Վերադարձի և վերաինտեգրման ոլորտը՝ 2021 թ-ին

Հրապարակված է հուն 11, 22

Ռեադմիսիոն հայցերի վիճակագրություն

Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում 2021թ-ին ստացվել են 785  ռեադմիսիոն հայցեր՝ 1354 անձանց մասին: Ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%):

 

Վերաինտեգրման աջակցության պետական ծրագիր

ՀՀ Կառավարության 2021թ․ մայիսի 6-ին N 706-Լ որոշմամբ ՀՀ Կառավարության 2020թ․ մարտի 19-ի N 336-Լ «Հայաստանի Հանրապետության վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակացության պետական ծրագրի» մասին որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որի արդյունքում ընդլայնվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուների շրջանակը։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում հարկադիր, առանձին դեպքերում՝ նաև կամավոր վերադարձողներին։

ՀՀ Կառավարության կողմից 2021թ․ մայիսի 6-ին N 336-Լ որոշման փոփոխության արդյունքում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում այժմ կարող են դիմել ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, ովքեր կհամապատասխանեն հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝

1) բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող).

2) հաշմանդամություն ունեցող անձինք։

Ծրագրի շրջանակում՝ 2021թ․  ընթացքում Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից ընդունվել է 25 դիմում, որի արդյունքում 21 դիմում բավարարվել է, 4-ը՝ մերժվել։ Շահառուները Գերմանիայից (12), ՌԴ-ից (4), Շվեդիայից (2), Ֆրանսիայից (1),Ավստրիայից (1) և Շվեյցարիայից (1) են։ Ընդ որում, 4-ը կամավոր են վերադարձել, 17-ը՝ հարկադիր։ Ընդհանուր առմամբ բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել է 66 անձ՝ 21 շահառու։

Վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ վերադարձող հատուկ կարիքներ ունեցող շահառուներին օդանավակայանից դիմավորելու, իրենց կարիքներին համապատասխան հաստատություններում տեղավորելու ուղղությամբ։

Միգրացիոն ծառայություն դիմած շահառուներին տրամադրվել է տեղեկատվություն ՀՀ օրենսդրական դաշտի, պետական կառավարման համապատասխան հիմնարկների ու վերադարձողների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ կազմակերպությունների գործունեության մասին։ Ծառայության աշխատակիցները Հայաստան վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման հարցաթերթի միջոցով վարել են հարցազրույց՝ վեր հանելով շահառուների հիմնական կարիքները, իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները շահառուներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։ Շահառուներին ներկայացվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը ինչպես Միգրացիոն ծառայությունում, այնպես էլ տնայցերի կամ հեռախոսազանգերի միջոցով։ Բնակվարձի փոխհատուցման գումարը նպատակային օգտագործելը պարզելու համար՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել է ծրագրի շահառուների ամենամսյա մշտադիտարկում՝ հեռախոսազանգերի միջոցով։

 

Հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրեր և կիրարկման արձանագրություններ

Ծառայությունն ակտիվորեն մասնակցել է միգրացիայի հարցերով միջազգային համաձայնագրերի, մասնավորապես` հետընդունման (ռեադմիսիայի) մի շարք միջպետական համաձայնագրերի նախապատրաստման և կնքման գործընթացներին: 2013թ.-ի ապրիլի 19-ին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական  Միության միջև  առանց  թուլտվության  բնակվող անձանց   հետընդունման (ռեադմիսիայի) մասին»  համաձայնագրի շրջանակներում 2021թ.-ի ընթացքում կիրարկման երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել  Լեհաստանի Հանրապետության (հոկտեմբերի 29-ին) և Լիտվայի Հանրապետության (հունիսի 15-ին) հետ։  2021թ․ հոկտեմբերի 8-ին ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը։

 

Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի աշխատանքներ

2021թ․ ընթացքում Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնա­խնդիրներով զբաղվող կազմակերպություն­ների ֆորումի երեք հանդիպում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան վերադարձի և վերաինտեգրման հետ կապված խնդիրներ, դրանց լուծմանը միտված քայլեր, ոլորտի պետական քաղաքականության հետ կապված հարցեր։ Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են արձանա­գրութ­յուն­ների մեջ, որտեղ, բացի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերի ներկայացումից, ամփոփվել են նաև ֆորումի անդամ հանդիսացող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրերում 2021թ․ ընթացքում տեղի ունեցած վերջին զարգացումները, փոփոխություններն ու առաջիկա անելիքները։

