Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրների շուրջ այսօր տեղի ունեցավ ոլորտի կազմակերպությունների ֆորումի հերթական` 13-րդ հանդիպումը:
Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նկատեց, որ եռամսյակային պարբերականությամբ կազմակերպվող այս ֆորումները արդյունավետ ձևաչափ է տեղեկություններով փոխանակվելու համար: «Բավականին նյութ է կուտակվել այս ընթացքում, որով փոխանակվելը օգտակար կլինի ոլորտում մեր ջանքերն ավելի արդյունավետ իրականացնելու համար»,-ասաց նա:
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրան ևս կարևորեց հանդիպումը՝ նշելով, որ ՄՔՄՄԿ-ն ներկայացնելու կարևոր նյութեր ունի, այդ թվում Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) հայաստանյան ծրագրի ամփոփումը, EU4Impact ծրագրի ընթացքը և նոր ծրագիրը վերադարձի ուղղությամբ, որ մեկնարկելու է առաջիկայում:
Կլինիկական հոգեբանության դոկտոր, ERRIN ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց իրականացրած աշխատանքները ինչպես Միգրացիոն ծառայության աշխատակազմի ուղղությամբ՝ վիկարային տրավմա, սահմանի պահպանում շահառուի հետ և այլն, այնպես էլ վերադարձող միգրանտների հետ՝ թերապիայի կուրսեր, խորհրդատվություն:
ERRIN ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց ծրագրի աջակցությամբ իրականացված փորձագիտական, հետազոտական աշխատանքները և դասընթացների շարքը՝ ուղղված Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի կարիքներին և կարողությունների զարգացմանը:
«Հայկական Կարիտաս» կազմակերպության վերադարձի ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրեց Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FrontEx) կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագիրը, որը մեկնարկել է շուրջ երկու ամիս, սակայն դեռ աշխատակազմի վերապատրաստման փուլն է, և շահառուների ընդունելությունը կսկսվի առաջիկայում: Ծրագիրը Հայաստանում կիրականացվի 3 տարի ժամկետով, մեկ տարի երկարացվելու հնարավորությամբ, յուրաքանչյուր տարի մինչև 375 ընտանիքի աջակցելու ներուժով: «Աջակցության փաթեթը նման է նախկին ծրագրերի ներառումներին՝ սոցիալական, իրավական, բիզնեսի հիմնման աջակցություն՝ ըստ կարիքի»,-նշեց նա:
Ֆորումին մասնակցում էին վերադարձի գործընթացներում ներգրավված պետական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից, միջազգային գործընկերները՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, Միգրացիայի միջազգային կազմակերպությունից, Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակից (OFII), ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Մարդը կարիքի մեջ, Հայկական Կարիտաս: