ՄԾ պետ Արմեն Ղազարյանը Գերմանիայի գործընկերների հետ քննարկել է ռեադմիսիոն համագործակցությունը

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բիլեֆելդ նահանգի օտարերկրացիների հարցերով կենտրոնական իշխանության ղեկավար Տորստեն Բյոլինգի հետ:

Հայաստանյան միջգերատեսչական պատվիրակությունը նոյեմբերի 9-11-ը Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության  բնակվող  անձանց   հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի շրջանակում աշխատանքային մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Կողմերն այդ համատեքստում անդրադարձել են տարատեսակ տեխնիկական հարցերի, տարվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քննարկել են հնարավոր տարբերակներ, գնահատել երկկողմ փորձառությունը միգրացիոն համագործակցության առումով, ինչպես նաև ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Հայաստանի կատարողականը, որը գերմանական կողմը խիստ բարձր է գնահատել: ՄԾ պետ Ա. Ղազարյանն ընդգծել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկի կարևորությունը ՀՀ-ի համար:

Այցի շրջանակում ՄԾ պետը հանդիպել է նաև Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագրի ղեկավար Մանֆրեդ Հեյնելին: Կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի համագործակցության առթիվ, արձանագրել են հայաստանյան ծրագրի երկարացման կարևորությունը: Ա. Ղազարյանը ներկայացրել է վերաինտեգրման առաջնային աջակցության պետական ծրագրի երկու տարվա արդյունքները, ընդգծել կազմակերպության (ERRIN) աջակցությամբ ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակազմին վերապատրաստելու արդյունավետությունը:

Հայկական պատվիրակությանը ողջունելու էին եկել նաև Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Կողմերը կարևորել են պարբերական աշխատանքային քննարկումների անհրաժեշտությունը, միգրացիոն երկկողմ գործընթացներում փորձի փոխանակումը, հարաբերությունների շարունակական զարգացումը, ինչպես նաև համավարակով և այլ հանգամանքներով պայմանավորված վերադարձի ոլորտում առաջացած մարտահրավերների հաղթահարման ուղիները:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և ԵՄ-ի  միջև ռեադմիսիայի մասին  համաձայնագիրը  ստորագրվել է  2013թ.-ի ապրիլի 19-ին, և  ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերի համար հնարավոր է դարձել փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր   կանոնակարգված վերադարձի կազմակերպման համար:

 

Ըստ թեգերի