 

Միջազգային համագործակցություն

  • Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Միգրացիոն Քաղաքականության Միջազգային Կենտրոնի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի հզորացման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT ARMENIA) ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել մարտի 15-ին: Ընտրվել է ծրագրի կրթական փուլի իրականացման գործընկերը՝ «ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամը։ Կազմակերպվել է հանրային իրազեկման լայնածավալ արշավ։ Իրականացվել են 12 մարզային և համայնքային իրազեկման այցեր։ Մինչև նոյեմբերի 30-ը ծրագիրն ստացել է 126 հայտադիմում: Ներկայում կատարվում է հայտադիմումների նախնական ուսումնասիրում ու հեռախոսային հարցազրույցներ դիմորդների հետ, ինչի հիման վրա կառանձնացվեն ուսումնական փուլի մասնակիցները: Ուսումնական փուլի մեկնարկը նախատեսվում է 2022թ. հունվարից: Դասընթացին առանց բացակայությունների մասնակցած, քննությունը հաջողությամբ հանձնած ու մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած բիզնես-պլան մշակած 25-30 մասնակիցները կդառնան ծրագրի շահառու և ծրագրի կողմից հատկացվելիք 2.000-10.000 եվրո չափի դրամաշնորհի (և նույն չափի սեփական ներդրման)  օգնությամբ հնարավորություն կստանան հիմնել կամ ընդլայնել սեփական գործը:
  • 2021թ-ին ավարտվեց ՀՀ և ԵՄ և Ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) վավերացման գործընթացը և մարտի 1-ից այն ամբողջովին ուժի մեջ մտավ։ Համաձայնագրի  3-րդ մասի 14 և 15-րդ հոդվածները վերաբերում են «Միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման հարցերի վերաբերյալ համագործակցությանը, անձանց տեղաշարժին և հետընդունմանը»։
  • Միգրացիոն ծառայության կողմից աշխատանքներ են տարվում Եվրոպական միգրացիոն ցանցին (ԵՄՑ) դիտորդի կարգավիճակով միանալու ուղղությամբ: Այն Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և համայնքային կառույցների պատկան մարմինների հետ։ Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008 թ-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը  և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելն է`  Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Հոկտեմբերի 25-ին ԵՄՑ հետ համագործակցության տեսլականը և Հայաստանի՝ դիտորդի կարգավիճակով Ցանցին միանալու հնարավորությունը քննարկելու նպատակով Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությունը այցելեց Հայաստան։ Ներկայումս ընթացքի մեջ է Հայաստանի կողմից Ցանցին միանալու գործընթացը։
  • Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի շրջանակում «Վերաինտեգրման» բաղադրիչին ավելացած 2-րդ՝ «Կարողությունների զարգացման» բաղադրիչը մեկնարկեց հուլիսի 1-ից և աշխատանքներում ներգրավվեց հոգեբան, որը հոգեբանական խորհրդատվություն է տրամադրել ինչպես Ծառայության շահառուներին, այնպես էլ աշխատել է քաղաքացիներին սպասարկող մասնագետների հետ։  Վերջիններս վերապատրաստվել են նաև հաղորդակցության հմտությունների զարգացման ուղղությամբ։  «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021թ-ի դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։

