Եվրոպական միգրացիոն ցանցի տարեկան համաժողովին

Հրապարակված է հուն 22, 22

Հայաստանի միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը Փարիզում մասնակցում է Եվրոպական միգրացիոն ցանցի տարեկան համաժողովին, որը կազմակերպում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության օտարեկրացիների հարցերով գլխավոր գրասենյակի կողմից և նվիրված է կամավոր վերադարձի և վերաինտեգրման աջակցելու հարցերին։

Համաժողովում քննարկվող թեմաների առանցքում ԵՄ և ԵՄ անդամ չհանդիսացող երկրների մոտեցումները և եվրոպական համակարգման հարցերն են։

Համաժողովը կազմակերպված է չորս թեմատիկ բաժանմամբ․

  • ԵՄ քաղաքական և ֆինանսական շրջանակը,
  • Ուղղորդված կամավոր վերադարձի և վերաինտեգրման սխեմաների ավելի լավ փոխըմբռնում և գործակցություն,
  • Կամավոր վերադարձը խթանող մարտահրավերների և նորարարական փորձառության քարտեզագրում,
  • Վերաինտեգրման ծրագրեր, դեպի կայուն վերաինտեգրում:

Այս ձևաչափով հանդիպումը միավորում է քաղաքականություն մշակողներին, գործնական աշխատակիցներին՝ մասնագետներին, հետազոտողներին, հասարակական կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին՝ ազգային և եվրոպական մակարդակներում։ Այն փորձի կառուցողական փոխանակման հարթակ ծառայելու նպատակ ունի:

Հ․ Չոբանյանը ներկայացրել է Հայաստանի վերաինտեգրման փորձը՝ պետական ծրագիրը, որն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ, ծրագրի շրջանակում կուտակված փորձը՝ շահառուների թիվը, բաշխվածությունը՝ ըստ վերադարձի երկրների, կարիքների ընդհանուր նկարագրությունը, ինչպես նաև ծրագրի ուղղորդիչ-խորհրդատվական և բնակվարձի փոխհատուցման բաղադրիչները։ Ոլորտի պատասխանատուն նշել է նաև, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը աջակցում է նաև Ուկրաինայից վերադարձող ՀՀ քաղաքացիներին, ովքեր համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին․ ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անդամ կամ ընտանիքը բազմազավակ է, ունի 4 կամ ավելի երեխաներ։

Համաժողովի շրջանակում այսօր ևս հանդիպում կա նախատեսված, որը նվիրված է Եվրոպական միգրացիոն ցանցի անդամ պետությունների ներկայացուցիչների գործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

 

Այսօր փախստականների համաշխարհային օրն է․2022-ի դրությամբ աշխարհում բռնի տեղահանված է ավելի քան 100 միլիոն մարդ

Հրապարակված է հուն 20, 22

Աշխարհում այսօր՝ հունիսի 20-ին, նշվում է Փախստականների համաշխարհային օրը։

Ըստ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) «Գլոբալ միտումների» տարեկան զեկույցի՝ 2021 թվականի վերջի դրությամբ պատերազմի, բռնության, հալածանքների և մարդու իրավունքների խախտումների հետևանքով տեղահանվածների թիվը կազմել է 89,3 միլիոն, ինչը 8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կրկնապատկվել է 10 տարի առաջ գրանցված ցուցանիշի համեմատ:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2021 թ-ին 23 երկրներ՝ ընդհանուր 850 միլիոն բնակչությամբ, բախվել են միջին կամ բարձր ինտենսիվության հակամարտությունների․ նշված է ՄԱԿ ՓԳՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Փախստականների (փախստականի իրավական կարգավիճակ ունեցողների) թիվը 2021 թվականին աճել է՝ հասնելով 27,1 միլիոնի։ Տեղահանվածների թիվը, ի թիվս այլ երկրների, բարձրացել է Ուգանդայում, Չադում և Սուդանում: Փախստականների մեծ մասը կրկին հյուրընկալվում է հարևան՝ սակավ ռեսուրսներով երկրներում: Ապաստան հայցողների թիվը հասել է 4,6 միլիոնի՝  ավելանալով 11 տոկոսով:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ բռնության և կոնֆլիկտների հետևանքով տեղահանության ծավալները տարեցտարի աճում են, մինչդեռ  տեղահանված անձանց խնդիրների ուղղությամբ դեռ բավարար լուծումներ չկան, մասնավորապես վերադարձի, վերաբնակեցման կամ տեղում ինտեգրման հնարավորությունները։ Այնուամենայնիվ որոշ դրական միտումներ արձանագրվել են․փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի ցուցանիշը 2021 թ-ին աճել է, 71 տոկոսով էլ աճել է կամավոր հայրենադարձության ցուցանիշը՝ մնալով այնուամենայնիվ փոքր։

Փախստականության համաշխարհային միտումների վերաբերյալ ընդհանուր պատկերացում տալու նպատակով ներկայացնում ենք նաև որոշ տվյալներ և փաստեր ՄԱԿ ՓԳՀ-ի գլոբալ զեկույցից․

