«Ճամպրուկ 2021»-ի շրջանակում պարգևատրվեցին 9 լրագրողներ

Հրապարակված է դեկ 18, 21

Միգրանտների միջազգային օրվա նախօրեին՝ դեկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

Ամփոփիչ արդյունքներով՝ 4 լրագրողներ ճանաչվեցին հաղթողներ, ևս 5 լրագրողներ արժանացան խրախուսական մրցանակների:

Առաջին հորիզոնականում EVN report լրատվական գործակալության լրագրող Գոհար Աբրահամյանի «Օդից կախված. երբեմնի արցախաբնակների ոդիսականը» նյութն էր. հեղինակն ստացավ 500 հազար դրամ՝ որպես մրցանակ, ինչպես նաև «Ճամպրուկ 2021» մրցույթի խորհրդանշական բրոնզեձույլ արձանիկը:

Երկորդ հորիզոնականում Անահիտ Հարությունյանի «Մեզ պակասեց խելքը, դասերը չսովորելը». արցախցի երեխաների մտքերը» նյութն էր՝ հրապարակված Մեդիամաքս լրատվական գործակալությունում: Հեղինակն ստացավ 400 հազար դրամ՝ որպես մրցանակ:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրին երկու հեղինակներ. Տաթև Հարությունյանը՝ «Առավոտ» թերթից՝ իր «Միգրացիոն իրավիճակը Հայաստանում՝ միֆեր և իրականություն. փաստերի ստուգում» նյութով և Արեն Մելիքյանը՝ իր «Անցակետ «Զվարթնոց» podcast» շարքով: Հեղինակները, որպես մրցանակ, ստացան 300 հազարական դրամ:

Խրախուսական մրցանակի արժանացան հետևյալ նյութերը՝

Խրախուսական մրցանակը կազմում էր 150 հազար դրամ:

«Ճամպրուկ 2021» լրագրողական մրցույթին ներկայացվել էին 2020 թ. նոյեմբերի 15-ից մինչեւ 2021 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մոտ 100 նյութեր՝ 44 հեղինակների կողմից՝ մոտ 40 տարբեր լրատվամիջոցներից` հետեւյալ թեմաներով.

  • ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում ՀՀ-ում.
  • միգրացիոն գործընթացներ և միգրանտներ.
  • տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։

 

«ՃԱՄՊՐՈՒԿ 2021» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։

 

ՄԾ աշխատակիցները մասնակցեցին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում. COVID-19 դարաշրջանում նոր միգրացիոն իրողություն» ֆորումին

Հրապարակված է դեկ 13, 21

Միգրացիոն ծառայության միգրացիոն ծրագրերի և մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը, Միգրացիոն ծառայության պետի օգնական Նելլի Դավթյանը և ՄԱԿ-ի բնակչութան հիմնադրամի ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-9-ը Մոսկվայում մասնակցեցին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում. COVID-19 դարաշրջանում նոր միգրացիոն իրողություն» խորագրով 13-րդ միջազգային ֆորումին։

ՄԱԿ-ի բնակչութան հիմնադրամի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված երկօրյա գործնական-ակադեմիական համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ կադրերի գծով պրոռեկտոր Վլադիմիր Մոռոզովը՝ կարևորելով միջոցառումը ինչպես ինստիտուստի ուսանողների համար, այնպես էլ միջազգային գործընկերների հետ համագործակցության տեսանկյունից։ Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ժողովրդագրական և միգրացիոն ֆակուլտետի ղեկավար Սերգեյ Ռյազանցևը ներկայացրեց աշխատըաժողովի հիմնական նպատակներն ու օրակարգերը։ Հնչեցին միգրացիայի և ժողովրդագրության թեմայով տարբեր զեկույցներ, իրենց գիտական աշխատանքները ներկայացրեցին մագիստրոսները։

