Հայաստանում նոր միջազգային միգրացիոն ծրագրեր կիրականացվեն

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պորտֆոլիոյի ղեկավար Վիոլետա Վագներին և կազմակերպության հայաստանյան թիմի ղեկավար Կարել Հոֆսթրային։

Կողմերը վերագնահատեցին երկկողմ երկարատև կայուն համագործակցությունը, դրա արդյունավետությունն ու շարունակականության կարևորությունը։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանն անդրադարձավ Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագրի շրջանակում Միգրացիոն ծառայությունում մատուցվող ծառայություններին, ինչպես նաև ծրագրի աշխատակազմի համագործակցությանը ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի հետ։

Միջազգային գործընկերները ներկայացրին Հայաստանում իրենց կողմից իրականացվող նոր ծրագրի մեկնարկը (EMICS), որով ևս կաջակցեն Միգրացիոն ծառայության կարողությունների զարգացանը։ Վ․ Վագները հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում կանցկացվի ամփոփ դասընթաց՝ Միգրացիոն գործընկերության  հնարավորություններից (MPF) օգտվելու վերաբերյալ, որին կարող են մասնակցել և՛ պետական, և՛ հասարակական հատվածի ներկայացուցիչները։

Անդրադարձ եղավ նաև «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT ARMENIA» ծրագրի ընթացքին, ինչպես նաև Աբովյան քաղաքում ապաստան հայցողների նոր հատուկ կացարանի կառուցման աշխատանքներին, որի ֆինանսավորումը միջազգային գործընկերներն իրականացնում են ՄՔՄՄԿ-ի միջոցով։

Շատ դիտվածներ