  • 2022 թվականի մայիսի դրությամբ ավելի քան 100 միլիոն մարդ ամբողջ աշխարհում բռնի տեղահանված է հակամարտությունների, բռնությունների, մարդու իրավունքների խախտումների կամ հասարակական կարգը լրջորեն խախտող իրադարձությունների պատճառով:
  • 2021 թվականի վերջի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 89,3 միլիոն, որը ներառում է.
    • 27,1 միլիոն փախստական, որից
      • 21,3 միլիոն փախստական՝ ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո,
      • 5,8 միլիոն պաղեստինցի փախստական՝ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) մանդատի ներքո;
  • 53,2 մլն ներքին տեղահանված անձ,
  • 4,6 մլն ապաստան հայցողներ,
  • 4,4 միլիոն տեղահանված վենեսուելացիներ։

2021 թվականին տեղահանված անձանց վերաբերյալ․

  • Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները հյուրընկալել են տեղահանվածների 83 տոկոսին,
  • Ամենաքիչ զարգացած երկրները ապաստան են տրամադրել ընդհանուր թվի 27 տոկոսին:
  • 72 տոկոսն հանգրվանել է իր ծագման երկրին հարևան երկրներում,
  • Փախստականների ամենամեծ ծավալը մեկ շնչի հաշվով ընդունել է Լիբանանը (1-ը 8-ի), որին հաջորդում են Հորդանանը (1-ը 14-ի) և Թուրքիան (1-ը 23-ի):
  • Տեղահանված փախստականների և վենեսուելացիների ավելի քան երկու երրորդը (69 տոկոս) եկել է ընդամենը հինգ երկրից՝ Սիրիա (6,8 միլիոն), Վենեսուելա (4,6 միլիոն), Աֆղանստան (2,7 միլիոն), Հարավային Սուդան (2,4 միլիոն) և Մյանմար (1,2 միլիոն):
  • 2021 թ-ին 1,4 միլիոն նոր ապաստանի հայց է ներկայացվել աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եղել է աշխարհում նոր անհատական ​​դիմումների ամենամեծ ստացողը (188,900), որին հաջորդում են Գերմանիան (148,200), Մեքսիկան (132,700), Կոստա Ռիկան (108,500) և Ֆրանսիան (90,200):
  • 2021 թվականին 5,7 միլիոն տեղահանված անձ վերադարձել է ծագման երկիր, այդ թվում՝ 5,3 միլիոն ներքին տեղահանվածներ և 429,300 փախստականներ։

 

ՄԱԿ ՓԳՀ-ի այս տարվա մամուլի հաղորդագրությունը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/news/press/2022/6/62a9d2b04/unhcr-global-displacement-hits-record-capping-decade-long-rising-trend.html

ՄԱԿ ՓԳՀ-ի «Գլոբալ միտումների» զեկույցը տարբեր լեզուներով հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/unhcr-global-trends-2021-media-page.html

Զանգվածային լրատվության միջոցների համար օգտակար կոնտակտներ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/international-media-contacts.html#media-contacts

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է․ փախստականության հայաստանյան փորձառությունը

Հրապարակված է հուն 20, 22

Հունիսի 20-ն աշխարհում նշվում է՝ որպես Փախստականների համաշխարհային օր։ Ներկայացնում ենք փախստականության համատեքստում հայաստանյան փորձառությունը։

Ընդհանուր միտումներ ապաստանի համակարգ

Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։ 2022 թ-ի հունվար-մարտ ժամանակահատվածում Միգրացիոն ծառայությունը (ՄԾ) ապաստանի հայցեր է ստացել աշխարհի 13 երկրներից՝ Ուկրաինա, Իրան, Իրաք, Կուբա, Լիբանան, Սիրիա և այլն։  Վերջին տասը տարիների ՀՀ-ը փախստականի կարգավիճակ է տրամադրել ավելի քան 1500 ապաստան հայցողների։ Վերջին 5 տարիներին ՄԾ-ը տարեկան միջինը 220 ապաստանի հայց է ստանում։

Արցախից տեղահանվածներ

Ծառայությունը 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին իրականացրել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրում, մշակում և, ըստ աշխատանքային անհրաժեշտության, այլ գերատեսչությունների է տրամադրում։ Տվյալները հավաքագրվել են տնայցերի միջոցով՝ Երևանում քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության տարածքային աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մարզերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչների միջոցով: Էլեկտրոնային շտեմարանում գրանցվել են մոտ 91 հազար անձանց տվյալներ՝ 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ:

Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների բնակապահովման ծրագիր

ՄԾ-ն իրականացնում է Կառավարության 2019-ի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ մեկնարկած բնակարանային ապահովման ծրագիրը՝ 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած փախստական ընտանիքների համար: Բնակարանի գնման վկայականներ են տրամադրվել 270 ընտանիքների՝ 3.7 մլրդ. դրամի ընդհանուր արժողությամբ։ Նրանցից մոտ 200 ընտանիքներ (ԲԳՎ ստացածների շուրջ 75 տոկոսը) արդեն իսկ ձեռք է բերել բնակարան։

