ՄԾ աշխատակիցները մասնակցեցին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում. COVID-19 դարաշրջանում նոր միգրացիոն իրողություն» ֆորումին

Միգրացիոն ծառայության միգրացիոն ծրագրերի և մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը, Միգրացիոն ծառայության պետի օգնական Նելլի Դավթյանը և ՄԱԿ-ի բնակչութան հիմնադրամի ժողովրդագրական ծրագրերի ղեկավար Աննա Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-9-ը Մոսկվայում մասնակցեցին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում. COVID-19 դարաշրջանում նոր միգրացիոն իրողություն» խորագրով 13-րդ միջազգային ֆորումին։

ՄԱԿ-ի բնակչութան հիմնադրամի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված երկօրյա գործնական-ակադեմիական համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ կադրերի գծով պրոռեկտոր Վլադիմիր Մոռոզովը՝ կարևորելով միջոցառումը ինչպես ինստիտուստի ուսանողների համար, այնպես էլ միջազգային գործընկերների հետ համագործակցության տեսանկյունից։ Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ժողովրդագրական և միգրացիոն ֆակուլտետի ղեկավար Սերգեյ Ռյազանցևը ներկայացրեց աշխատըաժողովի հիմնական նպատակներն ու օրակարգերը։ Հնչեցին միգրացիայի և ժողովրդագրության թեմայով տարբեր զեկույցներ, իրենց գիտական աշխատանքները ներկայացրեցին մագիստրոսները։

Քննարկումների հիմնական թեմաները ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով արձանագրված գլոբալ միտումներն էին միգրացիայի կառավարման ոլորտում, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի կրճատում, զուգահեռաբար սահմանների փակման և կառավարման համատեքստում նույնական քաղաքականության բացակայության պայմաններում միգրանտներին առնչվող խնդիրների սրացում, անմիջականորեն միգրանտների վրա ազդող մի շարք սահմանափակումներ, պատվաստանյութերի փոխճանաչման և ՔՈՎԻԴ-19 թեսթավորման տարբեր կանոնակարգեր, ակադեմիական շարժունության կրճատում, աշխատաշուկաների փոխակերպումներ ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, միաժամանակ միգրանտների դերի փոփոխություն զբաղվածության համակարգում:

Ըստ ներկայացված զեկույցների՝ համավարակի ազդեցությունը միգրացիայի կառավարման ոլորտում ավելի քիչ դրական ազդեցություն ունի (օրինակ, հեռավար արտասահմանյան կրթության պարագայում կրթական միգրանտի վերադարձի քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը վերանում է), ավելի շատ՝ բացասական: Այս ազդեցությունները դրսևորվում են ինչպես էմիգրացիոն, այնպես էլ իմիգրացիոն հոսքերի ուղղությամբ: Էմիգրացիոն հոսքերի ուղղությամբ հիմնականում տեղեկատվական և հյուպատոսական հավելյալ ծառայությունների մատուցման կարիք է առաջանում, իմիգրացիոն հոսքերի ուղղությամբ՝ կոնկրետ կանոնակարգերի ներմուծման:

Քննարկված առողջապահական բնույթի մի շարք հարցերի թվում  էին իմիգրանտների, այդ թվում՝ փախստականների և ապաստան հայցողների հասանելիությունը պատվաստանյութերին, ինչպես նաև վարակից բուժումը, ինչը առաջարկվում էր կանոնակարգել առողջական ապահովագրության միջոցով:  

          Աշխատաժողովի մասնակիցները փաստեցին նաև, որ համավարակով պայմանավորված համաշխարհային միտում է նաև տնտեսության թվայնացման տեմպերի բազմապատկումը, դրան զուգահեռ աշխատանքային միգրացիայի հնարավորությունների սահմանափակումը: Արդյունքում, շատ միգրանտներ թվային տնտեսության մեջ ադապտացվելու և ինքնաիրացվելու խնդիր ունեցան: Համավարակի պայմաններում սահմանների կառավարման ոլորտում ևս շատ երկրներ կիրառում են թվային գործիքներ, որոնց հասանելիությունը միգրանտներին ապահովելը ևս համակարգային լուծում է պահանջում:

          Միջոցառման մասին մանրամասն տեղեկություններ հասանելի են  https://idrras.ru/news/2021/december/migration-bridges-in-eurasia-2021.html հղումով։

Ալբոմ
Ըստ թեգերի