Կայացավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներ։

Ողջույնի խոսք ասացին ՄԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը և վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագրի ղեկավար Անկե Մերթենսը։

Ի․ Դավթյանը հակիրճ անդրա­դարձավ ոլորտի քաղաքականութ­յան հիմնախնդիրներին, ներկայացրեց «ՀՀ միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2022-2032 թվականների ռազմավարության» նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց փաստաթղթով ամրագրված հիմնական ռազմավարական նպատակներն ու ուղղությունները։

ՄՔՄՄԿ կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց 2021թ-ի հուլիս- հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են միգրացիոն ծառայության մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացմանը։

«ERRIN Հայաստան» ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց ՄԾ աշխատակազմի հետ վերապատրաստման  և շահառուների հետ տարվող հոգեբանական աշխատանքները։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT ARMENIA» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը մանրամասն ներկայացրին ծրագիրը, որն ուղղված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության տնօրեն Հյուգ Գեբհարթը և OFII-ի կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրի պատասխանատու Վարդուհի Միքայելյանը ներկայացրին գրասենյակի աշխատանքները Հայաստանում, ինչպես նաև Ֆրանսիայից Հայաստան կամավոր վերադարձած քաղաքացիներին աջակցող ծրագրի շրջանակներում հաջողված պատմությունների վերաբերյալ տեսաշար։

Հանդիպման մասնակիցների միջև տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում կատարված վերջին փոփոխություններն ու ընթացիկ զարգացումները։

 

Շատ դիտվածներ