Քննարկումների հիմնական թեմաները ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով արձանագրված գլոբալ միտումներն էին միգրացիայի կառավարման ոլորտում, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի կրճատում, զուգահեռաբար սահմանների փակման և կառավարման համատեքստում նույնական քաղաքականության բացակայության պայմաններում միգրանտներին առնչվող խնդիրների սրացում, անմիջականորեն միգրանտների վրա ազդող մի շարք սահմանափակումներ, պատվաստանյութերի փոխճանաչման և ՔՈՎԻԴ-19 թեսթավորման տարբեր կանոնակարգեր, ակադեմիական շարժունության կրճատում, աշխատաշուկաների փոխակերպումներ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, միաժամանակ միգրանտների դերի փոփոխություն զբաղվածության համակարգում:

Ըստ ներկայացված զեկույցների՝ համավարակի ազդեցությունը միգրացիայի կառավարման ոլորտում ավելի քիչ դրական ազդեցություն ունի (օրինակ, հեռավար արտասահմանյան կրթության պարագայում կրթական միգրանտի վերադարձի քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը վերանում է), ավելի շատ՝ բացասական: Այս ազդեցությունները դրսևորվում են ինչպես էմիգրացիոն, այնպես էլ իմիգրացիոն հոսքերի ուղղությամբ: Էմիգրացիոն հոսքերի ուղղությամբ հիմնականում տեղեկատվական և հյուպատոսական հավելյալ ծառայությունների մատուցման կարիք է առաջանում, իմիգրացիոն հոսքերի ուղղությամբ՝ կոնկրետ կանոնակարգերի ներմուծման:

Քննարկված առողջապահական բնույթի մի շարք հարցերի թվում  էին իմիգրանտների, այդ թվում՝ փախստականների և ապաստան հայցողների հասանելիությունը պատվաստանյութերին, ինչպես նաև վարակից բուժումը, ինչը առաջարկվում էր կանոնակարգել առողջական ապահովագրության միջոցով:  

          Աշխատաժողովի մասնակիցները փաստեցին նաև, որ համավարակով պայմանավորված համաշխարհային միտում է նաև տնտեսության թվայնացման տեմպերի բազմապատկումը, դրան զուգահեռ աշխատանքային միգրացիայի հնարավորությունների սահմանափակումը: Արդյունքում, շատ միգրանտներ թվային տնտեսության մեջ ադապտացվելու և ինքնաիրացվելու խնդիր ունեցան: Համավարակի պայմաններում սահմանների կառավարման ոլորտում ևս շատ երկրներ կիրառում են թվային գործիքներ, որոնց հասանելիությունը միգրանտներին ապահովելը ևս համակարգային լուծում է պահանջում:

          Միջոցառման մասին մանրամասն տեղեկություններ հասանելի են  https://idrras.ru/news/2021/december/migration-bridges-in-eurasia-2021.html հղումով։

Ա․Ղազարյանը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրեց Հայաստանի փորձառությունը

Հրապարակված է նոյ 30, 21

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր առցանց տարբերակով մասնակցեց ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի 112-րդ նիստին՝ «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով։ Նիստը կայացավ Ժնևում և նվիրված էր Կազմակերպության 70-րդ հոբելյանին։

Ա․ Ղազարյանը շնորհավորեց մասնակիցներին ՄՄԿ հիմնադրման 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 1993 թ-ից՝ նախաձեռնելով տարատեսակ ծրագրեր և էական ներդրում ունենալով միգրացիայի կառավարման և կայուն զարգացման գործում։ «Մենք բարձր ենք գնահատում ՄՄԿ աջակցությունը Հայաստանում Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրին համապատասխան միգրացիոն քաղաքականության մշակելու հարցում»,-նշեց նա։

Ղազարյանն անդրադարձավ համավարակով պայմանավորված իրավիճակին Հայաստանում, նշեց, որ համավարակի ամենասկզբից Կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակումների ժամանակահատվածում ապահովելով ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ընդունել է վերադարձողների վերաինտեգրման առաջնային աջակցության ծրագիրը։ 