Միջոցառումներ, հանդիպումներ

  • Հոկտեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցավ ՄՄԿ Միգրացիայի մասին Միջազգային երկխոսության (IOM’s International Dialogue on Migration (IDM)) երկրորդ առցանց նիստը՝ «Արձագանքելով ճգնաժամերին ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում» թեմայով՝ ՄԾ պետի մասնակցությամբ։
  • Նոյեմբերի 15-16-ը ՄԾ և ՄՄԿ հայաստանյան առաքելության համատեղ ջանքերով՝ Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի շրջանակում  կազմակերպվել էր «Վերադարձը, վերաինտեգրումը և աշխատանքային միգրացիան նոր կորոնավիրուսային համավարակի համատեքստում» թեմայով տարածաշրջանային երկրորդ թեմատիկ առցանց ձևաչափով համաժողովը, որն այս տարի հյուրընկալում էր Հայաստանը։  
  • Նոյեմբերի 29-ին կայացել է «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստը՝ ՄԾ պետի մասնակցությամբ։
  • Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՄՄԿ «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի համակարգող մարմնի 2-րդ նիստը, որին մասնակցում էր նաև Միգրացիոն ծառայության պետը։
  • Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից (Ժնև) կազմակերպվել էր բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը: Միգրացիոն ծառայության պետն առցանց մասնակցեց հանդիպմանը։
  • Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Վիեննայի 2021թ. միգրացիոն ամենամյա համաժողովը, որն անցկացվում էր «Միգրացիոն գործընկերության վերանայում. մարտահրավերներ, հնարավորություններ և ռազմավարություններ» խորագրով։ Միգրացիոն ծառայության պետը Վիեննայում մասնակցել է համաժողովին։
  • Նոյեմբերի 22-ին Պրահյան գործընթացների անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացել է առցանց հանդիպում՝ նվիրված Նախարարական հռչակագրի և գործողությունների ծրագրի քննարկմանը, որը պետք է ընդունվի հաջորդ տարում՝ Նախարարական համաժողովի ընթացքում։ Նախարարական հռչակագրի և Պրահայի գործընթացի գործողությունների ծրագրի (2023-2027) տեքստերի աշխատանքային տարբերակները քննարկվել են Միգրացիոն ծառայությունում։
  • Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) բարձրաստիճան պաշտոնյաների 7-րդ կլոր սեղան քննարկումը՝ վերադարձի հարցերի վերաբերյալ։
  • 2021թ․ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական` 7-րդ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։

Օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրումը 2021 թ-ին

Հրապարակված է հուն 11, 22

2021 թվականի ընթացքում ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով Միգրացիոն ծառայություն են դիմել 254 օտարերկրացիներ և քաղաքացիություն չունեցող 1 անձ:

Ապաստան հայցող անձանց քաղաքացիության երկրներն են.

Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 121 անձ, Իրաքի Հանրապետություն՝ 51, Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ 27, Կուբայի Հանրապետություն՝ 11, Ռուսաստանի Դաշնություն՝ 6, Թուրքիա՝ 5, Վրաստանի Հանրապետություն՝ 5, Մյանմա՝ 4, Հորդանան՝ 4, Լիբանանի Հանրապետություն՝ 3, Չինաստան՝ 3, Ուկրաինա՝ 3, Հնդկաստան՝ 3, Ուզբեկստան՝ 1, Նիգերիա՝ 1, Պակիստան՝ 1, Եգիպտոս՝ 1, Կամերուն՝ 1, Թուրքմենստան՝ 1, Մոլդովա՝ 1, Աֆղանստան՝ 1։

Նրանցից 2021 թվականի ընթացքում ՀՀ-ում փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել 85 օտարերկրացի, ընդ որում՝ 1-ը ճանաչվել է փախստական, սակայն չի ստացել ապաստան:
Փախստականի կարգավիճակ չի տրամադրվել և ապաստանի տրամադրումը մերժվել է 63 օտարերկրյա քաղաքացու։

ՀՀ-ում ապաստան հայցողին փախստական չճանաչելու և ապաստանի տրամադրումը մերժելու մասին Միգրացիոն ծառայության 27 որոշումներ բողոքարկվել են ՀՀ վարչական դատարան: Բոլոր 27 հայցադիմումների վերաբերյալ ծառայության կողմից ներկայացվել են առարկություններ:

«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում տեղավորվել է 45 ապաստան հայցող օտարերկրացի: 
Կազմակերպվել է ՀՀ-ում ապաստան հայցող` «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում չտեղավորված 31 օտարերկրացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամական օգնության տրամադրում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու նպատակով:


Ապաստան հայցողների համար ապահովվել է 191 գրավոր և 287 բանավոր թարգմանչական ծառայությունների մատուցում:

օտարերկրացի աշխատակից վարձող գործատուներին

Հրապարակված է հուն 10, 22

Հարգելի՛ գործատուներ

 

Եթե դուք մինչև 31․12․2021թ․ հասցրել եք դիմել և ստանալ օտարերկրացի աշխատող ներգրավելու թույլտվություն, սակայն չեք հասցրել ներկայացնել օտարերկրացու համար աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման դիմում, ապա անհրաժեշտ է․

 

Քայլ 1․ Գրանցվել https://workpermit.am հարթակում (Գրանցման ընթացակարգը տե՛ս «Հարթակից օգտվողի ուղեցույցում»),

 

Քայլ 2․ Հարթակ մուտք գործելուց հետո բացել հիմնական մենյուն և ընտրել «Գործող կարգավիճակներ» տողը,

 

Քայլ 3. Բացված պատուհանում սեղմել «Ավելացնել նոր աշխատանք» կոճակը և լրացնել դիմումի դաշտերը.