2022 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 283-Ն որոշումը, որով կմեկնարկի ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։ Ըստ 2013 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մարզերում ծրագրի հավակնորդ շահառու են հանդիսանում 254 ընտանիքներ։ Ներկայումս ընթանում է մարզերում բնակվող հավակնորդ շահառուների վերահաշվառման գործընթացը։

         

         

Հղումներ

Միգրացիոն ծառայության՝ փախստականների ինտեգրմանն ուղղված աշխատանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://migration.am/general_information

Ապաստանի համակարգը բնութագրող վիճակագրական ցուցանիշները հասանելի են հետևյալ հղումով՝ http://migration.am/statistics

Փախստականների օրվան նվիրված տեղեկատվական նյութեր առկա են նաև ՄԾ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/media/set/?set=a.2398027603590868&type=3

Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրեց Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

Հրապարակված է մայ 20, 22

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումին՝ կարևորելով ֆորումի ձևաչափը՝ որպես Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի և Փախստականների մասին գլոբալ դաշնագրերի ընդունումից ի վեր միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելու և գլոբալ ջանքերը միավորելու հնարավորություն:

Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանը առաջին անգամ 2020 թ-ին և երկրորդ անգամ այս տարի հաստատել է իր ազգային կամավոր զեկույցը՝ Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ դաշնագրի կատարման վերաբերյալ: «Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում երկու դաշնագրերով սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ՝ բարելավելով միգրացիայի կառավարումն ու տեղահանված անձանց պաշտպանությունը»,- ընդգծեց Արմեն Ղազարյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը ներկայացրեց, որ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացված լայնածավալ ծրագրերից մեկն ուղղված է փախստականի ձգձգված իրավիճակում հայտնված անձանց բնարանային ապահովման խնդրին՝ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով: «Միևնույն ժամանակ մենք բախվել ենք տեղահանության ևս մեկ ալիքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ դրսևորված ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով: Արցախից տեղահանվածներից նշանակալի թվով  անձինք ապահով վերադարձի հնարավորություն կարող է չունենան՝ նույնիսկ հիմա՝ հրադադարի հաստատումից հետո»,- նշեց Արմեն Ղազարյանը՝ հավելելով Կառավարության կողմից ձեռնարկված աջակցության միջոցառումների մասին և շեշտելով, որ այս առումով Հայաստանի ջանքերը միանգամայն համընկնում են երկու դաշնագրերին՝ ամրապնդելով փախստականների ինքնուրույնությունը ու ընդունող հասարակություններում սոցիալական համերաշխությունը: Նա հատուկ կարևորեց միջազգային հանրության ներգրավվածությունն ու աջակցությունն այս համատեքստում:

Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությանը Հայաստանի վրա և ձեռնարկված միջոցառումներին, մասնավորապես միգրացիայի ոլորտում, ինչպես նաև այս համատեստքում արձանագրված վերադարձի միգրացիոն հոսքին:

Այնուհետև նա ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում գործընթացների թվայնացման միտումները Հայաստանում՝ անդրադառնալով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության և այդ հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար գործարկված միասնական էլեկտրոնային հարթակին: Ղազարյանը շեշտեց, որ այն համահունչ է դաշնագրով սահմանած նպատակներին՝ դյուրացնել անհրաժեշտ փաստաթղթերին հասանելիությունը, ապահովել կանոնավոր միգրացիայի ուղիները և կանխարգելել թրաֆիքինգը:

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բազմակողմանի ջանքերի և մարդու իրավունքների վրա հիմնված լուծումների ուղղությամբ՝ միգրացիայի և շարժունության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու առումով»,- եզրափակեց իր խոսքը Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ընդհանուր քննարկման ժամանակ անդրադարձ կատարելով ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների արձագանքին՝ Միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ միգրացիային առնչվող ֆորումը այդ եզրույթի միտումների ու զարգացումների քննարկումների հարթակ է, այլ ոչ թե քարոզչության վերարտադրության վայր՝ ամբողջությամբ մերժելով նման դրսևորումները:

Գործատուների հետ քննարկվեց workpermit.am կայքի աշխատանքը

Հրապարակված է ապր 19, 22

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության և Միգրացիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ հատկանշական է, որ նորաստեղծ հարթակում մեկտեղվել են տարբեր պետական գերատեսչությունների գործառույթներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել ոլորտին առնչվող այլ պետական մարմինների գործակցությունը կազմակերպել էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով թղաբանությունը և հեշտացնելով շփումը գործատուների հետ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը կարևորեց միջազգային գործընկերների աջակցությունը կատարված բարեփոխումների գործում, մասնավորապես Միգրացիայի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի դերը։ «Միասնական էլեկտրոնային հարթակն արդեն չորրորդ ամիսն է՝ գործարկվել է, սակայն մի շարք գործոններով պայմանավորված՝ այսօր ենք ներկայացնում համակարգի մեկնարկն ու միաժամանակ նրա եռամսյա գործունեության արդյունքները»,-ասաց նա՝ հավելելով, որ գործատուների գոհունակությունը, առաջարկներն ու նկատառումները կարևոր են Հարթակի ուղղությամբ շարունակական աշխատանքներ կատարելու տեսանկյունից և որ նմանօրինակ հանդիպումները հենց այդ նպատակին են ծառայում։