«Անցյալ տարին մեզ համար մարտահրավերներով լի էր ոչ միայն համավարակով պայմանավորված, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը սպառնում էր ոչ միայն գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, այլև պատճառ դարձավ տարծաշրջանային մարդասիրական ճգնաժամի և զանգվածային տեղահանումների համար»,-նշեց Ա․Ղազարյանը՝ մանրամասնելով, որ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել, որոնց 88 տոկոսը՝ կանայք և երեխաներ։

Եզրափակելով խոսքը՝ Արմեն Ղազարյանն անդրադարձավ միգրացիայի կառավարման ոլորտում թվայնացման գործընթացներին՝ մասնավորապես նշելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը։  «Վերջին փորձառությունը ցույց տվեց ներառական քաղաքականությունների արդյունավետությունը, որոնք կառուցված են համագործակցային մոդելով՝ կառավարությունների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի միջև»,-ասաց նա։

 

Պրահյան գործընթացների շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են միգրացիոն հարցեր

Հրապարակված է նոյ 22, 21

Պրահյան գործընթացների անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ այսօր կայացավ առցանց հանդիպում՝ նվիրված Նախարարական հռչակագրի և գործողությունների ծրագրի քննարկմանը, որը պետք է ընդունվի հաջորդ տարում՝ Նախարարական համաժողովի ժամանակ։

Միգրացիոն ծառայությունից հանդիպմանը մասնակցեցին գլխավոր քարտուղար Համբարձում Աբրահամյանը և Վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը։ «Ընդհանուր առմամբ մեզ համար ընդունելի են Նախարարական հռչակագրի և Պրահայի գործընթացի գործողությունների ծրագրի (2023-2027) տեքստերի աշխատանքային տարբերակները։ Մեր կարծիքով, միգրացիայի ոլորտում ճանաչված վեց թեմատիկ ոլորտները շարունակում են արդիական մնալ»,-նշեց Հ․ Աբրահամյանը՝ ընդգծելով միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի կարևորությունը։

Քննարկման մասնակիցները փոխանակվեցին տեսակետերով առկա միգրացիոն առանցքային մարտահրավերների վերաբերյալ։

 Առանձին քննարկումներ ծավալվեցին Աֆղանստանի ճգնաժամի և ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունների վերաբերյալ։

 

«ՃԱՄՊՐՈՒԿ 2021» լրագրողական ամենամյա մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր

Հրապարակված է նոյ 11, 21

ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավելի քան տասնամյա ավանդույթը։

Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2020 թ. նոյեմբերի 15-ից մինչեւ 2021 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը՝ հետեւյալ թեմաներով.

  • ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում ՀՀ-ում.
  • միգրացիոն գործընթացներ և միգրանտներ.
  • տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։

Մրցույթի արդյունքների ամփոփմամբ կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները, ինչպես նաեւ կընտրվեն խրախուսական մրցանակների հաղթողները։

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքները կքննարկվեն ժյուրիի կողմից եւ կամփոփվեն մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ՝

2021 թ. դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2021 թ. նոյեմբերի 30-ը, ժ. 23։59, էլ-փոստի armye@unhcr.org եւ migrationservice.sms@mta.gov.am հասցեներով՝ պարտադիր նշելով հետեւյալը.