 
  1. Աշխատատեղի և (կամ) պաշտոնի անվանումը,

  2. Պաշտոնի կոդը` ըստ պաշտոնների դասակարգչի (յոթանիշ կոդը),

  3. Աշխատանքային պայմանագրի գործողության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը),

  4. շխատանքային պայմանագրի գործողության ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը),

  5. Աշխատանքի թույլտվության տրամադրման ամսաթիվը,

  6. Աշխատանքի թույլտվության համարը,

  7. Աշխատանքի թույլտվության լուսապատճենը։

Դիմումի դաշտերը լրացնելուց հետո սեղմել «Հաստատել» կոճակը և բացված էջում լրացնել օտարերկրացու տվյալները.

  1. Եթե օտարերկրացին ունի ՀԾՀ, լրացրե՛ք այդ դաշտը և սեղմեք «Հաստատել» կոճակը։ Եթե օտարերկրացին դեռևս չունի ՀԾՀ, ապաակտիվացրեք «Ունի ՀԾՀ» դաշտում առկա նշումը։

  2. Եթե օտարերկրացին ունի ՀԾՀ, Հարթակը ինքնաշխատ կլրացնի հետևյալ դաշտերը.

    1. Օտարերկրացու անունը հայատառ,

    2. Օտարերկրացու ազգանունը հայատառ,

    3. Հայրանունը հայատառ,

    4. Օտարերկրացու անունը լատինատառ,

    5. Օտարերկրացու ազգանունը լատինատառ,

    6. Հայրանունը լատինատառ,

    7. Ծննդյան օր, ամիս, տարի,

    8. Սեռը։

  3. Եթե օտարերկրացին չունի ՀԾՀ, Կետ 2-ում բերված դաշտերը անհրաժեշտ է մուտքագրել՝ համաձայն անձնագրի և անձնագրի նոտարական կարգով հաստատված թարգմանության։

  4. Վերբեռնել Օտարերկրացու անձնագրի լուսապատճենը,

  5. Նշել օտարերկրացու քաղաքացիության երկիրը և մշտական բնակության երկիրը։ Եթե մշտական բնակության երկիրը չի տարբերվում քաղաքացիության երկրից, երկու դաշտում էլ անհրաժեշտ է կատարել նույն նշումը։

  6. Լրացնել Օտարերկրացու հասցեն մշտական բնակության երկրում։

  7. Ընտրել Օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մակարդակը,

  8. Վերբեռնել Օտարերկրացու հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը, եթե օտարերկրացու հետ դեռևս չի կնքվել աշխատանքային պայմանագիր, լրացնել, հաստատել և վերբեռնել «Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին պարտավորագիրը»՝ ձևանմուշը հասանելի է Հարթակի գլխավոր էջին։

  9. Մուտքագրել օտարերկրացու անձնագրի սերիան և համարը, անձնագրի տրամադրման ամսաթիվը և վավերականության ամսաթիվը,

  10. Լրացնել օտարերկրացու գործող էլ.փոստի հասցե․ սույն էլ.փոստի հասցեի հիմքով Հարթակը կգեներացնի օտարերկրացու օգտահաշիվը Հարթակում, որի անհրաժեշտությունը և գործառնական նշանակությունները տե՛ս «Հարթակից օգտվողի ուղեցույցում»։

  11. Ընտրել «Ստանալ կացության կարգավիճակ» տարբերակը,

  12. Վերբեռնել Պետական տուրքը վճարելու մասին անդորագրի լուսապատճենը և օտարերկրացու լուսանկարը։

  13. Սեղմել «Հաստատել» կոճակը։

Շենգավիթում 2021-ին տրամադրվել է 76 ԳԲՎ

Հրապարակված է հուն 10, 22

2021 թվականի ընթացքում փախստականների բնակարանային ապահովման ծրագրի 3 փուլերի շրջանակներում 116 շահառուներ բնակարանի գնման վկայագրերի միջոցով գնել են բնակարաններ։

