատանքային, առողջապահական, սոցիալական և այ ծառայությունների հասանելիության հետ, առավել ակտուալ է դառնում ծրագիրը»,-նկատեց նա։

EMERGE ծրագիրը մեկնարկել է 2019 թ-ի դեկտեմբերին, տևելու է մինչև 2022 թ-ի նոյեմբեր։ Ծրագրի նպատակն է բարելավել կառավարման մարմինների կարողությունները միգրանտների իրավունքների և միգրացիայի կառավարման հարցերում, ինչպես նաև խթանել տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը։ Ծրագրի գործընկերներն են Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը/սահմանապահ զորքերը, Ոստիկանությունը, Արտաքին գործերի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, միգրացիայի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները։  Առցանց քննարկմանը մասնակցում էին նշված գերատեսչությունների ներկայացուցիչները։

1 ՄԼՐԴ 66 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ 82 ՓԱԽՍՏԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ ԱՐԴԵՆ ՍՏԱՑԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

Հրապարակված է հուն 25, 20

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Ընդհանուր թվով ԲԳՎ-ներ են հանձնվել արդեն 82 ընտանիքների՝ 1,66 մլրդ դրամի շրջանակում։

Առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից դեռևս վկայագրեր չստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը ուսումնասիրման փուլում են։ Այս նպատակով ձևավոևված միջգերատեսչական հանձնաժողովը շաբաթական պարբերականությամբ նիստեր է անցկացնում։

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցնում վկայագրերը բնակավայրեր։

Պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով՝  մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ Է. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՕՐՎԱՆ

Հրապարակված է հուն 20, 20

         Այսօր տեղի ունեցավ առցանց համաժողով «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան։

               Համաժողովը մեկնարկեց ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի տեսաուղերձով, որին հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսաուղերձը։ Նախարարը ներկայացնելով վերջին երեսնամյակում դեպի Հայաստան տեղահանված զանգվածային հոսքերը՝ մասնավորապես Ադրբեջանից, Իրաքից և Սիրիայից, մատնանշեց ոլորտի մարտահրավերները։ «Երկու կետ եմ ուզում ընդգծել։ Առաջինը, միջազգային համերաշխությունն է, որը սահմանված է նաև 1951 թ-ի փախստականների կոնվենցիայում, երկրորդը, որը մնում է ժամանակի հրամայականը, մարդասիրական ճգնաժամի քաղաքականցումը բացառելն է։ Ոչ մի հանգամանք չպետք է ստիպի գործիքավորել փախստականներին և տեղահանված անձանց քաղաքական նպատակներով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ միջազգային համագործակցությունը մարդասիրական մարտահրավերներին, մասնավորապես փախստականությանը, արդյունավետորեն ծառայեցնելու գործը պետք է սահմաններ չունենա և լինի հնարվորինս ներառական։

ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, պատմությունը, վկայակոչեց Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, նրա ծավալած մարդասիրակ գործունեությունը։ «Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատել է որպես աշխարհում փախստականների նատուրալիզացման լավագույն փորձերից: Ավելորդ է նշել, որ մեզ համար մշտապես քաղաքակրթորեն խորթ է եղել փախստականների խնդիրները շահարկելու և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը»,-ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ չնայած սահմանափակ ֆինանսական կարողություններին Հայաստանը այժմ էլ հանդես է գալիս որպես փախստականներ ընդունող երկիր՝ ապաստան տրամադրելով տարբեր ժամանակներում պատերազմից և ներքին տագնապներից տուժած մարդկանց:

               Միջոցառմանը, որն ուղղված էր փախստականների խնդիրների բարձրաձայնմանը, դրանց գույքագրման հարցում նոր մոտեցումների մշակմանը՝ հետագայում քաղաքականությունների մշակմանն աջակցելու, նոր մարտահրավերներին դիմակայելու և լուծումներ առաջարկելու նպատակով, մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։

     Մեջբերելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփն ասաց․ «Այս տարի կորոնավիրուսի համաճարակը հավելյալ ուշադրություն թելադրեց փախստականների և տեղահանված անձնաց նկատմամբ, որոնք խոցելի անձնանց շարքում են։ Իմ վերջին՝ Covid-19 հակիրճ քաղաքականության և «Մարդիկ շարժման մեջ» փաստաթուղթը կոչ է կառավարություններին՝ համոզված լինելու, որ իրենք առավելագույնս ընդգրկված են արձագանքի և վերականգնողական գործողություններում»։  

      ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի խոսքով՝ Փախստականների համաշխարհային օրը նշանավորվում է այն մարդկանց ուժն ու տոկությունը, ովքեր ստիպված են եղել դիմել փախուստի և գտել են ապահով հանգրվան, նոր կյանք սկսելու  խիզախություն են ունեցել նոր երկրում, որը կարող են տուն համարել։ «Փախստականներն իրենց հետ հմտությունների, գիտելիքների և փորձառության մեծ բազմազանություն են բերում։ Հնարավորության դեպքում նրանք կարող են շոշափելի ներդրումներ ունենալ իրենց ընդունող երկրի զարգացման գործում»,-նշեց նա՝ հավելելով, որ ՄԱԿ ՓԳՀ-ն դիմում է բոլորին ՝ օգնելու շարունակել համերաշխության գլոբալ շարժումը, որում յուրաքանչյուրը կարող է փոփոխություն կատարել, և բոլորը հաշվվում են, երբ խոսքը վերաբերում է բոլորի, ներառյալ փախստականների, տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց ներառման, հարգանքի և արժանապատվության խթանմանը:

               Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձավ օրեցօր ի հայտ եկող նոր մարտահրավերներին՝ նշելով Հայաստանում ապաստանի համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։ «Նախորդ տարի մեկնարկել ենք բնակարանի գնման վկայականների ծրագիրը։ Միջազգային գործընկերների հետ փորձում ենք օժանդակել սիրիահայ փախստականների ինտեգրման հարցերին»,-ասաց նա՝ որպես հայաստանյան ինտեգրման լավագույն փորձ փախստականների՝ ՀՀ քաղաքացուն գրեթե համահավեսարեցված իրավունքների շարքում ընդգծելով աշխատանքի իրավունքը։

               Մարդու իրավունքների պաշտպան Արմանը Թաթոյանն ընդգծեց փախստականների՝ իրավունքների խախտման առումով առավել խոցելի լինելու հանգամանքը՝ պայմանավորված լեզվալկան, մշակութային և այլ տարբերություններով և այդ առիթով շեշտադրեց, որ պետության պաշտպանական մեխանիզմների նշաձողը պետք է առավել բարձր լինի։

               ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանի առաջարկը՝ ստեղծելու փախստականների միասնական հարթակ, ողջունեցին մասնակիցներից շատերը։

               Հավաքագրված հարցերի շրջանակը կմշակվի կազմակերպիչների կողմից՝ որպես ոլորտի հիմնախնդիրների, մարտահրավերների և լավագույն փորձի կատեգորիաներ։ Դրանց հիման վրա կմշակվեն առանձին օրակարգեր՝ գրանցված հարցերը առանձին քննության առարկա դարձնելու նպատակով։

               Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հկ-ի համատեղ ջանքերով։

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հրապարակված է հուն 09, 20

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցնում վկայագրերը բնակավայրեր։

Պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով՝  մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎՍ 185 ԸՆՏԱՆԻՔ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ԿՍՏԱՆԱ

Հրապարակված է մայ 27, 20

Այսօր Կառավարության նիստում ընդունվեց բնակարանի գնման վկայականների (ԲԳՎ) տրմադրման վերաբերյալ որոշման նոր նախագիծը, որով կմեկնարկի Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը։

Մասնավորապես, շուրջ 2,1 մլրդ ՀՀ դրամն ուղղվելու է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում ավելի քան 30 տարի բնակվող 185 ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:

Նախորդ փուլում շուրջ 1,5 մլրդ ՀՀ դրամի շրջանակում մեկնարկել է Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 112  փախստական ընտանիքների բնակապահովման ծրագիրը։ Շահառուների կեսից ավելիին արդեն տրամադրվել են վկայագրերը՝ Միգրացիոն ծառայության աշխատակիցների տնայցերի միջոցով՝ հաշվի առնելով թիրախ խմբի տարիքային առանձնահատկություններն ու համաճարակային ռիսկը։

Միաժամանակ, արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված, նախագծով նախատեսվում է մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգել շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Այս նախագծով հստակեցվում են նաև ծրագրի առաջին փուլում ի հայտ եկած խնդիրների կարգավորման դրույթները՝ երկրորդ փուլի համար առավել ավելի հարթ և սահուն ընթացք ապահովելու նպատակով: Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ:

Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի պետբյուջեից այս նպատակով որևէ գումար չէր հատկացվել։