- հեղինակի անունը եւ ազգանունը,

- կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար, էլ-փոստի հասցե),

- հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը),

- լրատվամիջոցի անվանումը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 091 41 61 27, 091 52 02 54։

«ՃԱՄՊՐՈՒԿ 2021» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։

Կայացավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը

Հրապարակված է նոյ 10, 21

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներ։

Ողջույնի խոսք ասացին ՄԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը և վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագրի ղեկավար Անկե Մերթենսը։

Ի․ Դավթյանը հակիրճ անդրա­դարձավ ոլորտի քաղաքականութ­յան հիմնախնդիրներին, ներկայացրեց «ՀՀ միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2022-2032 թվականների ռազմավարության» նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց փաստաթղթով ամրագրված հիմնական ռազմավարական նպատակներն ու ուղղությունները։

ՄՔՄՄԿ կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց 2021թ-ի հուլիս- հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են միգրացիոն ծառայության մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացմանը։

«ERRIN Հայաստան» ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց ՄԾ աշխատակազմի հետ վերապատրաստման  և շահառուների հետ տարվող հոգեբանական աշխատանքները։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT ARMENIA» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը մանրամասն ներկայացրին ծրագիրը, որն ուղղված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության տնօրեն Հյուգ Գեբհարթը և OFII-ի կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրի պատասխանատու Վարդուհի Միքայելյանը ներկայացրին գրասենյակի աշխատանքները Հայաստանում, ինչպես նաև Ֆրանսիայից Հայաստան կամավոր վերադարձած քաղաքացիներին աջակցող ծրագրի շրջանակներում հաջողված պատմությունների վերաբերյալ տեսաշար։

Հանդիպման մասնակիցների միջև տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում կատարված վերջին փոփոխություններն ու ընթացիկ զարգացումները։

 

Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը

Հրապարակված է հոկ 25, 21

Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակազմը` Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր ընդունեց Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության` դիտորդի կարգավիճակով Ցանցին միանալու հնարավորությունը:

Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008 թ-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելն է և ապահովելը անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն`  Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Ցանցը կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու նաև հանրության լայն շերտերի համար:

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեց կիսվելու հայաստանյան միգրացիոն փորձառությամբ, գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ և համապատասխանաբար ստանալու նաև տեղեկություններ Ցանցի գործունեության, կառուցվածքի և փորձառության մասին: «Այս հանդիպումը կարևոր է և' մեզ համար` հասկանալու Եվրոպական միգրացիայի ցանցին միանալու առավելությունները, դիտորդի կարգավիճակի առանձնահատկությունները, և' ձեզ համար` ծանոթանալու հայաստանյան փորձին, պատկերացում կազմելու մեր միգրացիայի և ապաստանի համակարգի վերաբերյալ»,-ասաց նա:

Եվրոպական միգրացիոն ցանցը անհրաժեշտության դեպքում արդյունավետ համագործակցային կապեր է ստեղծում ԵՄ անդամ երկրների և Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ այլ երկրների միջև:

Եվրոպական միգրացիայի ցանցի ներկայացուցիչ Ադոլֆո Սոմմարիբասը իր հերթին պատրաստակամություն հայտնեց անմիջական և թափանցիկ համագործակցություն հիմնելու համար: «Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ որքան սերտ, անմիջական և արագ են գործընկերների միջև շփումները, այնքան արդյունավետ է ստացվում համագործակցությունը: Ուստի մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերն ու փոխանակվելու փորձով, որպեսզի կայուն աշխատանքային կապեր ստեղծենք»,-ասաց նա:

Հանդիպումը կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի ղեկավար Քարել Հոֆթրան ևս կարևորեց դետալային քննարկումը՝ փորձի երկկողմ փոխանակման և անհրաժեշտ փաստերի արձանագրման համատեքստում:

2021 թ-ին Վրաստանն ու Մոլդովան Ցանցին միացել են որպես դիտորդներ:

 

ՄԾ պետ Ա.Ղազարյանը մասնակցում է ամենամյա միգրացիոն համաժողովին Վիեննայում

Հրապարակված է հոկ 20, 21

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Ավստրիայում է՝ մասնակցելու Վիեննայի 2021թ. միգրացիոն ամենամյա համաժողովին, որն այս տարի անցկացվում է  «Միգրացիոն գործընկերության վերանայում. մարտահրավերներ, հնարավորություններ և ռազմավարություններ» խորագրով։