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ին թիվ 697-Ն որոշմամբ  մեկնարկ է տրվել փախստականների բնակարանային ապահովման ծրագրի իրականացման 3-րդ փուլին՝ Շենգավիթ վարչական շրջանում բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված առաջնահերթ կարիքավոր ընտանիքների համար։ Այս քայլով կլուծվի  Շենգավիթում բնակվող շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին կհասցվի Երևան քաղաքում ծրագրի իրականացումը: Ծրագրի իրականացման համար  տրամադրվել է ավելի քան 2.1 մլրդ դրամ գումար: Երրորդ  փուլի  շրջանակներում՝ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ  տրամադրվել է 44 մեկ, 22 երկու,  8 երեք, 2 չորս սենյականոց բնակարանի ԲԳՎ: Այս փուլի շրջանակներում 13  շահառուներ իրացրել են իրենց տրամադրված ԲԳՎ-ները։

Հիշեցնենք, որ 2019 թ․ նոյեմբերի 21-ին  ՀՀ կառավարությունն ընդունել է թիվ 1666-Ն որոշումը, որով հաստատված ծրագիրը ուղղված է  լուծելու  1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և Երևան քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը՝ բնակարանների գնման վկայագրերի    տրամադրման միջոցով:

Ծրագիրն իրականացվում է փուլերով։  Ծրագրի առաջին փուլն  ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած  ընտանիքների  բնակարաններով ապահովման խնդրին։ 2021 թվականի ընթացքում ավարտի է հասցվել ծրագրի 1-ին փուլը և իրենց տրամադրված ԲԳՎ-ները  իրացրել  են  ծրագրի բոլոր 93  շահառուները (44-ը՝ 2021 թվականին)։

Ծրագրի երկրորդ փուլով բնակարանների գնման վկայագրեր են  տրամադրվել  Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող  շահառուներին։ Երկրորդ  փուլի  շրջանակներում՝ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, իրենց հատկացված ԲԳՎ-ները  իրացրել  են  59  շահառուներ։

 

ՀՀ-ում փախստական  ճա­նաչ­­­ված և  ապաստան ստա­ցած անձանց ինտեգրում

 

          2021 թ-ին ՀՀ-ում Փախստական են ճանաչվել և ապաստան են ստացել՝ 85, իսկ փախստականի կարգավիճակ է տրամադրվել, սակայն ապաստանը մերժվել է 1 օտարերկրյա քաղաքացու։

Փախստական ճանաչված 19 փախստական ընտանիքներին բնակարան վարձակալելու  նպատակով  60 000 ՀՀ դրամի չափով  9 ամիս տևողությամբ տրամադրվել է փոխհատուցում։

Նույն ժամանակահատվածում ՀՀ ՏԿԵՆ ՄԾ Հանրակացարաններ  ՊՈԱԿ-ի սպասարկման ենթակա Երևան քաղաքի Մոլդովական 29/1 հասցեի Ինտեգրման կենտրոն-ում սենյակներ են հատկացվել ՀՀ-ում նոր փախստական ճանաչված 8  ընտանիքների՝  16  անձանցով, իսկ ՀՀ Արարատի մարզի  Դարբնիկ համայնքի Անդրանիկի 4 հասցեում գտնվող սոցիալական  տանը  բնակարաններ են հատկացվել 3 ընտանիքների։  

 

Վերադարձողների համար տեղեկատվական կետ՝ օդանավակայանում

Հրապարակված է դեկ 30, 21

Միգրացիոն ծառայության և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021թ-ի դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։ Այդ նպատակով Միգրացիոն ծառայության կողմից պատրաստվել են 2 տեղեկատվական բնույթի նյութեր՝ Միգրացիոն ծառայության կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրի,  ինչպես նաև՝ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման աջակցության ծրագրերի մասին։

 

 

Ա․Ղազարյանը մասնակցեց EMERGE ծրագրի համակարգող մարմնի նիստին

Հրապարակված է դեկ 23, 21

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցեց ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի համակարգող մարմնի 2-րդ նիստին։