«ՄՄԿ-ի նպատակն է աջակցել աշխատանքային միգրացիայի համակարգի բարելավմանը՝ բարելավելով աշխատանքի թույլտվության տրամադրման մեխանիզմները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Հուսով ենք, որ այս եղանակով մենք նպաստում ենք միգրանտների իրավունքների պաշտպանությանը և կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ բոլորի»,-նշեց ՄՄԿ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։

2022 թ-ի հունվարի 1-ից գործարկված https://workpermit.am/  կայքի միջոցով Միգրացիոն ծառայությունն արդեն ստացել է մոտ 700 հայտ, գրանցվել են մոտ 250 գործատուներ, տրամադրվել է ավելի քան 260 ժամանակավոր կացության կարգավիճակ և ավելի քան 170 բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ ԵԱՏՄ քաղաքացիներին։

Հարթակի միջոցով օտարերկրացի աշխատակից ներգրավելու ցանկություն ունեցող  գործատուներն ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են թեկնածուին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ։

  • Գործընթացն սկսում է գործատուի առցանց գրանցումով։
  • Այնուհետև լրացվում է թափուր աշխատատեղի նկարագիրը։
  • Մինչ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննում է աշխատատեղը օտարերկրացիով լրացնելու հայտը, Գործատուն լրացնում է օտարերկրացու տվյալները։
  • Գերատեսչական հաստատումներից հետո օտարերկրացին իր էլ․փոստի հասցեին ստանում է ծանուցում՝ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Գործընթացի ավարտին օտարերկրացին պետք է մոտենա Միգրացիոն ծառայություն՝ ստանալու փաստաթուղթը։

Մինչև 2022 թ-ի հունվարի 1-ը այս գործընթացն իրականացվում էր 2 մասով: Գործատուն մոտենում էր ԱՍՀՆ՝ աշխատանքի թույլտվության դիմում ներկայացնելու համար: Այն ստանալուց հետո օտարերկրացին մոտենում էր Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու համար: Ողջ գործընթացը տևում էր մինչև 3 ամիս: 2022 թ-ի հունվարի 1-ից նշված 2 բաղադրիչները իրականացվում են միաժամանակ, ամբողջությամբ էլեկտրոնային, դյուրացված վարչարարությամբ և կրճատված ժամկետում: Ողջ գործընթացը տևում է մինչև մեկ ամիս:

Միջոցառման երկրորդ հատվածում գործատուները ներկայացրին իրենց նկատառումներն ու առաջարկները, ՄԾ աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի պետ Վարդան Մաթևոսյանը պատասխանեց հնչեցված հարցերին։

ՌԴ-ն խստացրել է միգրացիոն օրենսդրությունը

Հրապարակված է փետ 23, 22
2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է  անցնեն  դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն
  1. 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները պետք է՝

  2. հանձնեն  մատնահետք
  3. անցնեն լուսանկարում
  4.  անցնեն  բժշկական հավաստագրում

 

 

Ինչպես  է  կատարվում  մատնահետք  վերցնելը

Ավանդական եղանակով –տպարանային ներկ օգտագործմամբ

Էլեկտրոնային եղանակով – սկաների  օգնությամբ (առկայության  դեպքում)

 

Ի՞նչ փաստաթղթեր են տրամադրվում ընթացակարգերը անցնելուց հետո և որքան է փաստաթղթի գործողության ժամկետը։

Ընթացակարգի արդյունքների հիման վրա տրամադրվում է մատնահետքի հաշվառման և լուսանկարահանման ընթացակարգերի անցումը հավաստող փաստաթուղթ: Տրվում է թղթային լամինացված քարտ կամ էլեկտրոնային պահոցով պլաստիկ քարտ, որը կարող է օգտագործվել 10 տարի ժամկետով:

Կարևոր  է  իմանալ

Մատնահետքի հաշվառման և լուսանկարահանման ընթացակարգերը  հավաստող փաստաթղթի տրամադրումն իրականացվում է միայն Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալների բազայում տեղեկությունները վերբեռնելու փաստի հաստատումից հետո, որը կարող է տևել մեկ օր կամ ավելի:  Դա  նշանակում  է   որ  կարող  է պահանջվել  երկրորդ  այցելություն  փաստաթոըղթը  վերցնելու համար, ինչն  էլ իր  հերթին նշանակում  է   որ  պետք  չէ  այս  գործընթացը անցնել վերջին օրը 

 

Ի՞նչ անել, եթե տրված փաստաթղթերը կորել կամ վնասվել են։

Պարտադիր մատնահետքի գրանցման և լուսանկարահանման անցումը հաստատող փաստաթղթի կորստի կամ վնասման դեպքում պետք է դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմնի ցանկացած միգրացիոն ստորաբաժանում, որտեղ կտրվի նոր փաստաթուղթ:

 

 

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում  օրենքի պահանջները չկատարելու համար։

 

Պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում և բուժզննում չանցած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կկայացվի ՌԴ ում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշում։

ՌԴում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշման, ինչպես նաև միգրացիոն հարցերով զբաղվող տարածքային մարմին ներկայանալու մասին քաղաքացուն տեղյակ են պահում մեկ օրվա ընթացքում կամ հեռախոսազանգի կամ էլ. փոստի կամ սովորական փոստի միջոցով։

Միաժամանակ քաղաքացուն տեղյակ են պահում, որ նա պետք է լքի ՌԴ տարածքը ՌԴում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշման կայացման օրվանից 3 օրվա ընթացքում։

 

ՌԴ տարածքից չհեռանալու, ՌԴ տարածքը չլքլեու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության՝ վարչական տուգանքի և  ՌԴ տարածքից արտաքսման տեսքով, ինչը ենթադրում է ՌԴ մուտք գործելու 5 տարվա արգելք։

 

 

ՌԴ որոշ շրջաններում բժշկական զննում անցնելու համար անհրաժեշտ կլինի դիմել միանգամից մի քանի բժշկական հաստատություններ՝ մեկը թմրամոլության բացակայության, մյուսը՝ ինֆեկցիոն հիվանդությունների, երրորդը՝ ՄԻԱՎ վարակի բացակայությունը հաստատելու համար:

 

Բժշկական հետազոտությունների արժեքը սահմանում է  այն անցկացնող  բժշկական հաստատությունը։ Օրինակ  Մոսկվայում  այն կազմում  է 4100 ռուբլի, իսկ շրջաններում  կարող  է հասնել մինչև  9000 ռուբլու։

 

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում բժշկական զննություն անցնելու համար։

Բժշկական զննություն անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ;

2) միգրացիոն քարտը և դրա պատճենը:

 

Կարևոր  է  իմանալ

Թեև պաշտոնապես  այլ  փաստաթղթի պահանջ  սահմանված  չէ,  սակայն  կարող  է  անհրաժեշտ լինել  ներկայացնելու  հաշվառման (регистрация)  վերաբերյալ  ձևաթուղթը:

 

 

Ինչ ժամկետներում  է  իրականացվում   բժշկական  զննությունը

Բժշկական զննությունը իրականացվում է բժշկական հաստատություն դիմելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամանակահատվածում: Բացառիկ դեպքերում (թմրանյութեր և հոգեմետ նյութեր օգտագործելու կասկածի  դեպքում) ընթացակարգը կարող  է  տևել  մինչև 18 աշխատանքային օր:

 

Ինչ  փաստաթղթեր  են տրամադրվում   բժշկական հավաստագրման արդյունքում

Բժշկական զննության հիման վրա քաղաքացուն ստորագրությամբ տրվում է բժշկական եզրակացություն և

 ՄԻԱՎ վարակի բացակայության վերաբերյալ տեղեկանք։ Տեղեկանքը չի տրվում, եթե քաղաքացու մոտ ախտորոշվում է ՄԻԱՎ վարակ:

 

Բժշկական եզրակացությունը տրամադրվում է 2 օրինակից, մեկը տրամադրվում է քաղաքացուն, երկրորդը պահվում է բժշկական կազմակերպությունում 5 տարի: Բժշկական եզրակացության կորստի դեպքում անհրաժեշտ է դիմել  ըստ բնակության հասցեի բժշկական հաստատություն, այն կրկին ստանալու համար:

Բժշկական եզրակացությունը և ՄԻԱՎ վարակի բացակայության մասին տեղեկանքը պետք է ներկայացնել մատնահետքերի հաշվառումն ու լուսանկարումն իրականացնող պաշտոնատար անձի։

          Կարևոր  է  իմանալ

Քանի  որ բժշկական  թղթերը  ներկայացվում  են  ՆԳՆ  մարմիններին,  անհրաժեշտ  է ունենալ  դրանց  պատճենները,  այդ  փաստաթղթերի  գործողության ժամկետներին  հետևելու նպատակով

 

Բժշկական եզրակացությունը և ՄԻԱՎ վարակի բացակայության մասին տեղեկանքը (բժշկական փաստաթղթերը) վավեր են դրանց տրամադրման օրվանից 3 ամսվա ընթացքում  նոր  փոփոխությամբ  1 տարվա   ընթացքում

 

Որքա՞ն հաճախ պետք է անցնել այդ ընթացակարգերը։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնումը և լուսանկարումը իրականացվում է մեկ անգամ՝ առանց պետական ​​տուրքերի գանձման՝ անկախ ՌԴ մուտքի/ելքի քանակից։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթակարգերը անցնելուց հետո, Ռուսաստանի տարածքով տեղաշարժվելու դեպքում, դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը  կրկին անցնել չի պահանջվում:

 