Համաժողովին մասնակցում են ավելի քան 150 քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ մասամբ առցանց, մասամբ ներկա գտնվելով միջոցառմանը։

Փաստելով, որ միգրացիոն քաղաքականությունների ոլորտում արձանագրվել են մի շարք գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են ՔՈՎԻԴ-19 համավարակը, Աֆղանստանից տեղահանումները, գործընթացների թվայնացումը, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը կազմակերպել է այս լայնամասշտաբ քննարկումը՝ վերլուծելու ոլորտի միտումները երկարաժամկետ կտրվածքով, դերակատարների փոփոխությունները, մարտահրավերներին դիմակայելու, առավել ակտուալ ու խորքային լուծումներ գտնելու, համագործակցության ամրապնդման և առաջնահերթությունների վերասահմանման հարցերը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՄՔԶՄԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Շպինդելեգերը, ով շեշտեց հետ-քովիդի ժամանակաշրջանում այն մարտահրավերները, որոնք ակնկալվում են առաջիկայում, մասնավորապես զարգացած երկրներում աշխատանքային միգրանտների անհրաժեշտությունը, փոփոխվող ժողովրդագրական իրավիճակը, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ առաջ եկող միգրացիոն խնդիրները:

Համաժողովի մեկնարկին ելույթով հանդես եկավ նաև Ավստրիայի ներքին գորխերի նախարար Կարլ Նեհամմերը, ով շեշտեց միգրանտների ծագման երկրներում, ինչպես նաև տրանզիտի երկրներում խնդիրների առաջնային կարգավորման անհրաժեշտությունը:

Ա․Ղազարյանը Վիեննայում հանդիպել է ՄՄԿ ներկայաուցիչների հետ

Հրապարակված է հոկ 19, 21

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում, հանդիպել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՄՄԿ տարածաշրջանային միգրացիոն առողջության խորհրդատու Խայմե Կալդերոն, Իմիգրացիայի և սահմանների կառավարման ավագ փորձագետ Պիեռ Ռոսի Լոնգիի, Աշխատանքային միգրացիայի և մարդկային զարգացման ավագ փորձագետ Մայքլ Նյուսոնը, Քաղաքականության և կապի փորձագետ Ամր Թահան։

Կողմերը քննարկել են հայաստանյան միգրացիոն ոլորտի բարեփոխումները, մասնավորապես օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը 2022 թ-ի հունվարի մեկից, ինչպես նաև նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ ամենամասշտաբայինն են լինելու Հայաստանի համար միգրացիայի ոլորտում։

Ա․Ղազարյանն ընդգծել է, որ ներկայացված գործընթացներում ՄՄԿ հայաստանյան գրասենյակը գործուն աջակցություն է ցուցաբերում, և սերտ համագործակցությունը նպաստում է համատեղ աշխատանքների իրականացմանը բարձր արդյունավետությամբ։

ՄՄԿ փորձագետները կիսվել են իրենց փորձառությամբ ինչպես իմիգրացիոն հոսքերի կառավարման, այնպես էլ մասնավորապես աշխատանքային միգրացիայի ոլորտի կանոնակարգերի մասով, փոխանակվել են կարծիքներով, պայմանավորվածություն ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ։

Ա․Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Հրապարակված է հոկ 14, 21

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, մասնավորապես ոլորտին առնչվող հնարավոր համատեղ գործնական ծրագրեր, ինչպես նաև անդրադարձ եղավ Հայաստանի միգրացիոն իրավիճակին, Ծառայության գործառույթներին, ընթացիկ ծրագրերին։

Ա․ Ղազարյանը ներկայացրեց նաև ոլորտում բարեփոխումների ծրագրերը, որոնք վերաբերում են միգրացիայի ինստիցիոնալ համակարգի փոփոխություններին, թվայնացման գործընթացին, ապաստանի նոր կացարանի կառուցմանը։