«Ծրագրի շրջանակում հետազոտվել է իմիգրացիոն հոսքերի վերաբերյալ հայկական մեդիա տիրույթը, և մենք անհամբերությամբ սպասում ենք վերլուծության արդյունքներին, քանի որ սա մեզ համար կարևոր է նաև օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր համակարգի ներդրման համատեքստում»,-ասաց Ա․ Ղազարյանը՝ նշելով նաև ծրագրի շրջանակում Հայաստանից կամավոր վերադարձի ուղղությամբ իրակացվող աշխատանքների մասին, մասնավորապես կարևորելով ոլորտի իրավական հիրմքերի ձևավորումն ու ամրապնդումը։

Ծառայության պետը ընդգծեց նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում վերաինտեգրման, վերադարձի և աշխատանքային միգրացիայի վերաբերյալ տարածաշրջանային երկրորդ թեմատիկ համաժողովի արդյունավետությունը, որն ընթացիկ տարում հաջողությամբ կազմակերպվել և անցկացվել է Երևանում նոյեմբերի 15-16-ը։

Ինտերակտիվ ամանորյա միջոցառում՝ փախստական երեխաների համար

Հրապարակված է դեկ 22, 21

Միգրացիոն ծառայության և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի աշխատակազմի համագործակցությամբ ՄԾ ինտեգրման կենտրոնում տեղի ունեցավ ինտերակտիվ ամանորյա միջոցառում՝ հանրակացարանային շենքերի և Հատուկ կացարանի բնակիչ երեխաների մասնակցությամբ:

Միջոցառումն անցավ հոգեբանի մասնակցությամբ, ով երեխաների հետ ակտիվ շփման միջոցով վեր հանեց նկատած հարցերը՝ հետագայում նրանց հետ աշխատանքները մասնագիտորեն շարունակելու նպատակով։

Երեխաները մասնագետների օգնությամբ պատրաստեցին տոնածառի ձեռագործ խաղալիքներ՝ տոնական զարդանախշերով։ Հյուրասիրության ընթացքում երեխաները հոգեբանին պատմեցին երազանքների, ապագա մասնագիտության վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, պատասխանեցին նրա հարցերին։

«Ճամպրուկ 2021»-ի շրջանակում պարգևատրվեցին 9 լրագրողներ

Հրապարակված է դեկ 18, 21

Միգրանտների միջազգային օրվա նախօրեին՝ դեկտեմբերի 17-ին, տեղի ունեցավ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

Ամփոփիչ արդյունքներով՝ 4 լրագրողներ ճանաչվեցին հաղթողներ, ևս 5 լրագրողներ արժանացան խրախուսական մրցանակների:

Առաջին հորիզոնականում EVN report լրատվական գործակալության լրագրող Գոհար Աբրահամյանի «Օդից կախված. երբեմնի արցախաբնակների ոդիսականը» նյութն էր. հեղինակն ստացավ 500 հազար դրամ՝ որպես մրցանակ, ինչպես նաև «Ճամպրուկ 2021» մրցույթի խորհրդանշական բրոնզեձույլ արձանիկը:

Երկորդ հորիզոնականում Անահիտ Հարությունյանի «Մեզ պակասեց խելքը, դասերը չսովորելը». արցախցի երեխաների մտքերը» նյութն էր՝ հրապարակված Մեդիամաքս լրատվական գործակալությունում: Հեղինակն ստացավ 400 հազար դրամ՝ որպես մրցանակ:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրին երկու հեղինակներ. Տաթև Հարությունյանը՝ «Առավոտ» թերթից՝ իր «Միգրացիոն իրավիճակը Հայաստանում՝ միֆեր և իրականություն. փաստերի ստուգում» նյութով և Արեն Մելիքյանը՝ իր «Անցակետ «Զվարթնոց» podcast» շարքով: Հեղինակները, որպես մրցանակ, ստացան 300 հազարական դրամ:

Խրախուսական մրցանակի արժանացան հետևյալ նյութերը՝

Խրախուսական մրցանակը կազմում էր 150 հազար դրամ:

«Ճամպրուկ 2021» լրագրողական մրցույթին ներկայացվել էին 2020 թ. նոյեմբերի 15-ից մինչեւ 2021 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մոտ 100 նյութեր՝ 44 հեղինակների կողմից՝ մոտ 40 տարբեր լրատվամիջոցներից` հետեւյալ թեմաներով.

  • ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում ՀՀ-ում.
  • միգրացիոն գործընթացներ և միգրանտներ.
  • տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։

 

«ՃԱՄՊՐՈՒԿ 2021» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։

 

ՄԾ աշխատակիցները մասնակցեցին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում. COVID-19 դարաշրջանում նոր միգրացիոն իրողություն» ֆորումին

Հրապարակված է դեկ 13, 21

Միգրացիոն ծառայության միգրացիոն ծրագրերի և մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը, Միգրացիոն ծառայության պետի օգնական Նելլի Դավթյանը և ՄԱԿ-ի բնակչութան հիմնադրամի ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-9-ը Մոսկվայում մասնակցեցին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում. COVID-19 դարաշրջանում նոր միգրացիոն իրողություն» խորագրով 13-րդ միջազգային ֆորումին։

ՄԱԿ-ի բնակչութան հիմնադրամի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված երկօրյա գործնական-ակադեմիական համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ կադրերի գծով պրոռեկտոր Վլադիմիր Մոռոզովը՝ կարևորելով միջոցառումը ինչպես ինստիտուստի ուսանողների համար, այնպես էլ միջազգային գործընկերների հետ համագործակցության տեսանկյունից։ Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ժողովրդագրական և միգրացիոն ֆակուլտետի ղեկավար Սերգեյ Ռյազանցևը ներկայացրեց աշխատըաժողովի հիմնական նպատակներն ու օրակարգերը։ Հնչեցին միգրացիայի և ժողովրդագրության թեմայով տարբեր զեկույցներ, իրենց գիտական աշխատանքները ներկայացրեցին մագիստրոսները։

Քննարկումների հիմնական թեմաները ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով արձանագրված գլոբալ միտումներն էին միգրացիայի կառավարման ոլորտում, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի կրճատում, զուգահեռաբար սահմանների փակման և կառավարման համատեքստում նույնական քաղաքականության բացակայության պայմաններում միգրանտներին առնչվող խնդիրների սրացում, անմիջականորեն միգրանտների վրա ազդող մի շարք սահմանափակումներ, պատվաստանյութերի փոխճանաչման և ՔՈՎԻԴ-19 թեսթավորման տարբեր կանոնակարգեր, ակադեմիական շարժունության կրճատում, աշխատաշուկաների փոխակերպումներ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, միաժամանակ միգրանտների դերի փոփոխություն զբաղվածության համակարգում:

Ըստ ներկայացված զեկույցների՝ համավարակի ազդեցությունը միգրացիայի կառավարման ոլորտում ավելի քիչ դրական ազդեցություն ունի (օրինակ, հեռավար արտասահմանյան կրթության պարագայում կրթական միգրանտի վերադարձի քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը վերանում է), ավելի շատ՝ բացասական: Այս ազդեցությունները դրսևորվում են ինչպես էմիգրացիոն, այնպես էլ իմիգրացիոն հոսքերի ուղղությամբ: Էմիգրացիոն հոսքերի ուղղությամբ հիմնականում տեղեկատվական և հյուպատոսական հավելյալ ծառայությունների մատուցման կարիք է առաջանում, իմիգրացիոն հոսքերի ուղղությամբ՝ կոնկրետ կանոնակարգերի ներմուծման:

Քննարկված առողջապահական բնույթի մի շարք հարցերի թվում  էին իմիգրանտների, այդ թվում՝ փախստականների և ապաստան հայցողների հասանելիությունը պատվաստանյութերին, ինչպես նաև վարակից բուժումը, ինչը առաջարկվում էր կանոնակարգել առողջական ապահովագրության միջոցով:  

          Աշխատաժողովի մասնակիցները փաստեցին նաև, որ համավարակով պայմանավորված համաշխարհային միտում է նաև տնտեսության թվայնացման տեմպերի բազմապատկումը, դրան զուգահեռ աշխատանքային միգրացիայի հնարավորությունների սահմանափակումը: Արդյունքում, շատ միգրանտներ թվային տնտեսության մեջ ադապտացվելու և ինքնաիրացվելու խնդիր ունեցան: Համավարակի պայմաններում սահմանների կառավարման ոլորտում ևս շատ երկրներ կիրառում են թվային գործիքներ, որոնց հասանելիությունը միգրանտներին ապահովելը ևս համակարգային լուծում է պահանջում:

          Միջոցառման մասին մանրամասն տեղեկություններ հասանելի են  https://idrras.ru/news/2021/december/migration-bridges-in-eurasia-2021.html հղումով։