ՄԾ պետ Ա.Ղազարյանը մասնակցում է ամենամյա միգրացիոն համաժողովին Վիեննայում

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն աշխատանքային այցով Ավստրիայում է՝ մասնակցելու Վիեննայի 2021թ. միգրացիոն ամենամյա համաժողովին, որն այս տարի անցկացվում է  «Միգրացիոն գործընկերության վերանայում. մարտահրավերներ, հնարավորություններ և ռազմավարություններ» խորագրով։

Համաժողովին մասնակցում են ավելի քան 150 քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ մասամբ առցանց, մասամբ ներկա գտնվելով միջոցառմանը։

Փաստելով, որ միգրացիոն քաղաքականությունների ոլորտում արձանագրվել են մի շարք գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են ՔՈՎԻԴ-19 համավարակը, Աֆղանստանից տեղահանումները, գործընթացների թվայնացումը, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը կազմակերպել է այս լայնամասշտաբ քննարկումը՝ վերլուծելու ոլորտի միտումները երկարաժամկետ կտրվածքով, դերակատարների փոփոխությունները, մարտահրավերներին դիմակայելու, առավել ակտուալ ու խորքային լուծումներ գտնելու, համագործակցության ամրապնդման և առաջնահերթությունների վերասահմանման հարցերը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՄՔԶՄԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Շպինդելեգերը, ով շեշտեց հետ-քովիդի ժամանակաշրջանում այն մարտահրավերները, որոնք ակնկալվում են առաջիկայում, մասնավորապես զարգացած երկրներում աշխատանքային միգրանտների անհրաժեշտությունը, փոփոխվող ժողովրդագրական իրավիճակը, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ առաջ եկող միգրացիոն խնդիրները:

Համաժողովի մեկնարկին ելույթով հանդես եկավ նաև Ավստրիայի ներքին գորխերի նախարար Կարլ Նեհամմերը, ով շեշտեց միգրանտների ծագման երկրներում, ինչպես նաև տրանզիտի երկրներում խնդիրների առաջնային կարգավորման անհրաժեշտությունը:

Ըստ թեգերի