 Կարևոր է իմանալ՝

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր փոխել են իրենց անձնական տվյալները (ազգանուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, սեռ, քաղաքացիություն) պետք է կրկին անցնեն և դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառումն և լուսանկարումը։ Նշվածը տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառումն և լուսանկարումը անցնելուց հետո ամուսնացել  և փոխել են ազգանունը, նրանք Ռուսաստան հաջորդ մուտքի ժամանակ պետք է կրկին անցնեն վերոնշյալ ընթացակարգերը:

 

Որտե՞ղ կարող են օտարերկրացիները անցնել պետական դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառում և լուսանկարում։

 

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը օտարերկրացիները անցնում են ըստ բնակության հասցեի/գտնվելու վայրի Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններում  կամ նրա ենթակա տարածքային ստորաբաժանումներում։

 

Մոսկվայի դեպքում դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթակարգերը օտարեկրացիները կարող են անցնել Սախարովի անվան բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնում (ք. Մոսկվա, Վարշավսկոյե խճուղի 1, շ. 47):

 

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը անցնելու համար։

 

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթակարգերը  անցնելու համար օտաերկրացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը'

Անձը հաստատող փաստաթուղթ և դրա ռոսերեն թարգմանությունը նոտարական վավերացմամբ. ՄԻԱՎ վարակի բացակայության վերաբերյալ տեղեկանք բժշկական զննություն ընթացակարգերը անցնելու վերաբերյալ հավաստող փաստաթղթեր։ Սա նշանակում է, որ մինչև դակտիլոսկոպիկ /մատնահետք/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը անցելու համար դիմելը նախ անհրաժեշտ է անցնել բժշկական զննությունը: օրինական ներկայացուցչի ինքնությունը հավաստող և նրա լիազորությունները հավաստող փաստաթղթեր' 6-18 տարեկան երեխաների, անգործունակ անձանց  և սահմանափակ գործունակություն ունեցող  անձանց դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման դեպքում։ Ծնողների դեպքում նման  փաստաթղթերն  են՝  իրենց  անձնագրերը և  երեխայի ծննդյան վկայականը՝ նոտարական վավերացմամբ  փաստաթղթի ռուսերեն  թարգմանությունը գտնվելու վայրում գրանցումը հաստատող փաստաթղթերը (регистрация): Սա  նշանակում  է  որ  մինչև  մատնահետքի հանձնումը  և  լուսանակարումը  անհրաժեշտ  է կանգնել հաշվառման

Իրենց  վրա  այս  գործընթացներով  անցնելու պարտավորությունը  չի  տարածվում

 

6.Մինչև  օրենքի  ուժի  մեջ  մտնելը  այս  ընթացակարգերով  անցած  քաղաքացիներ

Այդ օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն  դիմել ՆԳՆ տարածքային  ստորաբաժանում ըստ փաստացի բնակության հասցեի և ստանալ  պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառումն ու լուսանկարումը հաստատող փասատաթուղթ։

 

 

Ինչ  է  իր  մեջ  ներառում  բժշկական հավաստագրումը

-քիմիկա –թունաբանական  հետազոտությունների  անցկացում  օրգանիզմում  թմրանյութերի, կամ  հոգեմետ  նյութերի  կամ հոգեակտիվ  նյութերի առկայությունը բացահայտելու նպատակով։  Այս  նյութերի  ցանկը   հաստատված  է ՌԴ  կառավարության   1998թ. որոշմամբ  և  ներառում  է  մի  քանի հարյուր  միջոցներ։ Այս  հետազոտություններն  անցնում  են 13  տարեկան  և  դրանց  բարձր տարիքի  անձինք

- հետազոտությունների  անցկացում շրջապատի համար  վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացահայտման նպատակով։  Այս  հիվանդությունների ցանկը հաստատված  է ՌԴ  առողջապահության  նախարարության 2015թ. հրամանով  և  ներառում  է  հետևյալ հիվանդությունները.

1) թոքախտ.

2) բորոտություն (Հանսենի հիվանդություն);

3) սիֆիլիս

4) ՄԻԱՎ

5) COVID-19 -  նոր  հրամանով՝ 2022թ. փետրվարի  21-ի  հանվել  է  ցանկից

 

Որտե՞ղ են օտարերկրացիները անցնում բուժզննում։

 

Բժշկական հետազոտությունն իրականացվում է  Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր սուբյեկտի կողմից  հաստատված բժշկական կազմակերպությունների կողմից:

 

Աշխատանքային  միգրանտներ- պայմանագրի  հիման վրա  աշխատող

Նրանց  ընտանիքների  անդամներ

Ուսանողներ

Իրենք  պարտավոր  կլինեն  անցնել  այս  ընթացակարգերով  միայն  այն դեպքում,  երբ  մեկնեն  ՌԴ-ից  և  նորից  մուտք  գործեն  ՌԴ

Խորհուրդ  է  տրվում  նախօրոք անցնել այս ընթացակարգը՝ չսպասելով Ռուսաստանի Դաշնությունից մեկնելուն հետագայում խնդիրներից խուսափելու համար։

 

 

ՌԴ-ում բնակության  ժամանակավոր թույլտվություն (РВП)  և  բնակության  թույլտվություն  (Вид  на  жительство)  ունեցող  քաղաքացիներ

աշխատանքային միգրանտի  ընտանիքի  անդամներ

ուսանողներ

կամ  այլ նպատակով  90  օրից  ավել մնացողներ

անհրաժեշտ  է  անցնել ընթացակարգերը 90  օրացույցային օրվա  ընթացքում՝ ՌԴ  մուտքի  օրվանից  հաշված

 

Մինչև  2021թ. դեկտեմբերի  29-ը  ՌԴ  մուտք  գործած   ՀՀ  քաղաքացիները  ովքեր  դեկտեմբերի 28-ից  հետո  դուրս  չեն  եկել  ՌԴ-ից

Ովքեր  միգրացիոն քարտում նշել  են  աշխատանք  նպատակը

Պետք  է  անցնեն  ընթացակարգերը   ՌԴ  մուտք գործելու օրվանից  հաշված  30 օրացույցային օրվա  ընթացքում

 

Երկարաժամկետ՝  90  օրից  ավել  ժամկետով, բայց ոչ  աշխատելու նպատակով  ՌԴ  մուտք  գործողներ

Մասնավոր  այց

Գործնական այց

Բուժում և  այլն

Ընթացակարգերը  անցնել  չի  պահանջվում

 

Աշխատելու նպատակով  ՌԴ  մեկնողներ 

 

Կարճաժամկետ՝  մինչև 90  օր  ժամկետով  ՌԴ  մեկնողներ

 

Քաղաքացիների  խմբերը

Կարճաժամկետ՝  մինչև 90  օր  ժամկետով  ՌԴ  մեկնողներ Աշխատելու նպատակով  ՌԴ  մեկնողներ  Երկարաժամկետ՝  90  օրից  ավել  ժամկետով, բայց ոչ  աշխատելու նպատակով  ՌԴ  մուտք  գործողներ Մինչև  2021թ. դեկտեմբերի  29-ը  ՌԴ  մուտք  գործած   ՀՀ  քաղաքացիները  ովքեր  դեկտեմբերի 28-ից  հետո  դուրս  չեն  եկել  ՌԴ-ից ՌԴ-ում բնակության  ժամանակավոր թույլտվություն (РВП)  և  բնակության  թույլտվություն  (Вид  на  жительство)  ունեցող  քաղաքացիներ Մինչև  օրենքի  ուժի  մեջ  մտնելը  այս  ընթացակարգերով  անցած  քաղաքացիներ

 

Ովքե՞ր են ազատվում պարտադիր ընթացակարգերը անցնելուց։

Բելառուսի Հանրապետության քաղաքացիները, Մինչև 6 տարեկան երեխաները Միգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք ՌԴում  օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և  վարչական և տեղեկատվական անձնակազմը

Կայացավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը

Հրապարակված է նոյ 10, 21

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներ։

Ողջույնի խոսք ասացին ՄԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը և վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագրի ղեկավար Անկե Մերթենսը։

Ի․ Դավթյանը հակիրճ անդրա­դարձավ ոլորտի քաղաքականութ­յան հիմնախնդիրներին, ներկայացրեց «ՀՀ միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2022-2032 թվականների ռազմավարության» նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց փաստաթղթով ամրագրված հիմնական ռազմավարական նպատակներն ու ուղղությունները։

ՄՔՄՄԿ կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց 2021թ-ի հուլիս- հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են միգրացիոն ծառայության մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացմանը։

«ERRIN Հայաստան» ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց ՄԾ աշխատակազմի հետ վերապատրաստման  և շահառուների հետ տարվող հոգեբանական աշխատանքները։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT ARMENIA» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը մանրամասն ներկայացրին ծրագիրը, որն ուղղված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության տնօրեն Հյուգ Գեբհարթը և OFII-ի կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրի պատասխանատու Վարդուհի Միքայելյանը ներկայացրին գրասենյակի աշխատանքները Հայաստանում, ինչպես նաև Ֆրանսիայից Հայաստան կամավոր վերադարձած քաղաքացիներին աջակցող ծրագրի շրջանակներում հաջողված պատմությունների վերաբերյալ տեսաշար։

Հանդիպման մասնակիցների միջև տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում կատարված վերջին փոփոխություններն ու ընթացիկ զարգացումները։

 

Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը

Հրապարակված է հոկ 25, 21

Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակազմը` Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր ընդունեց Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության` դիտորդի կարգավիճակով Ցանցին միանալու հնարավորությունը:

Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008 թ-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելն է և ապահովելը անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն`  Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Ցանցը կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու նաև հանրության լայն շերտերի համար:

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեց կիսվելու հայաստանյան միգրացիոն փորձառությամբ, գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ և համապատասխանաբար ստանալու նաև տեղեկություններ Ցանցի գործունեության, կառուցվածքի և փորձառության մասին: «Այս հանդիպումը կարևոր է և' մեզ համար` հասկանալու Եվրոպական միգրացիայի ցանցին միանալու առավելությունները, դիտորդի կարգավիճակի առանձնահատկությունները, և' ձեզ համար` ծանոթանալու հայաստանյան փորձին, պատկերացում կազմելու մեր միգրացիայի և ապաստանի համակարգի վերաբերյալ»,-ասաց նա:

Եվրոպական միգրացիոն ցանցը անհրաժեշտության դեպքում արդյունավետ համագործակցային կապեր է ստեղծում ԵՄ անդամ երկրների և Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ այլ երկրների միջև:

Եվրոպական միգրացիայի ցանցի ներկայացուցիչ Ադոլֆո Սոմմարիբասը իր հերթին պատրաստակամություն հայտնեց անմիջական և թափանցիկ համագործակցություն հիմնելու համար: «Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ որքան սերտ, անմիջական և արագ են գործընկերների միջև շփումները, այնքան արդյունավետ է ստացվում համագործակցությունը: Ուստի մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերն ու փոխանակվելու փորձով, որպեսզի կայուն աշխատանքային կապեր ստեղծենք»,-ասաց նա:

Հանդիպումը կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի ղեկավար Քարել Հոֆթրան ևս կարևորեց դետալային քննարկումը՝ փորձի երկկողմ փոխանակման և անհրաժեշտ փաստերի արձանագրման համատեքստում:

2021 թ-ին Վրաստանն ու Մոլդովան Ցանցին միացել են որպես դիտորդներ:

 

ՄԾ պետ Ա.Ղազարյանը մասնակցում է ամենամյա միգրացիոն համաժողովին Վիեննայում

Հրապարակված է հոկ 20, 21

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Ավստրիայում է՝ մասնակցելու Վիեննայի 2021թ. միգրացիոն ամենամյա համաժողովին, որն այս տարի անցկացվում է  «Միգրացիոն գործընկերության վերանայում. մարտահրավերներ, հնարավորություններ և ռազմավարություններ» խորագրով։

Համաժողովին մասնակցում են ավելի քան 150 քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ մասամբ առցանց, մասամբ ներկա գտնվելով միջոցառմանը։

Փաստելով, որ միգրացիոն քաղաքականությունների ոլորտում արձանագրվել են մի շարք գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են ՔՈՎԻԴ-19 համավարակը, Աֆղանստանից տեղահանումները, գործընթացների թվայնացումը, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը կազմակերպել է այս լայնամասշտաբ քննարկումը՝ վերլուծելու ոլորտի միտումները երկարաժամկետ կտրվածքով, դերակատարների փոփոխությունները, մարտահրավերներին դիմակայելու, առավել ակտուալ ու խորքային լուծումներ գտնելու, համագործակցության ամրապնդման և առաջնահերթությունների վերասահմանման հարցերը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՄՔԶՄԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Շպինդելեգերը, ով շեշտեց հետ-քովիդի ժամանակաշրջանում այն մարտահրավերները, որոնք ակնկալվում են առաջիկայում, մասնավորապես զարգացած երկրներում աշխատանքային միգրանտների անհրաժեշտությունը, փոփոխվող ժողովրդագրական իրավիճակը, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ առաջ եկող միգրացիոն խնդիրները:

Համաժողովի մեկնարկին ելույթով հանդես եկավ նաև Ավստրիայի ներքին գորխերի նախարար Կարլ Նեհամմերը, ով շեշտեց միգրանտների ծագման երկրներում, ինչպես նաև տրանզիտի երկրներում խնդիրների առաջնային կարգավորման անհրաժեշտությունը:

Ա․Ղազարյանը Վիեննայում հանդիպել է ՄՄԿ ներկայաուցիչների հետ

Հրապարակված է հոկ 19, 21

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում, հանդիպել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՄՄԿ տարածաշրջանային միգրացիոն առողջության խորհրդատու Խայմե Կալդերոն, Իմիգրացիայի և սահմանների կառավարման ավագ փորձագետ Պիեռ Ռոսի Լոնգիի, Աշխատանքային միգրացիայի և մարդկային զարգացման ավագ փորձագետ Մայքլ Նյուսոնը, Քաղաքականության և կապի փորձագետ Ամր Թահան։

Կողմերը քննարկել են հայաստանյան միգրացիոն ոլորտի բարեփոխումները, մասնավորապես օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր հարթակի գործարկումը 2022 թ-ի հունվարի մեկից, ինչպես նաև նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները, որ ամենամասշտաբայինն են լինելու Հայաստանի համար միգրացիայի ոլորտում։

Ա․Ղազարյանն ընդգծել է, որ ներկայացված գործընթացներում ՄՄԿ հայաստանյան գրասենյակը գործուն աջակցություն է ցուցաբերում, և սերտ համագործակցությունը նպաստում է համատեղ աշխատանքների իրականացմանը բարձր արդյունավետությամբ։

ՄՄԿ փորձագետները կիսվել են իրենց փորձառությամբ ինչպես իմիգրացիոն հոսքերի կառավարման, այնպես էլ մասնավորապես աշխատանքային միգրացիայի ոլորտի կանոնակարգերի մասով, փոխանակվել են կարծիքներով, պայմանավորվածություն ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ։